Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչքարերից մինչեւ իրավական հետեւանքներ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Մասնագետների դիտարկումները

Ջուղայի հայկական գերեզմանատան վերջին խաչքարի ոչնչացումից անցել է 5 տարի: «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ Աշոտ Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, թե 2005 թվականի դեկտեմբերին ինչպես ոչնչացվեց գերեզմանատան վերջին խաչքարը. «Տեղում՝ սահմանի վրա, հաստատվեց ռազմական հենակետ, որը կեղծ իրողություն էր, հանցագործությունը կոծկելու լավագույն միջոց: Գերեզմանատան ոչնչացումը տեղի է ունեցել ոչ թե սովորական քաղաքացիների, այլ Ադրբեջանի բանակի ուժերով, տեղում աշխատում էին բուլդոզերներ, եւ խաչքարերը, բարձելով բեռնատար մեքենաները, թափում էին Արաքսի հովիտը, հետո էլ մեծ կտորները վերածում խճի եւ ծածկում հողով»: Թուրք եւ ադրբեջանցի շատ պրոֆեսորներ այսօր ջանք չեն խնայում միջազգային հանրությանը համոզելու, որ Նախիջեւանում ոչ մի հայկական հուշարձան գոյություն չի ունեցել եւ չունի: Միեւնույն ժամանակ Հայաստանում հրատարակվում են Նախիջեւանին վերաբերող ալբոմներ, գրքեր, ֆիլմեր: Վերջերս էլ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը հայերեն եւ անգլերեն նկարահանել է «Ջուղա» ֆիլմը, որը, չնայած ադրբեջանցիների բարձրացրած վայնասունին, դեկտեմբերի 1-2-ը ցուցադրվել է Եվրախորհրդարանում, որից հետո պատգամավորները հայտարարել են՝ «Ադրբեջանը բարբարոս պետություն է»:
Ֆիլմը ներկայացնում է Ջուղայի պատմական արժեքը՝ ստեղծման օրից մինչեւ ոչնչացում: «Ջուղայի» մի դրվագում անդրադարձ կա պատմական հետեւյալ փաստի վերաբերյալ: 1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով, Ջուղայի գերեզմանոցում եղել է լավ պահպանված 10 հազար հայկական խաչքար, 20-րդ դարի սկզբին մնացել է մոտ 3000-ը, այսօր արդեն ոչ մի խաչքար գոյություն չունի: Ա. Հակոբյանի փոխանցմամբ, փրկվել են միայն այն արժեքները, որոնք ժամանակին տարվել են թանգարաններ, ինստիտուտներ, դրանց մի փոքր խումբը գտնվում է Էջմիածնում. «Չնայած վատ է, որ հուշարձանը տեղահանում են, բայց դրանք Ջուղայից պահպանված միակ խաչքարերն են: Սա արվել է Վազգեն Առաջինի ջանքերով, գուցե նա զգացել էր ոչնչացման վտանգը»:
Ինչպես նշեց Ա. Հակոբյանը, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը համագործակցում է ոչ միայն ազգությամբ հայ, այլեւ հայկական ճարտարապետությամբ մտահոգ օտարազգի անհատների հետ: Նա օրինակ բերեց Նախիջեւանում 3-օրյա արշավ կատարած շոտլանդացի Սթիվեն Սիմին: Վերջինս այցելել էր Նախիջեւան, իջել Երնջակի հովիտը, եղել Շոռութ եւ մի քանի այլ գյուղերում: «Սթիվեն Սիմը տաքսիով շրջել էր ու տեղի բնակիչներից, առանց հայկական անունը շեշտելու, հետաքրքրվել գոյություն ունեցող տեղի եկեղեցիների մասին, բոլորը ագրեսիվ եւ բացասական վերաբերմունք էին ցույց տվել: Միայն մեկն էր հայտնել եկեղեցու տեղը, բայց հետո անմիջապես տեղեկացրել ոստիկանությանը»,- ասաց ճարտարապետ Ա. Հակոբյանը:
2008 թվականին հիմնադրված «Ծիրանի» հ/կ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը կարծում է՝ միայն ողբալով ոչինչ չի փոխվի. «Ջուղայի օրինակից դասեր պետք է քաղել, մշակել անհրաժեշտ գործնական քայլեր եւ հասկանալ, թե ինչ արդյունավետ մեթոդներով պետք է պահպանել մեր մնացած հուշարձանները: Մենք առաջ ենք քաշում 2 հիմնական մեթոդ՝ իրավական եւ տեղեկատվական: Պետք է կարողանալ քանդման պահին լուրերը ճիշտ թիրախային լսարաններին հասցնել եւ ճիշտ ներկայացնել իրողությունները»: «Ծիրանիի» ղեկավարը նշեց, որ այդ նպատակով ստեղծել են դպրոց, ուսանողների համար կարդացել «Հայոց մշակույթի ներկայությունը համացանցում» խորագրով դասախոսություն: Ստեղծվել է տարբեր լեզուներով մոտ 10 բլոգ, որոնք անդրադառնում են ոչ միայն Ջուղայի խնդրին, այլեւ այսօր էլ շարունակվող մշակութային ցեղասպանությանը: Ն. Աշուղաթոյանը հայտնեց, որ այժմ «Ծիրանին» աշխատում է մի նոր ծրագրի վրա, պատրաստվում են ստեղծել վիրտուալ տարածք, որը պետք է հավաքի հուշարձանների մասին բոլոր ահազանգող նորությունները եւ ուղարկի տարբեր թիրախավորված ամբիոններ: Եկող տարվա համար պատրաստում են Ջուղայի մասին մի զեկույց, թե դատի տալու ինչ ուղիներ կան: Ավելի ուշ մեզ հետ զրույցում Ա. Հակոբյանը հույս հայտնեց, որ հայկական խաչքարային արվեստը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելն իրավական լուրջ հիմք կհանդիսանա: Նրա տեղեկացմամբ, Ֆրանսիայում գտնվող Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը արդեն անցել է գործնական քայլերի, դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դատական հայցն ընդունվել է, գործն ընթացքի մեջ է: Ն. Աշուղաթոյանն էլ հավելեց, որ Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստում եւ «հակընդդեմ» հայցեր է ներկայացնում:
Մասնագետները Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար վերացմանը հրեական ծագումով լեհ Ռաֆայել Լեմկինի կողմից առաջ քաշված «մշակութային ցեղասպանություն» որակումն են տալիս, որն այսօր, ցավոք, իրավական մեծ արժեք չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել