Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՈՒ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ՀՈՍՈՒՄ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Խորհրդային տարիներին կոոպերատիվ տնտեսությամբ զբաղված Ապավեն Զաքարյանը պնդում է, որ իրեն հասանելիքը ուրիշներին է բաժին հասել:

\"\"

\"\"Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, անտառագետ Ապավեն Զաքարյանը կրտսեր գիտաշխատող է: Խորհրդային Հայաստանի իշխանությունները նրան էին վստահել Ձորաղբյուրի 3000 հեկտար անտառի տնօրինումը, որից, նախկին անտառապետի ասելով՝ այսօր գրեթե ոչինչ չի մնացել:

Խորհրդային Հայաստանում Ապավեն Զաքարյանը 120 հեկտար տարածքի վրա կոոպերատիվ տնտեսություն է հիմնել եւ զբաղվել գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ: Իր ասելով՝ գյուղատնտեսական նշանակության 30 հեկտար հողատարածքն օգտագործել է պտուղ-բանջարեղեն աճեցնելու նպատակով, իսկ 43 հեկտարի վրա՝ ընկույզի այգի հիմնել: «Քարերից մաքրել, հղկել-հարթեցրել եմ հողը, տնկիներ գնել ու այգի հիմնել: Միայն ընկույզի այգու վրա 3,5 միլիոն դրամ եմ ծախսել: Բայց ոչինչ չեն թողել, ոչնչացրել են»,- ասաց Ապավեն Զաքարյանը, հավելելով, որ այդ հողատարածքի վրա նաեւ լճակ է կառուցել, անտառային փորձակայան եւ մեղվաբուծարան հիմնել:

Հետխորհրդային տարիներին, երբ Հայաստանի նորանկախ Հանրապետությունում ընթանում էր սեփականաշնորհման գործընթացը, կոոպերատիվ բազմաթիվ տնտեսությունների հետ օտարվել է նաեւ Ապավեն Զաքարյանի կոոպերատիվը: Համայնքի հողերի անտառածածկ հատվածը 2005 թվականին անցել է Երեւանի, այնուհետեւ՝ Հրազդանի անտառտնտեսության հաշվեկշռին, իսկ մնացած մասը՝ ստացել համայնքային ենթակայության հողի կարգավիճակ: Ինչը նշանակում էր, որ հողաբաժանումը վստահվել էր համայնքի ղեկավարությանը:

Ընտանիքի անդամների թվով հողհատկացման որոշման համաձայն, Ապավեն Զաքարյանը 5 հեկտար հողի սեփականատեր դարձավ: 2,8 հեկտար էլ բաժին հասավ երկու տղաներին: Վարձակալական 2 հեկտար էլ նախկին անտառապետը հետագայում ձեռք բերեց՝ ընդհանուր հաշվով իրավունք ստանալով տնօրինել շուրջ 10 հեկտար հող:

Բայց, համոզված լինելով, որ գյուղապետն իրեն կողոպտել ու ձեռքից խլել է իր մշակած 30-40 հեկտար հողատարածքը, որտեղ ինքը գյուղատնտեսությամբ էր զբաղվել, Ապավեն Զաքարյանն արդեն տասը տարի է՝ պահանջում է, որ իրեն վերադարձնեն իր հասանելիքը: «Իմ ամբողջ հողերը վերցրեց-բաժանեց, ինձ թողեց ընդամենը 5 հեկտար, այնքան, որ կարողանամ միայն անասնապահությամբ զբաղվել: Գյուղատնտեսական աշխատանքների համար տարածք չկա: Դրանք իմ հողերն են, ես ոչ մեկին չեմ տա»,- ասաց Ապավեն Զաքարյանը՝ ոչ մի կերպ չհամակերպվելով այն մտքին, որ տասնյակ տարիներ իրեն վստահվածը պետական սեփականություն է եղել, որտեղ ինքն ընդամենը նշանակովի պաշտոն է վարել: «Բայց ես եմ մշակել, վար ու ցանք արել: Էդ քարքարոտ հողերը ես եմ մշակության համար պիտանի դարձրել: Ո՞նց թույլ տամ, որ ծախեն ուրիշին»,- ասաց անտառապետը: Ապավեն Զաքարյանը վստահ է, որ իրեն հասանելիք հողն իրենից խլողը Ձորաղբյուրի գյուղապետ Արայիկ Մուքայելյանն է:

«Եթե ես մի օր հրաժարվեմ իմ պաշտոնից, Ապավենից պրծնելու համար կանեմ»,- ասաց պաշտոնավարման 9-ը տարիների ընթացքում Ապավեն Զաքարյանի բազմաթիվ բողոքների թիրախում հայտնված գյուղապետ Մուքայելյանը: Վերջինիս փոխանցմամբ, «կառավարության որոշմամբ, այդ 30 հեկտարը բնակավայրային կատեգորիայի հող է, մինչդեռ Ապավեն Զաքարյանն ուզում է այս հողերը գյուղնշանակության տարածք տեսնել եւ մեզ առաջարկում է՝ այդ 30-ից 8 հեկտարի մասով ավագանու որոշում կայացրեք՝ դիմեք կառավարություն, թող հողի կարգավիճակը փոխեն գյուղատնտեսական նշանակության եւ տվեք ինձ: Եթե բնակավայրային կատեգորիայի հողի մեկ հեկտարի կադաստրային արժեքը 45,245 միլիոն է, իսկ գյուղնշանակության հողինը՝ 390 հազար, էդ ո՞ր խելոքը նման քայլի կգնա, որ բյուջեի հաշվին ինչ-որ մեկին լավություն անի»,- իրավիճակը ներկայացրեց Ձորաղբյուրի ղեկավարը, ում համոզմամբ Ապավեն Զաքարյանը հողն ուզում է վերավաճառելու նպատակով: «Եթե հող մշակող է, թող էդ 10 հա-ը մշակի: 10 տարի է՝ հողը քնացրել է. գոնե գարի ցանի: Չի մշակում: Ասում է՝ իմ հողն ինձ տվեք՝ ես ծրագիր ունեմ»,- ասում է գյուղապետը:

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ Ձորաղբյուրում ամենաշատ հող ունեցողը Ապավենն է: Գյուղապետն ինքը մեկ հեկտարի սեփականատեր է. «Էդ մեկ հեկտարի վրա պտղատու այգի եմ դրել. արդեն 6 տարեկան է»:

Ապավեն Զաքարյանը Արայիկ Մուքայելյանին այլ մեղադրանք էլ է ներկայացնում, ասում է, որ գյուղի հուշարձանամերձ տարածքի հողերը զավթված են: Այս բողոքը լսելով՝ համայնքի ղեկավարը զարմացավ: Ասաց, որ հուշարձանին հարող տարածքն անձեռնմխելի է: Այդ մասով ծրագրեր ունեն. եկող տարի վերանորոգելու, կանաչապատելու եւ ցանկապատելու են. «Իսկ եթե զավթել ասելով նկատի ունի հուշարձանի հարեւանությամբ կառուցված մանկապարտեզը, որտեղ 60 երեխա է հաճախում, ապա ես նրա տրամաբանությունը չեմ հասկանում»: Արայիկ Մուքայելյանի ասելով, Ապավեն Զաքարյանն այդ տարածքն էլ է ուզում: Ասում է՝ 63 տեսակ ծառ ու ծաղիկ է տնկել, ուրեմն՝ իրենն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել