Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՄ ՆԱՀԱՊԵՏԻ ԵՐՐՈՐԴ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Եվ իմ Նահապետը դարձյալ ասաց. – Կյանքն ու մահը հավերժական ներկա են աշխարհում, քանի դեռ, անշուշտ, աշխարհը կա: Մարդն իր ծննդյան օրից քայլում է անդարձության անդունդի եզրով, որի մի կողմը կյանքն է, մյուսը՝ մահը: Բայց կա նաեւ մի այլ շարունակություն,- ավելացրեց Նահապետը,- քանի դեռ կյանք կա քո մեջ, եւ դու ապրում ես, պիտի քեզ տրված օրերդ ապրես այնպես, որ քեզ ծնունդ տվող կինն ու տղամարդը, եւ իրենց ստեղծող Աստված՝ չափսոսա: Մի պահ վերադարձի՛ր քարանձավ, ուր քո նախնիներն են ապրել, ուր ցուրտ է, բայց հաստատուն ցուրտ: Անշուշտ, նախնիներդ իմացել, բայց ամեն անգամ զարմացել են, թե ինչո՞ւ է հաչում իրենց շունը, ո՞ւմ վրա է հաչում եւ ի՞նչ առիթով: Այսօր էլ ենք զարմանում, թե ինչո՞ւ է հաչում շունը, եթե մեր շունն է՝ ո՞ւմ վրա է հաչում եւ ումի՞ց է մեզ պաշտպանում, թե՞ պաշտպանվում է մեզանից, մեր տեսակից, գուցե իր անզորության վախի՞ց է հաչում…

– Դուրս նայեք ձեր կյանք-քարանձավից,- շարունակեց Նահապետը,- եւ երբ տեսնեք ձեր տեսիլքների հովանավորին, մի՛ զարմացեք: Նա էլ ձեզանից մեկն է, բայց նա հովանավորն է ձեր տեսիլքների: Կնայե՛ք, եւ երբ տեսնեք, որ նա հանգիստ լսում է շան հաչոցը. երբ դրսում ձմեռնամուտ է, անմիջապես էլ կհասկանաք, որ մի տարով էլ է պնդացել ծառի կեղեւը, իսկ տերեւները կորցնելով իրենց հիշողությունը՝ ծառ են ուզում ծնվել, մոռանալով, որ իրենք ընդամենը քամուց քշվող տերեւներ են ու պարզապես զավակներն են ծառի: Կհասկանաք նաեւ, թե ինչո՞ւ է հաչում ձեր շունը, ինչպես որ Դոն Քիշոտին հանդիպած շունն էր հաչում, ինչը նրան հուշեց, որ ճիշտ ճանապարհով է գնում:

– Այո՛, կյանքն ու մահը մի մարմին են, նույն ներկայությունը,- շարունակեց Նահապետը,- պարզապես երկու երես ունեն, ինչպես դրամը պարզունակ, որի մի երեսը, եթե հաջողվում է, ծախսում ես քո կյանքում, մյուսը՝ թողնում ժառանգներիդ եւ քեզանից հետո եկողներին: Եվ կան բաներ, որոնք մենք չենք տեսնում, քանի որ դրանք մեր թիկունքում են: Իսկ մեր թիկունքը հազարամյա ծառն է: Եվ եթե մեր թիկունքը մենք չենք տեսնում՝ բոլորովին էլ չի նշանակում, թե ծառը մեզ չի տեսնում՝ իր տերեւներին, որոնք, սովորաբար, միշտ հեռանում են անհասցե…

– Դարձյալ եմ ասում,- շարունակեց Նահապետը,- մի՛ նեղվեք, եթե ձեր շներն են հաչում ձեր վրա, բայց վախեցե՛ք ձեր ձեռնասուն կատուներից, որոնք կարող է մի օր ձեր դեմ հաչեն շնաձայն: Այնինչ՝ կյանք-մահ տարաշխարհիկ ներկայության մեջ շան հաչոցը մեզ միշտ ուղղորդում է ճիշտ ճանապարհով, եթե, իհարկե, նա մեր շունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել