Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրկորովը, ֆուտբոլիստները եւ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը

Դեկտեմբեր 16,2010 00:00

Անցած ուրբաթ, ռուսական «Ոսկե գրամոֆոն» մրցույթի նախապատրաստական աշխատանքների ժամանակ, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նախ հայհոյել, ապա հարվածել է դահլիճի լուսային ձեւավորման եւ նկարահանման խմբի անդամ Մարինա Յաբլոկովային: Ու մինչ շատերը դատապարտում են Կիրկորովին, իսկ նա Իսրայելի հոգեբուժարաններից մեկում թերապիա է անցնում ու հայտարարում, թե զղջում է արածի համար, պատրաստ է պատասխան տալ, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ Ալեքսանդր Կերժակովը, Վլադիմիր Բիստրովը եւ Վյաչեսլավ Մալաֆեեւը, ի պաշտպանություն Կիրկորովի, նամակ են տպագրել ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում: Ըստ ֆուտբոլիստների, իրականում մամուլը ուռճացված է ներկայացնում տեղի ունեցածը, որն էլ իր հերթին սադրանքի արդյունք է:
Այս առիթով ռուս մի էքստրասենս նկատել է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ խաղից առաջ նման հայտարարությունը ոչ մի լավ բան չի խոստանում. «Ֆիլիպ Կիրկորովը հայտնի է կանանց նկատմամբ իր բռի եւ անտաշ վերաբերմունքով եւ Հայաստանում անցանկալի անձ է: Մենք բոլորս հիշում ենք, թե նա ինչպես էր հայ լրագրողուհուն վիրավորելուց հետո ցանկանում Հայաստան հյուրախաղերի մեկնել, սակայն, տեղի հասարակության վերաբերմունքը տեսնելով՝ ռիսկ չարեց»: Էքստրասենսը նկատի ունի 2004 թվականի մայիսի 20-ին Դոնի-Ռոստով քաղաքում կայացած մամուլի ասուլիսը, որի ժամանակ Կիրկորովը տեղական «Դոնի թերթի» լրագրող, ազգությամբ հայ Իրինա Արոյանին վիրավորել եւ դահլիճից դուրս էր հանել: Այս պահվածքի համար երգիչը 60 000 ռուսական ռուբլի տուգանք վճարեց:
Թե ինչ պատիժ կստանա Կիրկորովը Մարինա Յաբլոկովային վիրավորելու եւ հարվածելու համար, դեռ կերեւա, իսկ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղը 2011-ի մարտի 26-ին է՝ Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել