Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դեկտեմբեր 17,2010 00:00

ՀՀԿ-ն փոխեց նաեւ իր մի քանի նախարարներին

«Երեւանի մասին» օրենքի համաձայն, այսօր Երեւանի ավագանին «կընտրի» Երեւանի նոր քաղաքապետին: Հավանական թեկնածուների անունները հայտնի էին օրեր առաջ՝ «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյան, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյան, ինչպես նաեւ Դերենիկ Դումանյան: Երեկ ամբողջ օրվա ընթացքում հանրապետականները մամուլի ասուլիսներում եւ հարցազրույցներում պարտիզանի պես լռում էին այն մասին, թե ի վերջո կուսակցության խորհուրդն ում է տեսնում քաղաքապետի պաշտոնում:

Եվ Գալուստ Սահակյանը, եւ Արտակ Զաքարյանը երեկ թեպետ համաձայնել էին մասնակցել մամուլի ասուլիսների, սակայն գլխավորի մասին լռել էին։ Ի դեպ, նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից եւս ինֆորմացիայի արտահոսք այդպես էլ չեղավ: Հանրապետականները մի բան էին շարունակ շեշտում՝ Երեւանի քաղաքապետ կդառնա նա, ում կորոշի ՀՀ նախագահը: Հայտնի էր նաեւ, որ երեկվա ընթացքում որոշում էր կայացվեու ոչ միայն քաղաքապետի, այլեւ նախարարաց մի բույլի պաշտոնանկությունների մասին։ Ի դեպ, նախագահականից եւս չէին հերքում այդ լուրերը, բայց թե կոնկրետ ովքեր են հրաժեշտ տալու իրենց պաշտոններին, չէր ասվում։

Երեկ ուշ երեկոյան ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: Նիստին ներկա էր հանրապետության եւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդի նիստում որոշվեց, որ Երեւանի նոր քաղաքապետ է դառնալու «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանը: Ֆինանսների նախարար է դառնալու ԿԲ-ից՝ Վաչե Գաբրիելյանը, իսկ արդեն ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը կդառնա էկոնոմիկայի նախարար: Ներսես Երիցյանը հրաժեշտ տվեց պաշտոնին: Արդարադատության նախարար կնշանակվի Հրայր Թովմասյանը: Բոլոր թեկնածություններն առաջարկել է հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել