Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ՝ ԴԱՐՁՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Այլ հեռուստաընկերությունների ֆինանսական եւ մյուս խոստումները մշտապես «հալած յուղի» տեղ ընդունած ՀՌԱՀ-ը հատկապես «Ա1+»-ի  ներկայացրած փաստաթղթերում է հայտնաբերել «ակնհայտ կեղծիքներ»:

\"\"

6-ային գնահատումներ

Թեեւ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի անցկացման կարգի համաձայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները կարող են 0-10 թվերով գնահատել մրցույթի յուրաքանչյուր մասնակցին՝ երեկ 18 մրցույթներից 16-ի դեպքում, որոնց մասնակցում էին մեկական հեռուստաընկերություններ՝ ՀՌԱՀ բոլո՛ր 8 անդամները միահամուռ նշանակում էին 6, ընդհանուրը՝ 48 միավոր: ՀՌԱՀ անդամ, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը սա «Առավոտին» այսպես բացատրեց. «Տրամաբանությունն այսպիսին է՝ եթե ընկերությունը համապատասխանում է օրենքով սահմանված ընտրության 6 չափանիշներին (սեփական արտադրության հաղորդումների գերակայություն, հայրենական արտադրության հաղորդումների գերակայություն, բիզնես ծրագրի հիմնավորվածություն, բազմակարծությունը խթանելու կարողություն, տեխնիկական ու ֆինանսական հնարավորություններ եւ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն)՝ ստանում է 6 միավոր: Եվ քանի որ չկար մրցակցության խնդիր, այսինքն՝ որեւէ մեկը մյուսի հետ համեմատելու, թե մեկի բիզնես ծրագիրը կամ խոստացված ներդրումներն այսպիսին են, մյուսինը՝ այդպիսին, այստեղ չկար որեւէ կոնֆլիկտ: Եվ ով որ համապատասխանում էր այդ 6 չափանիշներին՝ ստացավ 6 միավոր»:

Միահամուռ քվեարկության պատկերը խախտվեց երկու մրցույթների պարագայում, որտեղ կար իրական մրցակցություն: ԱԼՄ-ի, որը ստացավ 32 միավոր, եւ «Երեւան» հեռուստաընկերության դեպքում, որն էլ ստանալով 40 միավոր՝ ճանաչվեց հաղթող: Եվ երկրորդը՝ «Արմնյուզին» ՀՌԱՀ 7 անդամներն էլի նշանակեցին 6, իսկ «Ա1+»-ին միահամուռ կերպով 0: Բացառությունն Արա Թադեւոսյանն էր, որը ե՛ւ «Արմնյուզին», ե՛ւ «Ա1+»-ին նշանակեց 2:

ՀՌԱՀ անդամների բացատրություններից

Վարկանիշային քվեարկությունից հետո ՀՌԱՀ անդամներն անմիջապես գնացին Գրիգոր Ամալյանի սենյակ, եւ դեպի այդ հատված մուտքը հսկում էին ինչ-որ տղաներ: Նրանցից մեկին խնդրեցինք, որ կանչի Կորյուն Առաքելյանին, որն անցած տարի ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե «Ա1+»-ի գործունեությունը միշտ եղել է իր տեսադաշտում. «Իմ դիրքորոշումը ես չեմ փոխել։ Եվ ես ազատ մամուլի, ազատ հեռուստատեսության, ազատ ռադիոյի, անկաշկանդ ռադիոյի կողմնակից եմ ընդհանրապես»: Ուզում էինք պարզել նրա այդ հայտարարության եւ քվեարկության հակասությունը: Սակայն թեեւ մեզ ասել էին՝ սպասեք, հիմա կգա, պրն Առաքելյանն այդպես էլ չեկավ:

Լրագրողներից չխուսափեց ԱԺ նշանակած մեկ այլ անդամ՝ Արմեն Մկրտչյանը, որը հիշեցնենք՝ ազատամարտիկ է եղել, նախկինում՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարողացել է պաշտպանել հավաքների ազատության իր իրավունքը: Իսկ այժմ ՀՌԱՀ-ի՝ նախկինում իշխանության ներկայացուցիչների հետ զրո նշանակեց «Ա1+»-ին: Մեր հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ իր քվեարկությամբ նա, մեղմ ասած, ստվեր նետեց իր ողջ նախկին գործունեության վրա՝ Արմեն Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Ղեկավարվել եմ միայն օրենքով, ինչպես որ միշտ արել եմ»: Եվ պնդեց, թե սա քաղաքական որոշում չէր:

Իր քվեարկությունը հիմնավորեց նաեւ Արա Թադեւոսյանը, որի հետ զրուցեցինք արդեն այն բանից հետո, երբ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասուլիսում հայտարարեց, թե «Ա1+»-ը ներկայացրել է «ակնհայտ կեղծ փաստաթղթեր»: «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերի ոչ համոզիչ կամ կեղծ լինելը թույլ չէր տալիս առհասարակ որեւէ գնահատական տալ, քանի որ հասկանալի է՝ եթե ֆինանսական միջոցներ չկան, ապա շատ դժվար է իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք կան նախագծում,- ասաց Արա Թադեւոսյանը:- Այնուամենայնիվ, քանի որ ինքս լրագրող եմ եւ «Ա1+»-ում աշխատող լրագրողների մեծ մասին շատ վաղուց եմ ճանաչում՝ ինձ իրավունք վերապահեցի գնահատել 6 չափանիշներից 2-ը՝ տվյալ հեռուստաընկերության բազմակարծություն ապահովելու կարողությունը եւ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը: Եվ աչք փակելով այդ փաստաթղթերի վրա՝ «Ա1+»-ին, այնուամենայնիվ, տվեցի 2 միավոր: «Արմնյուզի» դեպքում էլ փորձել եմ գնահատական տալ 2 չափանիշի՝ բիզնես ծրագրի հիմնավորվածությունը եւ տեխնիկական ու ֆինանսական հնարավորությունները՝ մեկական միավորով: Իսկ բազմակարծություն ապահովելու կարողության եւ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության առումով ես վերապահումներ ունեմ «Արմնյուզի» վերաբերյալ, ուստի նպատակահարմար չեմ գտել գնահատել սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների վերաբերյալ չափանիշները»:

Մանրադիտակի ներքո

Նախ՝ մի փոքրիկ հիշեցում: 2003-ի հոկտեմբերին «Ա1+»-ն էլի մրցում էր «Արմնյուզի» հետ եւ ներկայացրել էր բազմաթիվ հավաստագրեր, որոնցով փաստվում էր ներդրումներ անելու պատրաստակամությունը: Մասնավորապես «Շեն» ընկերությունը խոստացել էր 200 հազար դոլար արժողությամբ գովազդային արշավ պատվիրել «Ա1+»-ին: Բայց այդ փաստը հայտնի դառնալուց հետո ճնշումներ գործադրվեցին «Շենի» նկատմամբ, ու հենց մրցույթի արդյունքները հրապարակելու օրը Գրիգոր Ամալյանը կարդաց «Շեն» կոնցեռն ՓԲԸ-ի նախագահի գրությունը, որով խնդրում էր չեղյալ համարել պարտավորագիրը: Դրանից հետո «Ա1+»-ն այլեւս իր մրցութային առաջարկում չի ներգրավում տեղական գործարարների:

Ե՛վ 2003-ին, ե՛ւ այս մրցույթում «Ա1+»-ում ներդրումներ անելու մտադրություն էր հայտնել ֆրանսահայ Ռիչարդ Դանիելյանի «Սոս Քամփինգ Սերվիսը»: «Ա1+»-ի ներկա ծրագրում այդ կապակցությամբ մի քանի փաստաթղթեր կան (տե՛ս լուսանկարները), որոնք պատշաճ ե՛ւ կնքված են, ե՛ւ ստորագրված: Բայց դրանցից մեկը, որը ստորագրել է Ռիչարդ Դանիելյանի կինը, թեեւ էլի ընկերության տիտղոսաթերթի վրա է գրված, բայց ստորագրություն եւ կնիք չկա: Եվ սա առիթ տվեց ՀՌԱՀ նախագահին այս փաստաթուղթը հռչակել կեղծ:

Նա «ակնհայտ կեղծ» անվանեց նաեւ բրիտանական «Hobbington Management Limited» ընկերության տված հավաստագիրը՝ 55 հազար դոլարի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու եւ Բելիզի «Rogerstone logistic limited»-ի կողմից 65 հազար դոլարի աջակցության մասին գրությունը: Պատճառն այն է, որ ՀՌԱՀ-ը նկատի ունենալով այս փաստաթղթերում կնիքի եւ անվանման անհամապատասխանությունը՝ պաշտոնական հարցում էր արել: Եվ «Hobbington Management Limited»-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ձեռնարկությունների ռեգիստրը վարող պաշտոնական մարմնից ստացել էր պատասխան. «Եղել է նման մի ձեռնարկություն Մեծ Բրիտանիայում, որն իր գործունեությունը դադարեցրել է 2007-ին, եւ արդեն 2006-ին նրա ակտիվները կազմել են 2 ֆունտ ստեռլինգ: Այսինքն՝ վաղուց արդեն չի գործում նման ընկերություն, բայց այդ ընկերությունը պարտավորվում է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել «Մելտեքս» ՍՊԸ-ին»: Իսկ Բելիզի ռեգիստրը վարող պաշտոնական մարմինը տեղեկացրել էր, որ իրենց երկրում չկա նման անունով կազմակերպություն: «Անձամբ իմ քվեարկության համար որոշիչ է եղել այն, որ ներկայացված բիզնես ծրագրում առկա կեղծ եւ անվավեր փաստաթղթերը հնարավորություն չեն տալիս ընկերությանն իրականացնել իր ծրագիրը,- ասաց Գրիգոր Ամալյանը:- Որեւէ մեկի իրականացումը իրատեսական չէ, որովհետեւ այդ իրականացման համար ընկերությունը նախատեսել էր միջոցների ներգրավում, որը չունի»: Նկատենք, սակայն, որ «Ա1+»-ի առաջարկում կան ներդրումների վերաբերյալ այլ փաստաթղթեր էլ՝ ասենք, ՌԴ «Պրեստիժ» ընկերությունից՝ 120 հազար դոլարի աջակցության մասին, ՌԴ մեկ այլ՝ «Ռոտոր» ընկերությունից՝ 70 հազար դոլարի աջակցության մասին, վերջապես՝ «Մելտեքս» ՍՊԸ հիմնադիրներ Մեսրոպ եւ Տատյանա Մովսեսյաններն են պատրաստակամություն հայտնել ներդնել 158 622 դոլար գնահատված առկա հիմնական միջոցները ու եւս 100 հազար դոլար: Այնպես որ՝ չափազանցություն է, թե «Ա1+»-ը միջոցներ չունի:

«Առավոտը» պրն Ամալյանին հիշեցրեց, թե ինչպես առանց որեւէ առարկության ՀՌԱՀ-ը 2002-ին հիմք ընդունեց հօգուտ «Շարմի» «Եվրոմոթորս» ՍՊԸ-ի եւ ACBA BANK-ի գրությունները՝ 1մլն 850 հազար ԱՄՆ դոլար ներդրումների, կամ 2003-ին հօգուտ «Արմնյուզի»՝ «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ի գրությունը՝ 2,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնելու մասին: Սակայն ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ դեպքում հետագան ցույց տվեց՝ այդ խոստումներն արժեին միայն այն թուղթը, որի վրա գրված էին: Եվ այս նախադեպերը նկատի ունենալով՝ հետաքրքրվեցինք, թե արդյոք նույն նախանձախնդրությամբ ՀՌԱՀ-ն ուսումնասիրե՞լ է նաեւ «Արմնյուզի» ներկայացրած փաստաթղթերը. «Հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր 18 մրցույթների բոլոր մասնակիցների հայտերը, եւ միակ դեպքը «Մելտեքս» ՍՊԸ-ն չէ, որ հանձնաժողովը կասկածելի փաստաթղթերի կապակցությամբ կատարել է հարցումներ: Դրանց կծանոթանաք շատ ավելի ուշ՝ ըստ հերթականության»:

ԱԼՄ-ն եթեր կառնի

ՀՌԱՀ նախագահն ասուլիսում հիմնավորեց նաեւ «Երեւան»-ին 5 եւ ԱԼՄ-ին 4 գնահատելու վերաբերյալ իր քվեարկությունը. «Ըստ 2՝ հայրենական եւ սեփական հաղորդումների վերաբերյալ չափորոշիչների՝ գերազանցում էր «Երեւան» հեռուստաընկերությունը: Ըստ մի չափորոշիչի՝ ակնհայտորեն գերազանցում էր ԱԼՄ-ն: Եվ ըստ 3 չափորոշիչների՝ նրանք հավասարապես բավարար տվյալներ էին ներկայացրել»: ԱԼՄ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը, սակայն, մեր զրույցում պնդեց, թե իրենք բոլոր 6 չափանիշներով գերազանցել էին «Երեւան» հեռուստաընկերությանը. «Մենք մաքուրով հաղթում էինք իրենց: Այն, որ մենք պարտվեցինք՝ ես բնութագրում եմ որպես քաղաքական որոշում ու դատապարտում եմ այն: Համարում եմ, որ այդ որոշումը հետեւյալ նպատակն էր իր մեջ ներառում, որ ինձ զրկեն եթերից ԱԺ ընտրություններից առաջ, չկարողանամ իմ ոճով հաղորդակցվել հեռուստադիտողի հետ: Բայց մենք կփորձենք գտնել եթեր՝ կա՛մ որեւէ մեկի հետ միանալ, որեւէ մեկից գնել՝ փողով, չգիտեմ ինչով, եթերաժամ վերցնել: Մեզ առաջարկում էին շատ-շատերը՝ նաեւ մարզային հեռուստաընկերությունները, իրենց հետ կարող ենք պայմանավորվել: Այն նպատակը, որ հետապնդում են իշխանությունները, ամբողջովին զրկել մեզ խոսքի հնարավորությունից, չի՛ լինելու»: Տիգրան Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց հասնել մինչեւ ՄԻԵԴ:

Հակափաստարկներից առայժմ այսքանը

«Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» ասաց, թե Գրիգոր Ամալյանի հայտարարություններին արդեն արձագանքել են նրա նշած ընկերություններից 2-ը. «Եվ առաջիկա օրերին կունենանք նրանց կողմից տրված փաստաթղթեր, որոնք կներկայացնենք ե՛ւ հանրությանը, ե՛ւ ՀՌԱՀ-ին: «Մելտեքս» ՍՊԸ-ն երեկ արդեն ՀՌԱՀ է մուտքագրել մի դիմում, որով խնդրել է տրամադրել Անգլիայից եւ Բելիզից իրենց ստացած այն պատասխանների պատճենները, որոնց հղում է արել ասուլիսում: Մենք իրավական գործընթաց ենք սկսում: Ավելի մանրամասն՝ կասենք երկուշաբթի ասուլիսում»:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն «Առավոտին» թվարկեց մի շարք օրենքներ՝ նշելով. «Եթե նույնիսկ ՀՌԱՀ-ը տեսել էր որեւէ կասկածելի փաստաթուղթ՝ պետք է գրավոր կամ բանավոր դիմեին «Մելտեքս» ընկերությանը եւ ստանային պատասխան: Եվ եթե այն իրենց չբավարարեր ու պարզեին, թե իսկապես կեղծել են՝ այդ ժամանակ գուցե կարելի էր մտածել, թե նրանք արդար են: Բացի այդ՝ եթե չեմ սխալվում, «Ա1+»-ը ներկայացրել էր ֆինանսավորող 8-9 կազմակերպություն: Ընդունենք, թե այդ 3-ը չէին համապատասխանում: Բա մյուսնե՞րը: Եվ արդյոք այդպիսի մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվե՞լ են նաեւ մնացած հեռուստաընկերությունները: Հենց «Առավոտի» իրականացրած ուսումնասիրությունները նախորդ մրցույթից հետո ցույց են տվել, որ բոլոր հեռուստաընկերությունները, որոնք եթեր էին ստացել 2002-2004 թվականներին՝ որեւէ մեկը լիովին չէր կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր: Այսինքն՝ այստեղ հստակ երեւում է միտումնավորություն եւ իշխանության պատվեր»:

Հ. Գ. Խիստ կողմնակալ վերաբերմունքի եւս մի աննշան արտահայտություն. Գրիգոր Ամալյանն անընդհատ «Ա1+»-ի վերաբերյալ նշում է «Մելտեքս» ՍՊԸ անվանումը, մինչդեռ «Երկիր Մեդիայի» դեպքում չի ասում «Հուսաբեր» ՍՊԸ, «Կենտրոնի»՝ «Մուլտի Մեդիա Կենտրոն», կամ «Հայ TV»-ի դեպքում չէր ասում «Շարկ» ՍՊԸ, իսկ «Ա TV»-ին՝ «Հոպար TV»: Այսինքն՝ չի ցանկանում արտաբերել անգամ «Ա1+» անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել