Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՏԱԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Փաստաբանները դեմ են ՀԴՄ-ներին

\"\"Օրերս մամուլում հրապարակումներ եղան կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի կապակցությամբ ԱԺ նախագահի, պատգամավորների դժգոհության եւ անգամ ՀՅԴ խմբակցության կողմից՝ արտահերթ նստաշրջանի աշխատանքը բոյկոտելու վերաբերյալ:

Բանն այն է, որ կառավարությունն ավելի քան 30 օրենքի նախագիծ է ներկայացրել երեք օրում ընդունելու համար, ինչն, ըստ պատգամավորների, ֆիզիկապես հնարավոր չէ, քանի որ, եթե ընդունում ենք, որ ԱԺ-ն օրենք ընդունող մարմին է եւ ոչ, ասենք, կոճակ սեղմելով կառավարության ներկայացրած տեքստերը մեխանիկորեն վավերացնող, ապա հնարավոր չէ նման սահմանափակ ժամկետում այդ քանակի օրենքների նախագծերի ծանոթանալ, քննարկել, պարզել Սահմանադրությանը համապատասխանությունը եւ ընդունել:

Այդ 30 օրենքներից մեկն էլ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որի ընդունման դեպքում փաստաբաններն ու նոտարներն էլ պարտավոր կլինեն տեղադրել ՀԴՄ-ներ:

ՀԴՄ-ների տեղադրումը մանրածախ առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցողների մոտ՝ իրական հասույթների նկատմամբ վերահսկողության հիմնական նպատակից ելնելով, տրամաբանական է եւ օրինական, քանի որ մանրածախ վաճառք իրականացնելիս, երբ քաղաքացին ձեռք է բերում որեւէ ապրանք, գրավոր պայմանագիր չի կնքում վաճառողի հետ (այլ կերպ ասած՝ հետք չի թողնում վաճառողի մոտ), ինչի հետեւանքով հարկային վերահսկողությունը դժվարանում է: Նույնը վերաբերում է այնպիսի ծառայությունների մատուցմանը, որի դեպքում եւս պայմանագիր չի կնքվում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է պետք փաստաբանների եւ նոտարների մոտ ՀԴՄ-ներ տեղադրել եւ կիրառել, օրենքի նախագծում եւ դրա հիմնավորումում որեւէ խոսք չի գնում: Եվ դա պարզ է, չէ որ փաստաբանական եւ նոտարական ծառայությունների մասով վերահսկողական խնդիրներ չկան: Բանն այն է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, փաստաբանական ծառայություններ մատուցելիս, պայմանագրի կնքումը պարտադիր է: Նույն մոտեցումն առկա է նաեւ նոտարական ծառայությունների դեպքում, քանի որ նոտարական բոլոր գործարքները գրանցվում են սահմանված կարգով հաշվառված նոտարի սեղանամատյանում: Հետեւաբար, հարկային մարմինը, վերահսկողական իր գործառույթներն իրականացնելիս, չի հանդիպում այն դժվարություններին, որոնց կարող էր հանդիպել մանրածախ վաճառք իրականացնողների մոտ: Ուրեմն, կառավարությունն ինչո՞ւ է, այնուամենայնիվ, որոշել փաստաբաններին ու նոտարներին եւս պարտադրել կիրառելու ՀԴՄ-ներ եւ ո՞րն է նշված օրենքի վտանգավորությունը մեր բնակչության համար:

Փորձեմ պատասխանել: Բանն այն է, որ եթե հարկային մարմինները այլ դեպքերում իրավասու են ստուգումներ կատարել տարին մեկ անգամ, ապա ՀԴՄ-ների ստուգում կարող են իրականացնել առանց որեւէ սահմանափակման, ինչը տոտալ վերահսկողության հնարավորություն է տալիս: Եթե բնակիչը խանութից ծամոն, հաց կամ մուշտակ է գնում, ապա որեւէ փաստաթուղթ, պայմանագիր չի կազմվում: Սրան հակառակ, երբ անձը դիմում է փաստաբանի օգնությանը, օրինակ, հարկայինի կազմած ակտը վիճարկելու կամ որեւէ գործարք վիճարկելու համար, կնքվում է պայմանագիր, ինչպես նաեւ այդ անձը փաստաբանին է հանձնում իր մոտ առկա փաստաթղթերը: Նույնը նոտարի մոտ, երբ նոտարը գործարք է վավերացնում, բացի գրանցամատյանում նշելուց, կազմվում է նաեւ նոտարական գործ, որում պահվում են պայմանագրի օրինակը եւ այլ փաստաթղթեր: Սրանից ելնելով էլ օրենքով սահմանվել է փաստաբանական եւ նոտարական գաղտնիքի հասկացությունը, եւ այդ գաղտնիքը պահելը փաստաբանների ու նոտարների պարտականությունն է, նրանք իրավունք չունեն հրապարակել (բացառությամբ օրենքով նախատեսված սահմանափակ դեպքերի) իրենց ծառայությունից օգտված անձանց վերաբերյալ տեղեկությունները: Իսկ ի՞նչ կլինի օրենքի փոփոխության դեպքում: Կառավարությունը, ի դեմս հարկայինի, հնարավորություն կունենա տոտալ վերահսկողություն սահմանել ՀՀ բնակչության կյանքի այն ոլորտի վրա, որը գաղտնիության ուժով պահպանվում է: Այսպես, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի համաձայն, հարկային մարմինները ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով տրված է անսահմանափակ քանակով ստուգումներ կատարելու հնարավորություն: Դա նշանակում է, որ հարկայինի աշխատակիցները, ՀԴՄ-ների գծով ստուգման պատրվակով, հնարավորություն են ստանում առանց սահմանափակումների միջամտել փաստաբանների ու նոտարների գործունեությանը, պահանջել նրանց մոտ գտնվող, սակայն մեր բնակչությանը վերաբերող փաստաբանական ու նոտարական գործերի տվյալները: Դա էլ հենց տոտալ վերահսկողության սկիզբն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել