Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ ժամկետանց հավելումների

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Հայաստանում ժամկետանց սննդամթերքի եւ սննդային հավելումների ներմուծման եւ դրանց՝ շուկայում սպառման հնարավորությունը բացառելու նպատակով Հայաստանի կառավարությունը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում առաջիկայում լրացումներ կկատարի: Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանն էլ օրենքում առաջարկվող լրացումների վերաբերյալ մի դիտողություն արեց. «Կարող է խնդիր առաջանալ փաթեթավորման եւ սպառողական տարայի հետ կապված, եթե այն օգտագործվում է հանրային սննդի օբյեկտի կողմից: Որպես կանոն, օբյեկտները հանրային սնունդը գնում են խանութից, փաթեթավորում ու տարայավորում են, բայց դրանց վրա պիտանելիության ժամկետ երբեք չեն խփում, հսկիչ դրամարկղային կտրոնով ամեն ինչ ավարտվում է: Արտադրողի փաթեթավորումն ուրիշ է, ձեռքբերովի փաթեթավորումն՝ ուրիշ»: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հետաքրքրվեց. «Ի՞նչ եք առաջարկում»: Փոխնախարարն էլ բացատրեց. «Ի սկզբանե առաջարկել ենք փաթեթավորման մասով՝ հանել հանրային սնունդը բառը»: Պարոն Սարգսյանն էլ հարցրեց. «Եթե հանրային սննդին չի վերաբերելու, էլ ինչի՞ն է պետք: Աթոռի, սեղանի վրա հո դրոշմը չե՞ն խփելու: Այ մարդ, մտնում ես խանութ, գնում երշիկ, որը փաթեթավորել է հենց խանութը, հիմա ի՞նչ եք առաջարկում՝ վրան գրված չլինի՞ ժամկետը»: Պարոն Մալխասյանն էլ պնդեց իր ասածը: Վարչապետն էլ զարմացավ. «Ինչի՞ չեն կարող անել, բա եթե չեն կարող, էդ դեպքում ո՞նց ենք պաշտպանելու գնորդին: Փուլ առ փուլ դրոշմապիտակավորված ապրանքների քանակը պետք է ավելանա հանրապետությունում, բացառվի առանց հաշվառման ապրանքների վաճառքը: Այս էլեմենտար կանոնները պետք է ապահովենք, հակառակ դեպքում չենք կարող ազատ առեւտրի համաձայնագրի պահանջներին համապատասխանել»:

Կառավարությունը հավանության արժանացրեց Ոսկեվազի գինու գործարան ՍՊԸ-ի կողմից այս տարվա հուլիսին վերամշակման համար ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների ժամկետը երկարացնել մինչեւ 2011 թվականի հուլիսի 11-ը: Մեկ այլ որոշմամբ, կառավարարությունը կօժանդակի «Արաքս» թռչնաֆաբրիկային, որը ներդրումային ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացնում է արտադրության ծավալների ընդլայնում: Բացի ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով երկարաձգելուց, կառավարության որոշմամբ, ընկերությունը կստանա 300 միլիոն դրամի արտոնություն՝ նոր սարքավորումների ներմուծման նպատակով: Կառավարության որոշմամամբ, 833000 դրամ հատկացվեց «Սննդամթերքի ազգային ինստիտուտ» ընկերությանը՝ մարդասիրական կարգով հանրապետություն ներմուծված ապրանքների պարտադիր հավաստման աշխատանքներն ապահովելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել