Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյա հարեւանն էլ «թեժ գիծ» է դիմել

Դեկտեմբեր 17,2010 00:00

Դեկտեմբերի 15-ի «Առավոտում» տպագրվեց «Վերահսկողականի պետին են դիմել» հոդվածը: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 1-ին բաժնի պետ Արծրուն Թորոսյանի «ապօրինությունների եւ շանտաժների զոհ էին» իրենց համարել թոշակառուներ Կարինե Շահվերդյանն ու Սերգեյ Գեւորգյանը: Նրանք բողոքել էին իրենց հարեւանից՝ Ա. Թորոսյանից, որը, «օգտագործելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բաժնի պետ լինելու փաստը՝ փորձում է տիրանալ մեր սեփականությանը՝ պատշգամբին»:

Հրապարակման հաջորդ օրը խմբագրություն եկած Նատալյա Սահակյանը (Ա. Թորոսյանի կինը, ում անունը եւս հիշատակվել է) ներկայացրեց իրենց հակափաստարկները:

Նա ասաց, որ իրենք ոչ թե 5 տարի է, ինչ բնակվում են Բաղրամյան պողոտայի 21 շենքում, այլ՝ իրենց բնակարանը սեփականացրել են այս տարվա հոկտեմբերի 20-ին: Ն. Սահակյանի պնդմամբ, ճիշտ է, իրենց հարեւանների բնակարանին կից կառուցված է 8,6 քմ կցակառույց՝ պատշգամբ, որը օրինականացվել է եւ Երեւանի քաղաքապետի 2005թ. թիվ 838-Ա որոշմամբ դարձել է բնակարանի սեփականության վկայականի անքակտելի մասը, սակայն «հարց է՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս է այն գրանցված»:

Ն.Սահակյանն ասաց, որ թե ինքը, թե իր ամուսինը կարճ ժամանակով մեկ անգամ են հանդիպել իրենց հարեւաններին եւ ներկայացել են որպես շարքային քաղաքացիներ, հարեւաններ, այլ ոչ թե բաժնի պետ, ինչպես նշել են հարեւանները:

«Մենք չենք սպառնացել, վճռական ենք գտնվել մեր սեփականությունը պաշտպանելու հարցում: Շանտաժն ա՞յն է, որ մենք հայտնել ենք, թե դիմելու ենք դատարան եւ օրինական կարգով պաշտպանելու ենք մեր՝ սեփականատիրոջ իրավունքները» հարցնում է զրուցակիցս՝ Ն.Սահակյանը:

Ինչ վերաբերում է հարեւանների սեփականությունը տնօրինելուն, Ն. Սահակյանն ասաց. «Ամենամեծ երեւակայություն ունենալու դեպքում չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող ենք տիրանալ օդի մեջ գտնվող պատշգամբին: Այսինքն, անօրինականության դեմ պայքարելը չի նշանակում, թե պիտի լռենք»:

Վերջինս հայտնեց, որ դիմել են «թեժ գիծ»՝ կցակառույցի հարցով: «Չեմպիոն են, թե թոշակառու, որեւէ մեկը չի վիճարկում այդ հարցը, վիճարկվում է ապօրինի շինության հարցը», նշում է Ն.Սահակյանը: Նա «Առավոտին» տրամադրեց ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետի այս տարվա հոկտեմբերի 27-ի պատասխանը: Ի պատասխան Արծրուն Թորոսյանի «թեժ գծով» հնչեցրած ահազանգի, հայտնվում է, որ հարեւանի կողմից «առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման, փաստորեն, ինքնակամ, կառուցվել է 8,6 քմ մակերեսով կցակառույց, որի պատճառով խաթարվել է շենքի ճարտարապետական տեսքը, մասնակիորեն, փակվել է աստիճանավանդակի լուսավորությունն ապահովող 2-րդ հարկի լուսամուտը, հաշվի չառնելով մուտքի բնակիչների կարծիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել