Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցաշրջան 2011-ին նախապատրաստվելիս

Դեկտեմբեր 16,2010 00:00

Թեեւ 2010 թվականի ավարտին դեռ մի քանի շաբաթ է մնում, արդեն երեկ ՀՖՖ-ն սկսեց մրցաշրջան-2011-ի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքները՝ անցկացնելով գավաթի խաղարկության եւ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի համարների վիճակահանությունը:
Նախորդ տարիներին այս գործընթացը տեղի էր ունենում մրցաշրջանի մեկնարկից քիչ առաջ. ձմռան վերջին կամ գարնան սկզբին: Այս անգամ ժամկետի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլային տարին Հայաստանում ժամանակագրորեն ավելի վաղ է մեկնարկելու՝ ազգային հավաքականի թեկնածուներին Ռուսաստանի ընտրանու հետ խաղին ընդառաջ օպտիմալ մարզավիճակի բերելու համար:
Ինչպես պարզ դարձավ վիճակահանության արդյունքում՝ մրցաշրջան-2011-ը մեր ֆուտբոլում կմեկնարկի մարտի 1-ին՝ գավաթի խաղարկության նախնական փուլի հանդիպումներով: Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է այն փաստով, որ գավաթի խաղարկությանը մասնակցելու է 9 թիմ՝ «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Կիլիկիա», «Շիրակ» եւ նախորդ խաղարկությունը բոյկոտած «Արարատը»: Ըստ ՀՖՖ կանոնակարգի, հենց «Արարատն» էլ, որպես առաջին խմբում հաղթող դարձած թիմ, չեզոք դաշտում կմասնակցի նախնական փուլի հանդիպմանը, որտեղ նրա մրցակիցը կլինի բարձրագույն խմբի առաջնությունում մրցաշարային աղյուսակը եզրափակած «Շիրակը»: Այս զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքով եւ վերջինիս մրցակիցը քառորդ եզրափակչում կլինի ներկայիս գավաթակիր «Փյունիկը»: Ըստ վիճակահանության, գավաթի խաղարկության ցանցը ունի հետեւյալ տեսքը.
1/4 եզրափակիչ: 10-11.03.11, 14-15. 03.11:
«Շիրակ»-«Արարատ» հանդիպման հաղթող-«Փյունիկ»:
«Բանանց»-«Գանձասար»:
«Ուլիս»-«Կիլիկիա»:
«Միկա»-«Իմպուլս»:
1/2 եզրափակիչ: 12-13.04.11, 26-27.04.11:
3-րդ  զույգի հաղթող-1-ին զույգի հաղթող:
4-րդ զույգի հաղթող-2-րդ զույգի հաղթող:
Եզրափակիչը, ինչպես միշտ, տեղի կունենա մայիսի 9-ին:
Ինչ վերաբերում է բարձրագույն խմբի առաջնության խաղացանկին, այն կկազմվի համաձայն վիճակահանության ընթացքում թիմերի ստացած հետեւյալ համարների.
1.«Կիլիկիա»,  2.«Արարատ», 3.«Միկա», 4.«Իմպուլս», 5.«Գանձասար», 6.«Ուլիս», 7.«Փյունիկ», 8. «Շիրակ», 9. «Բանանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել