Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻԳԻՆԱԼ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԻ

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Սկավառակների առուվաճառքով զբաղվող գործարարներն անհանգստացած են, որ նոր օրենքով իրենց բիզնեսը կփակվի

Եկող տարվա մարտից ուժի մեջ է մտնելու «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է՝ մաքրել շուկան կեղծ ու անորակ սկավառակներից եւ այն համալրել դրանց օրիգինալ տարբերակներով: Սույն նախաձեռնությունն ինքնին ողջունելի է, սակայն օրենքում ամրագրված մի քանի կետեր պարզապես անհամատեղելի են մեր նման երկրների պարագայում:

Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, դիսկերի ներկրմամբ եւ առք ու վաճառքով զբաղվող մի շարք ընկերությունների ղեկավարներ բողոքի ձայն են բարձրացնում՝ հույս ունենալով, որ նախքան օրենքի կիրառումը որոշ մասով այն կվերանայվի:

«Առավոտին» դիմած մի խումբ գործարարներ վստահ են, որ օրենքն այդ տեսքով ընդունվելու դեպքում իրենք հսկայական վնասներ կկրեն, բացի այդ, հարված կհասցվի նաեւ սպառողների գրպանին, քանի որ սկավառակների գները կտրուկ կթանկանան:

Եթե այսօր սովորական սկավառակներն արժեն 500-1000 դրամ, ապա օրենքի ընդունման դեպքում դրանք կվաճառվեն 7-15 հազար դրամով։

«Պարզից էլ պարզ է, որ մեր հասարակությունը հնարավորություն չունի այդքան թանկ գնով սկավառակներ գնելու։ Այսօր էլ, եթե հայկական օրիգինալ, ասենք՝ Արթուր Մեսչյանի հեղինակային սկավառակն է դուրս գալիս, շատերն այն չեն կարողանում գնել, սպասում են, թե երբ է այդ սկավառակի «պիրատսկին» լինելու, որ 1000 դրամով գնեն, ոչ թե 5000-ով։ Նույնը նաեւ Թաթայի եւ Ռուբեն Հախվերդյանի սկավառակներին է վերաբերում, Թաթայի սկավառակն արժե 2500-3000 դրամ, Հախվերդյանինն էլ՝ 10 հազար։ Երբ հաճախորդը խանութ է մտնում դիսկ գնելու, մենք նրան առաջին հերթին օրիգինալն ենք առաջարկում, բայց, մեծ մասամբ, սպառողը կեղծն է գերադասում, քանի որ այն էժան է: Իսկ արտերկրի ստուդիաների թողարկած օրիգինալ դիսկերի մասին ավելորդ է խոսել, դրանք տարիներով կմնան մեր ցուցափեղկերում։ Այսօր մենք համաշխարհային ստուդիաներից հնարավորություն չունենք դիսկեր ներկրելու: Oրինակ՝ հայտնի «SONY» ստուդիաներից որեւէ մեկի հետ պայմանագիր կնքելու համար պետք է նվազագույնը 50 հազար հատ սկավառակ գնենք, այն էլ ոչ թե 1000 կամ 2000 դրամով, այլ հատը 7 հազարով, որոնք, մինչեւ այստեղ հասնեն ու մաքսակետ անցնեն, կրկնակի կթանկանան։ Եթե խոսքը գնա մեծ քանակությամբ պահանջարկ ունեցող դիսկերի մասին, բոլորս էլ, իհարկե, կուզենք օրիգինալը վաճառել, բայց այդպիսի պահանջարկ ունենում են մատների վրա հաշված ֆիլմերը, մնացածը, եթե օրիգինալն ենք բերել, չի սպառվում: Մենք մեր բիզնեսն առանց այդ էլ մեծ տոկոսներով վերցրած վարկերով ենք զարգացնում, այդ դեպքում շատերս պարզապես չենք կարողանա մեր փոքր բիզնեսն ունենալ եւ դրա համար համապատասխան հարկային մուծումներ անել»,- դժգոհեցին դիսկերի վաճառքով զբաղվող գործարարները։

Դիսկերը կթանկանան նաեւ այն պարզ պատճառով, որ այլեւս չեն լինի խտասկավառակներ՝ MP3-ներ կամ մի քանի ֆիլմեր պարունակող DVD-ներ։ Օրենքով նախատեսվում է, որ մեկ դիսկում պետք է լինի 1 ֆիլմ, իսկ մեկ ձայնային սկավառակում մեկ ալբոմ, ոչ թե մեկ երգչի կամ մի քանի երգիչների մի քանի ալբոմներ, քանի որ բոլոր դիսկերի վրա պետք է ակցիզ փակցվի, որի վրա էլ պետք է գրված լինի արտադրանքի անունը։ Օրինակ՝ եթե վաճառվում է «Ավատար» ֆիլմի սկավառակը, ապա ակցիզի վրա պետք է գրվի, որ տվյալ սկավառակում հենց «Ավատար» ֆիլմն է, սակայն այդ ակցիզը պետք է փակցվի սկավառակի տուփի բացվող մասում, ինչը, գործարարների ներկայացմամբ, վաճառքի համար դժվարություններ է առաջացնում. «Երբ որեւէ երգիչ նոր դիսկ է հանում, կամ նոր ֆիլմ է դուրս գալիս, գնորդները խնդրում են, որ մենք խանութում այդ դիսկերը փորձարկենք, որպեսզի նրանք կարողանան տվյալ երգչի նոր երգերից որեւէ մեկը լսել, կամ ֆիլմի ինչ որ մաս դիտել։ Դրանով են իրենք որոշում՝ ուզում են գնել այդ դիսկը, թե ոչ։ Նոր ալբոմը, եթե նրանց դուր է գալիս, որոշում են գնել, եթե ոչ՝ չեն գնում։ Եթե ակցիզը փակցվելու է դիսկի բացվող մասում, ինչպե՞ս ենք մենք կարողանալու հաճախորդներին ծանոթացնել դիսկերի բովանդակությանը։ Կամ եթե բացեցինք, եւ նրանք չհավանեցին, տվյալ դիսկն արդեն մնալու է մեզ վրա, ընդ որում՝ բավականին թանկ գնով։ Ասեմ, որ MP3-ների կամ մի քանի ֆիլմեր պարունակող DVD-ների դեպքում, այդ ակցիզները մի քանիսը պետք է լինեն, ինչը նշանակում է, որ այդ խտասկավառակներն ունենալու են նաեւ մի քանի դիսկի արժեք։ Եթե այսօր մարդիկ 1000 դրամով խտասկավառակ են գնում, բազմաթիվ երգեր են կարողանում լսել ու 10-12 ֆիլմ դիտել, ապա վաղը նրանք պետք է 10-12 հազար դրամ տան նույն բանը վայելելու համար»։

Այս ոլորտի բիզնեսմենների ներկայացմամբ, այս օրենքի նախագծում հաշվի չի առնված նաեւ մեր երկրի ընդհանուր սոցիալական վիճակը, քանի որ օրիգինալ դիսկերը «կարդալու» համար մենք համապատասխան տեխնիկա չունենք. «Մեր քաղաքացիներից շատերը չեն կարող իրենց թույլ տալ թանկ տեխնիկա գնել՝ տնային կինոթատրոններ, երաժշտական կենտրոններ կամ DVD նվագարկիչներ։ Մեր երկիր չի էլ մտնում այդպիսի տեխնիկա, դրա համար էլ գնում են չինական արտադրության «պատենտները», որոնք բավականին էժան են, բայց օրիգինալ դիսկերը մեր տեխնիկաները չեն «կարդում»։ Չնայած դժվարություններին, մենք էլի համաձայն ենք, որ հայկական արտադրության բոլոր դիսկերի համար գործի այս օրենքը, որովհետեւ հայկական արտադրության դիսկերը այդքան բարդ չեն, եւ մեր տեխնիկան այն «կարդում» է, բայց արտասահմանյանի MP3-ներն ու մի քանի ֆիլմեր պարունակող DVD-ներն օրենքին համապատասխանեցնելը դժվար գործ է, եթե ոչ անհնար։ Բոլորն առաջ են գնում, MP3-ներ ու MP4-եր են արդեն արտադրում, մեր երկրում որոշել են հետ գնալ, մնալ CD-ների մակարդակին»։

Նշենք, որ օրենքի նախագծում անգամ նշված չէ, թե ակցիզ տվող մարմինն ինչպիսի՞ն է լինելու, այդ ակցիզի գինն ինչքա՞ն է լինելու եւ ի՞նչ երաշխիք, որ ակցիզներն էլ չեն պատենտավորվելու։ Այսօր սկավառակների մեծ մասը կեղծ տարբերակից տարբերվում է տարբեր հայկական ստուդիաների կողմից փակցված հոլոգրաֆիկ նշաններով, որը սպառողներին հուշում է, որ դրանք օրիգինալն են։

Նկատենք, որ այս օրենքի նախագիծն Ազգային ժողով է ներկայացվել դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն մինչեւ հիմա լրամշակումներ կամ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներ չեն եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել