Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԿՈՏԵԽԸ» ԿՎՆԱՍԱԶԵՐԾԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ նոյեմբերին Լեհաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել էր ՀՀ ԱԱԽ եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության համաձայնագիր: Ի կատարումն այդ համաձայնագրի դրույթների՝ Հայաստան է այցելել Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությունը:

Երեկ ստորագրվեց հուշագիր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ «Էկոտեխ» ընկերության միջեւ: Կողմերը պարտավորվում են ծավալել համատեղ ուսումնասիրություններ ՀՀ տարածքում գտնվող թունաքիմիկատների վնասազերծման, նոր գերեզմանոցների բացահայտման ուղղությամբ: Առաջնահերթություն կհամարվեն Կոտայքի մարզի Ողջաբերդ բնակավայրի հարեւանությամբ գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների եւ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հարեւանությամբ գտնվող արսենի միացությունների գերեզմանոցները, քանի որ սրանք լուրջ վտանգ են ներկայացնում բնակչության կյանքի եւ շրջակա միջավայրի համար:

«Էկոտեխ» ընկերությունը, որը խոշորագույնն է ԵՄ տարածքում վտանգավոր նյութերի վերամշակման, թունաքիմիկատների եւ պեստիցիդների ոչնչացման ոլորտում, կիրականացնի ուսումնասիրություններ թունաքիմիկատների գերեզմանոցի տեղակայման եւ դրանում վտանգավոր նյութերի պարունակության որոշման նպատակով, կմշակի թունաքիմիկատների վնասազերծման, վտանգավոր նյութերի վերամշակման եւ չեզոքացման մեթոդներն ու ձեւերը եւ կիրականացնի վերամշակման եւ ոչնչացման աշխատանքները: Կմշակվեն նաեւ թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի վերականգնմանն ուղղված անհրաժեշտ առաջարկություններ եւ միջոցառումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել