Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

Դեկտեմբեր 16,2010 00:00

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի խմբային մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը («B» խումբ) 2011 թվականի մարտի 26-ին հյուրընկալելու է Ռուսաստանի ընտրանուն եւ, հաջողության հասնելու դեպքում, մրցաշարային աղյուսակը գլխավորելու ու հետագայում Եվրո 2012-ի եզրափակիչ մտնելու եզակի հնարավորություն ունի: Հասկանալի է, բաղձալի հաղթանակը տոնելու եւ նպատակին հասնելու համար մեր ֆեդերացիան մնացած այս ամբողջ ժամանակահատվածում կանի հնարավոր ամեն բան: Իրավիճակը հետաքրքրում է բոլորիս, սկսած ֆուտբոլասերներից, մինչեւ մասնագետներ: Եվ յուրաքանչյուրը պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել: Օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը՝ խնդրո թեմայի շուրջ իր տեսակետներն արտահայտելու:
«Մեր ժամանակների եւ այսօրվա ֆուտբոլը խիստ տարբեր են,- սկսեց նա:- Ինձ հաճախ հարցնում են՝ կուզենայի՞ 20 տարեկան լինել եւ հիմա ֆուտբոլ խաղալ, ինչին պատասխանում եմ՝ կուզենայի, որ անկախությունը լիներ 60-ական թվականներին, եւ մեր հրաշալի տղաները, որոնք հայկական ֆուտբոլի եւ ժողովրդի համար մեծ գործ են արել, այն ժամանակ անշուք չհեռանային ոչ ֆուտբոլից, ոչ էլ կյանքից: Բայց անցնեմ բուն ասելիքիս: Վերջերս պարոն Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահ: Երբ նա առաջին անգամ գլխավորեց ֆեդերացիան, ասում էր, որ ինքը ֆուտբոլի մասնագետ չէ, բայց ֆուտբոլի համար պատրաստ է անել ամեն բան: Իմ համոզմամբ, այս տարիներին պարոն Հայրապետյանը, շփվելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ, համապատասխան մասնագիտական գիտելիքներ եւ փորձառություն կուտակել է, որպեսզի հայկական ֆուտբոլի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում ինքնուրույն ու ճիշտ որոշումներ կայացնի: Եվ այդպես էլ վարվում է: Նախագահի հենարանը ֆեդերացիայի գործկոմն է, որը կոչված է օգնել նրան բոլոր այդ հարցերում, ճիշտ խորհուրդներ տալ: Դրա համար անհրաժեշտ է, որ գործկոմը համալրվի մասնագետներով:
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը 7 միավոր է վաստակել եւ խմբի առաջատար Ռուսաստանին հաղթելու, իսկ հետագայում՝ եզրափակիչ անցնելու եզակի հնարավորություն ունի: Մենք հիմա կանգնած ենք պատմական իրադարձության շեմին, ու շանսը ձեռքից բաց թողնել չի կարելի: ԽՍՀՄ տարիներին ազգային հավաքականը միշտ էլ մարզել են ռուս մարզիչները: Հիմա է, որ արտասահմանցի մասնագետներ հրավիրելը մի տեսակ մոդա է դարձել: Կարծում եմ՝ պետք է օգտվել դրանից եւ թեկուզ երեք ամսով որպես մեր ընտրանու գլխավոր մարզիչ հրավիրել, ասենք, Ալեքսանդր Պոնոմարյովի պես ռուսաստանցի մի լավ մարզչի, որը խաղային եւ մարզչական հարուստ փորձ ունենա, տիրապետի ժամանակակից ֆուտբոլի պահանջներին, իմանա ռուսների հոգեբանությունը, քաջածանոթ լինի նրանց ֆուտբոլային խոհանոցին՝ թիմերի եւ ֆուտբոլիստների մարզումների տակտիկային ու մեթոդներին: Այդպիսի մարզիչը կկարողանա մերոնց ճիշտ նախապատրաստել Ռուսաստանի հետ հանդիպմանը, խաղի ճիշտ ռազմավարություն մշակել: Եվ, որ էլի անչափ կարեւոր է, բանիմաց լինելուց զատ, բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ հավասարապես խիստ եւ պահանջկոտ լինի: Ասածս չի նշանակում, թե Վարդան Մինասյանին թերագնահատում եմ: Նա երիտասարդ է ու մեր լավագույն մարզիչներից մեկը, երկար ժամանակ աշխատել է որպես հավաքականի երկրորդ մարզիչ եւ բավականին փորձ ձեռք բերել: Հիմա ինչ որ ասեմ, կոնկրետ նրան չի վերաբերում, այլ ընդհանուր երեւույթ է ու գոյություն ունի ամեն տեղ: Երկրորդ մարզիչը շատ դեպքերում հավաքականի ֆուտբոլիստների եւ գլխավոր մարզչի միջեւ միջնորդ օղակ է լինում, ինչը նրան եւ ֆուտբոլիստներին ընկերացնում է: Օրինակ, եթե ֆուտբոլիստը ինչ-ինչ պատճառներով ցանկանում է հավաքից մեկ օր բացակայել կամ տվյալ մարզմանը չմասնակցել, սովորաբար, դիմում է երկրորդ մարզչին: Վերջինս էլ, հաճախ ընկերականությունից դրդված, միջնորդում, օգնում է: Հիմա Մինասյանը գլխավոր մարզիչն է: Նա կկարողանա՞ վեր կանգնել այդ հնարավոր ընկերականությունից (հատկապես՝ հավաքականի հնաբնակների հետ, որոնք թիմի կորիզն են), խստապահանջ լինել եւ իր, եւ ֆուտբոլիստների նկատմամբ: Եթե նա որպես գլխավոր մարզիչ որոշի այս կամ այն ֆուտբոլիստին մեկնարկային կազմ չդնել կամ փոխարինել, կարող է, չէ՞, այդ ընկերը նեղանալ: Սա մարդկային փոխհարաբերություն է, մեզ՝ հայերիս, բնորոշ մտածելակերպ, ինչը հաճախ վնասում է ընդհանուր նպատակին ու գործին:
Ռուսաստանից ժամանակավորապես մարզիչ հրավիրելու առաջարկն անում եմ զուտ ընձեռված պահի, պատմական հնարավորության լրջությունն ու կարեւորությունը գիտակցելով: Եվ, կարծում եմ, այս մասին արժե մտածել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել