Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻՆ

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացավ «Հայերեն գիրք- 2010»  Անրի Վերնոյի անվան միջազգային գրական փառատոնը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող նաեւ անվանի հայ հեղինակներ: Փառատոնի պատվավոր նախագահն էր ֆրանսիական հեղինակավոր TF1 հեռուստաընկերության ղեկավար Շարլ Վիլնյովը: Ժյուրիի կազմում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, դերասան Ժակի Ներսիսյանը, ճանաչված կուտուրյե եւ Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դիդիե Փարաքյանը, Սայաբալյան ինստիտուտի նախագահ Օհան Հեքիմյանը եւ այլք:
Փառատոնը անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նախկինում մասնակցել են այնպիսի ճանաչված հեղինակներ, ինչպիսիք են Էլեն Կերիլիսը, Փիթեր Բալաքյանը, Ժան-Մարի Գառզուն եւ այլք: Արեւելահայ գրողներից 2006թ. ժյուրիի պատվավոր մրցանակին արժանացել է Պերճ Զեյթունցյանը:
Փառատոնի պատվավոր հյուրերի ցուցակում են Շարլ Ազնավուրը, Անրի Թրուայան, Ռոբեր Գեդիկյանը, Ալեն Թերզյանը: Այս տարի երիտասարդ արձակագիր Արեգ Ազատյանին շնորհվեց «Մեսրոպ Մաշտոց» մրցանակը, որպես տարվա լավագույն գրողի, «Հայ գրականության լավագույն հույսերից մեկը» անվանակարգում: Մրցանակը հանձնեց Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը: Հատուկ մրցանակների արժանացան նաեւ՝ պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը եւ ֆրանսահայ դերասան Ժակի Ներսիսյանը: Մրցանակի հեղինակն է հանրահայտ հայ քանդակագործ Թորոս Ռաստքելենյանը, որի քանդակները զարդարում են Եվրոպական երկրների փողոցներ ու պուրակներ:
Հավելենք, որ Արեգ Ազատյանը Հայաստանի գրողների միության անդամ է, ՀՀ նախագահի, Ռուբեն Սեւակի անվան մրցանակների դափնեկիր, չորս արձակ ժողովածուների եւ մի քանի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել