Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԿՏՈՒԺԻ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Նրան պատկանող օբյեկտներում ստուգումներ են սկսվել, փակ է «Մետաքս գոլդ» ոսկու շուկան

Պարզվում է՝ բավական էր, որ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ծեծեր ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակցին, եւ դրան հաջորդեցին նոր քաղաքապետի թեկնածության շուրջ ներհհկական խմորումները, հանրապետականների եւ իշխանությունների կողմից հակաբեգլարյանական լայնածավալ արշավը, նաեւ՝ ՀՀ կառավարության կազմում կադրային փոփոխությունները: Համենայնդեպս, տպավորությունն այնպիսին է, որ Գ. Բեգլարյանի պաշտոնանկությունը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա գրեթե այն նույն ազդեցությունն ունեցավ, ինչ WikiLeaks-ի հրապարակումները՝ ողջ աշխարհում, ասել է թե՝ ամեն ինչ տակնուվրա եղավ:

Երեկ ՀՀԿ-ն խորհրդի նիստ էր հրավիրել՝ քաղաքապետի պաշտոնում իր թեկնածուին որոշելու համար, թեեւ առանց այդ նիստի որոշման էլ արդեն մի քանի օր է, ինչ հենց ՀՀԿ-ական շրջանակներում պնդում էին, թե կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ընտրությունն այդ հարցում կանգ է առել «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի վրա: Վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, մի տեւական ժամանակ չեմուչում է արել, բայցեւ համաձայնել է: «ՀայՌուսգազարդում» Կ. Կարապետյանի պաշտոնում նոր նշանակման համատեքստում առայժմ շրջանառվում է ընկերության ներկայիս գլխավոր տնօրենի՝ կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով տեղակալ Վարդան Ռ. Հարությունյանի անունը, որը ծնունդով Կոտայք գյուղից է եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի։ Ընկերության կայքում տեղադրված նրա կենսագրականի համաձայն, նա ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, տնտեսագիտության թեկնածու է: Ասում են՝ իր կարիերայում առաջխաղացման համար նա մասամբ պարտական է իր աներոջը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ ՍԴ անդամ Հենրիկ Դանիելյանին: Հիշեցնենք նաեւ, որ Վ. Հարությունյանը ոչ միայն «ՀայՌուսգազարդի» բարձրաստիճան պաշտոնյա է, այլեւ հայտնի է որպես «Արքայաձոր» ռեստորանային համալիրի սեփականատեր:

Բացի Վ. Հարությունյանից, ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նոր հնարավոր նշանակման համատեքստում շրջանառվում էր նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի անունը՝ թերեւս նկատի ունենալով Ռ. Քոչարյանի առնչություններն այդ ընկերության հետ, ինչի մասին մամուլում բազմիցս է խոսվել: Այդ տարբերակը, սակայն, հերքել է Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ է ՀՀԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետի նոր թեկնածությունը կանգ առել ոչ թե քաղաքապետի առաջին տեղակալ, ՏԻՄ ոլորտում աշխատանքային փորձառություն ունեցող Տարոն Մարգարյանի, այլ Կարեն Կարապետյանի վրա: Փորձագետները սա տարբեր կերպ են մեկնաբանում. ըստ որոշների՝ դա պայմանավորված է նախկին եւ գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, ինչը կարող է նշանակել, որ Ռ. Քոչարյանը դեռ որոշակի ազդեցություն ունի ՀՀ ներքաղաքական կյանքում: Այլք պնդում են, որ ի տարբերություն Կ. Կարապետյանի՝ Տ. Մարգարյանը «թույլ դեմք» է, որպեսզի իշխանությունները նրան վստահեին քաղաքապետարանի նման մի այնպիսի պետական գերատեսչության ղեկավարումը, որտեղ ֆինանսական հսկայական շրջանառություն կա, որից օգտվում է իշխանական համակարգը, մինչդեռ Կ. Կարապետյանը սովոր է մեծ փողերի հետ գործ ունենալ: Հիշեցնենք, որ նա այսօր դեռեւս ոչ միայն «ՀայՌուսգազարդի» ղեկավարն է, այլեւ «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահը: Այս տարի նրան տնտեսագիտության դոկտորի կոչում է շնորհվել, պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով՝ իհարկե, Սերժ Սարգսյանի ձեռամբ, ձեռքի հետ էլ դարձել է Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի ամուսնության քավորը:

Ինչ վերաբերում է արդեն նախկին քաղաքապետ Բեգլարյանին, ապա՝ ինչպես հաճախ է պատահում մեր տիպի երկրներում, երբ մարդն ընկնում է՝ դանակավորները շատանում են: Մինչեւ Բեգլարյանի պաշտոնանկությունը իշխանությունները՝ ՀՀ նախագահից սկսած մինչեւ հարկային ծառայությունը, պատրաստ էին աչք փակել նրա բիզնես-գործունեության վրա: Այլ է հիմա: Բեգլարյանի հրաժարականից անմիջապես հետո պետական կառավարման օղակները լայնամասշտաբ արշավ են սկսել նրա դեմ: Այսպես՝ «պլանի» տակ է հայտնվել ոչ միայն նրա բիզնեսը, այլեւ եղբայրը՝ Պետական գնումների գործակալության պետ Հակոբ Բեգլարյանը, որի պաշտոնանկության մասին պնդումներ կան: Բացի այդ, նրա գլխավորած գործակալությունում «հարկայինը»՝ Պետական եկամուտների կոմիտեն, ստուգումներ է սկսել: Բայց ստուգումներ իրականացվում են ոչ միայն նրա, այլեւ Գ. Բեգլարյանին պատկանող օբյեկտներում, այդ թվում՝ գումի փակ շուկայում, «Մետաքս» տաքսի ծառայությունում, իսկ վերջերս բացված «Մետաքս գոլդ» ոսկու հսկայական տարածք ունեցող փակ շուկան, որը Բեգլարյանը ստեղծել էր ի հակակշիռ «բաղնիքի» տեղում գործող ոսկու շուկայի, այս օրերին ուղղակի փակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել