Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԿԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՎԱՐԱՐ ՄԱԿԱՐԴԱԿ»

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Վստահեցնում է ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը:

– Չե՞ք կարծում, որ ներքաղաքական իրավիճակը մեր երկրում այնպիսին է, որ կարծես վաղը արդեն ընտրություններ են լինելու: Իրադարձությունները արդյոք արագացված չե՞ն՝ այն դեպքում, երբ մինչ խորհրդարանական ընտրություններ մեկուկես տարի ժամանակ կա: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են քաղաքական ուժերն այսքան ակտիվ եւ նախընտրական տրամադրությունների մեջ:

– Իսկապես, մոտ մեկուկես տարի կա մինչ խորհրդարանական ընտրություններ, բայց չեմ կարծում, որ դա երկար ժամանակ է: Ինչպես ժողովուրդն է ասում՝ աչքդ թարթում ես, ու տարին անցնում է, իսկ քաղաքական ուժերին իրենց հնարավորությունները, մարտավարությունն ու ռազմավարությունը ճշտելու համար ժամանակ է պետք: Նորմալ գործընթաց է: «Օրինաց երկիրը» իր հիմնադրման օրվանից միշտ աշխատել է, մեզ համար չի եղել «արձակուրդ» կոչված հասկացությունը, եւ սա է հիմնական պատճառը, որ այսօր էլ մենք կազմակերպչական ու մարդկային բավարար պոտենցիալ ունենք: Շատերին կարող է թվալ, որ սրանք լոկ խոսքեր են, բայց դա է իրականությունը, որովհետեւ յուրաքանչյուր օր մեր կուսակցությունը համալրվում է նոր մարդկանցով: Ես ինքս Լոռու մարզի կուսակցական կառույցի պատասխանատուն եմ եւ մեր տարածքի օրինակով կարող եմ ասել, որ սա նշանակում է, որ շատ մարդիկ իրենց հույսերը կապում են նաեւ «Օրինաց երկրի» հետ:

– Բայց Ձեր կուսակցությունից հիասթափությունը բավականին մեծ եղավ 2008-ին, հիմա ինչպե՞ս եք մարդկանց համոզում գալ դեպի ձեզ:

– Ճիշտ է, 2008-ի նախագահական ընտրություններից հետո վարկանիշի կորուստ ունեցանք, բայց այս տարիների ընթացքում իրավիճակը փոխվեց: Չնայած տարբեր շրջանակներ այսօր էլ մեր նկատմամբ սեւ քարոզչություն են իրականացնում, այնուամենայնիվ մարդիկ արդեն հասկանում են, որ մեր քայլերը ժամանակին ճիշտ էին եւ ողջամիտ: Մենք կանխեցինք արյունահեղությունը Հայաստանում, ջուր չլցրեցինք արտաքին թշնամու ջրաղացին, նպաստեցինք քաղաքական կայունության ամրապնդմանը, իսկ այժմ էլ ձեռնամուխ ենք եղել մեր ծրագրերի իրականացմանը:

Ես համոզված եմ, որ հետեւողական կազմակերպչական ու քաղաքական աշխատանքի շնորհիվ 2012-ին մեր կուսակցությունը իր ծանրակշիռ տեղն ունենալու է գալիք խորհրդարանում:

– Այսօր կոալիցիոն հուշագրի շրջանակներում կարծես ՕԵԿ-ն է, որ համերաշխորեն համագործակցում է Հանրապետականի հետ եւ ներկոալիցիոն խաղեր չի սարքում: Ըստ որոշ վերլուծությունների, այս անգամ ընդդիմության դերակատարությունը վերապահված է լինելու ԲՀԿ-ին, ասում են՝ այս կուսակցությանը վերապահված է այն դերակատարությունը, ինչ ուներ ՕԵԿ-ը նախորդ ընտրությունների ժամանակ:

– Նախ՝ մի բան ճշգրտենք: Նախորդ ընտրությունների ժամանակ որեւէ մեկը «Օրինաց երկրին» որեւէ դեր չի վերապահել, մենք ինքներս ընտրել, անցել ու անցնում ենք պայքարի մեր ճանապարհը: Հիմա հարցի վերաբերյալ: Չէի ուզենա խոսել խաղերի, անդրկուլիսային ինչ-որ երեւույթների մասին: Մի բան կարող եմ ասել՝ ՕԵԿ-ը հավատարիմ է այն համաձայնությանը եւ պայմանավորվածությանը, որ ձեռք է բերել: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, թե ինչ դերակատարություն կստանձնի քաղաքական դաշտում՝ իր որոշելիք խնդիրն է: Համենայնդեպս, այսօր կոալիցիայում կա համագործակցության բավարար մակարդակ:

– Արթուր Բաղդասարյանը վաղուց է հայտնել, որ 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, բայց այժմ էլ մամուլում տեղեկություններ կան, թե ՕԵԿ նախագահը պատրաստվում է 2018-ի նախագահական ընտրություններում ներկայացնել իր թեկնածությունը: Իրո՞ք:

– Կհամաձայնեք, որ անհեթեթ են 8 տարի հետո կայանալիք իրադարձություններին վերաբերող լուրերը մեկնաբանելը: Նման լուրեր տարածողները մի նպատակ ունեն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «պղտոր ջրում ձուկ որսալ»: Համոզված եղեք, որ եթե նման հարց տրվի աշխարհի քիչ թե շատ զարգացած երկրի որեւէ քաղաքական գործչի, ապա այն ոչ միայն զարմանք կարող է առաջացնել, այլեւ դիտվել աբսուրդային եւ նույնիսկ անլուրջ, քանի որ 8 տարում 800 գետ կարող է հոսել:

– Այնպիսի տպավորություն է, թե ընդդիմություն լինելու համար պայքարում են գրեթե բոլոր ուժերը:

– Ընդդիմություն լինելը ինքնանպատակ չպետք է լինի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ոչ թե պահվածքով, այլ գործողություններով է ցույց տալիս, թե որ դաշտում է գտնվում, եւ հանրությունն է միայն դատում ու գնահատականներ տալիս: Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին»՝ մենք այսօր իշխանության մաս ենք կազմում, եւ դա եւս ինքնանպատակ չէ, քանի որ դա է միակ ճանապարհը նախընտրական խոստումներն ու ծրագրերը կյանքի կոչելու, որի վկայությունն անցած այս մի քանի տարիների ընթացքում մեր կողմից կատարված կոնկրետ գործերն են՝ թեկուզ օրենսդրական նախաձեռնությունների ձեւով, որոնց թվում բավական է նշել «Արտոնագրային վճարների մասին», «Գրադարանների մասին», մարզերում ինքնակամ շինությունների անհատույց գրանցման մասին, ավանդների փոխհատուցման մասին եւ սոցիալական, մշակույթի ու գործարար ոլորտներին վերաբերող այլ օրինագծեր, որոնք առնչվում են հասարակության լայն շերտերին, եւ որոնց ընդունումը մեծապես թեթեւացրել եւ դեռեւս պետք է թեթեւացնի մարդկանց հոգսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել