Լրահոս
Օրվա լրահոսը

60%-ով նվազեցրին գյուղացու ծախսերը

Դեկտեմբեր 17,2010 00:00

Տարվա մեջ միայն մի քանի ամիս շահագործվող տրանսպորտային միջոցների համար Հայաստանի կառավարությունը որոշակի արտոնություններ է սահմանել պարտադիր ապահովագրության կարգում:

Երեկ փոփոխություններ անելով իր վաղ ընդունած որոշումներից մեկում՝ կառավարությունը հաստատել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ու հաշվառման ցանկը: «Հաշվառումից դուրս գալու եւ հաշվառման կանգնելու անվճար կարգը տարածվում է բոլորի՝ երեւանցիների, գյուղացիների, թանկարժեք մեքենաներ ունեցողների վրա: Բոլորը կարող են օգտվել օրենքից, եթե ինչ-ինչ պատճառներով չեն շահագործում մեքենան կամ հանրապետությունում չեն գտնվում: Չարաշահումներ տեղի չեն ունենա, բոլոր ռիսկերը հաշվի են առնված»,- փոփոխությունների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ ինչ անում են, ժողովրդի համար են անում. «Թե չէ՝ առաջացել էր մի վիճակ, որ արդարացի դժգոհություն էր առաջ բերել քաղաքացիների շրջանում: Նրանց պետք է աջակցեինք: Մեր գյուղացիների համար հեշտացնում ենք կարգը, վերացնում բյուրոկրատական քաշքշուկն ու ամենակարեւորը՝ գումարային ծախսերը նվազեցնում 60%-ով»: Պարոն Սարգսյանն, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնած՝ դեկտեմբերի 21-ին պարտադիր ապահովագրության դեմ Երեւանում կայանալիք ավտոմեքենաների բողոքի ակցիային, ասաց. «Արդեն ներկայացրել են հայտերը, թե որքան մեքենա է մասնակցելու երթին, կարծում եմ՝ նորմալ երեւույթ է, թող երթին մասնակցեն»:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ապահովագրության ծառայությունները հրաժարվում են ապահովագրել տաքսիներին՝ դրանք չափազանց ռիսկային համարելով, ոստիկանապետը պարզաբանեց. «Ռիսկային խնդիրներով պայմանավորված՝ որոշել, թե որին պետք է ապահովագրեն, որին՝ ոչ, ճիշտ չէ, բոլորին պետք է ապահովագրեն, եթե այսպիսի խնդիր էլ կա, ապա մասնակի մոտեցումներով է, ու սրանց վերջ կդրվի, մենք ինքներս կմիջամտենք, որ երեւույթն ընդմիշտ վերանա»: Պարոն Սարգսյանը, անդրադառնալով 2011 թվականի հունվարի 1-ից նախատեսված տույժերին՝ չապահովագրված մեքենաների համար, ասաց, որ կլինեն որոշակի վերապահումներ. «Ամանորի առիթով իմ գործընկերներին խնդրել եմ, ժողովրդին չնեղացնեն, ու տակտի, չափի՝ սահմաններում բացատրական աշխատանքներ կտանենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել