Լրահոս
Օրվա լրահոսը

Գետերը կրկին կեղտոտ են

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Սյունիքի մարզկենտրոն Կապանի միջով հոսող 2 գետ կա՝ Ողջին ու Վաչագանը: Գետերի հուները ժամանակ առ ժամանակ մաքրվում են, սակայն կարճ ժամանակ անց կրկին նույն՝ աղբով լի եւ բնավ աչք չշոյող տեսքն են ստանում: Ողջի գետի հունի՝ քաղաքի կենտրոնով անցնող 1,5 կմ հատվածը վերջին անգամ մաքրվել է 2009թ.-ին՝ պետբյուջեից հատկացված 12,996 միլիոն եւ համայնքի բյուջեից տրամադրված 2,585 միլիոն դրամով: Իսկ Վաչագան գետի հունը մաքրվել է անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ Կապանի բյուջեից տրամադրված 7,944 միլիոն դրամով: Բացի մաքրելուց, Կապանի բժշկական կենտրոնի մատույցներից մինչեւ Վաչագանի հուն 12 984 քմ հատվածում կատարվել են նաեւ բետոնապատման, քանդված հատվածների ամրացման աշխատանքներ:

Այժմ Վաչագան գետի հունը կրկին աղտոտված է՝ աղբի տոպրակներով, ծխախոտի տուփերով, դատարկ շշերով եւ այլն: Հատկապես նկատելի է կենտրոնական մասի՝ մարզպետարանի հարակից հատվածի կենցաղային աղբով լցված հատվածը: Առավել տհաճ է պատկերը ծայրամասային թաղամասում՝ Մելիք Ստեփանյան փողոցի վերին հատվածում՝ քաղաքի հիվանդանոցից դեպի Գարեգին Նժդեհի զբոսայգի ընկած մասում: Այս հատվածը դուրս է մնացել անցած տավա մաքրման աշխատանքներից, եւ մեկ տարվա ընթացքում առանց այդ էլ շատ աղբը ավելի է շատացել:

Աղտոտված գետի տհաճ պատկերը առավել նկատելի է դառնում տարվա այս եղանակին, երբ գետի ջրերը գրեթե ցամաքել են, եւ տեսանելի է միայն գետում թափված կենցաղային աղբը: Շատ ժամանակ բնակիչները գիշերվա ժամերին աղբը Վաչագան գետն են նետում, թեեւ մի քանի մետր հեռու տեղադրված աղբամաններ կան: Երբեմն էլ, հավանաբար ծուլանալով բազմահարկերի բնակարաններից իջնել, բարձր հարկերից են աղբի տոպրակները միանգամից շպրտում շենքի մոտով հոսող գետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել