Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՊԱՐԶ, ՀԱՄԵՍՏ ՎՐԱՑԻ ԵՄ»

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"Ասում է ճանաչված տենոր Գեորգի Օնիանին, որը երեւանյան «Աիդայում» հանդես կգա Ռադամեսի դերերգով

Ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո հայ օպերային արվեստի սիրահարները սեփական տանը կարող են կրկին վայելել համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից Վերդիի «Աիդա» օպերան: Առաջնախաղը նշանակված է դեկտեմբերի 23, 25, 26-ին:
Հիշյալ օպերան մեր թատրոնում ունեցել է ընդամենը մեկ բեմադրություն: 1941թ. այն իրականացրել են անվանի արվեստագետներ՝ բեմադրող ռեժիսոր Միքայել Թավրիզյանը եւ ռեժիսոր Արմեն Գուլակյանը: «Աիդայում» ժամանակին փայլել են հայ օպերային բեմի երախտավորներ Եվգենյա Խաչիկյանը, Ելենա Միքայելյանը, Ելենա Վարդանյանը, Աիդա Դումանյանը, Մարիա Չմշկյանը, Գոհար Գալաչյանը, Օլգա Գաբայանը, Սերգեյ Դանիելյանը, Միհրան Երկաթը, Արշավիր Կարապետյանը եւ այլք: Տարիներ առաջ Երեւանի թատրոնում համաձայնել են հիշյալ օպերայում հանդես գալ Իրինա Արխիպովան, Ելենա Օբրազցովան, Մարիա Բիեշուն, Զինաիդա Պալլին, Կարպիս Զոբյանը, Դավիթ Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացրել էինք, մերօրյա «Աիդայի» նախապատրաստական աշխատանքները սկսվել են ապրիլին, բեմադրությունն իրականացնում է իտալացի ճանաչված բեմադրիչ Մարիո Կորրադին, բեմադրող դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, զգեստներն ու դեկորները Ավետիս Բարսեղյանի աշխատանքն են, խորմայստերը Կարեն Սարգսյանն է, պարերը բեմադրել է Վիլեն Գալստյանը: Ներկայացմանը դրսից հրավիրված են միայն ճանաչված սոպրանո Հասմիկ Պապյանը (Ավստրիա), որը հանդես է գալու Աիդայի դերերգով եւ Բոննի օպերային թատրոնի մեներգիչ, ազգությամբ վրացի, տենոր Գեորգի Օնիանին (Ռադամես): Հիշատակված դերերգերով ընթացիկ ներկայացումներում հանդես կգան նաեւ Ազգային օպերային թատրոնի առաջնակարգ երգիչները:
«Առավոտը» հանդիպեց Գեորգի Օնիանիի հետ: Երգիչը երկրորդ անգամ է Հայաստանում. 2006 թ. մասնակցել է անվանի տենոր Գեղամ Գրիգորյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Տենորի խոսքերով՝ Երեւանի օպերային թատրոնի տնօրինության եւ արտիստների հետ մեկանգամյա շփումն էլ բավական է եղել, որ նա առանց երկմտելու ընդունի հրավերը: Ինչո՞ւ է երգիչը շուրջ երեք տարի հանդես գալիս Բոննի թատրոնում, այն դեպքում, երբ Վրաստանի կառավարությունն ու անձամբ նախագահը ոչինչ չեն խնայում ցանկացած երկրի համար ճոխություն համարվող օպերային թատրոնի արտիստների բարեկեցությունն ու ստեղծագործական ընթացքն ապահովելու համար: Գ. Օնիանին, պատասխանելով այս հարցին, նշեց. «Չորս տարի ապրել, կատարելագործվել եւ բեմ եմ բարձրացել Միլանի «Լա Սկալա» թատրոնում, երկու տարի է, ինչ Վրաստանի օպերային թատրոնում հիմնանորոգման աշխատանքներ են: Դրանց ավարտից հետո, բնականաբար, կվերադառնամ հայրենիք»: Նա հավելեց նաեւ, որ Եվրոպայում ապրելու տարիներին բեմ է բարձրացել օպերային թատրոնի իրական աստղեր Դոլորա Զաժիգի, Միշել Կրայդերի, Ֆուրլանետոյի, ինչպես նաեւ համագործակցել նշանավոր դիրիժորների ու այլ արվեստագետների հետ:
Ռադամեսի դերերգով Օնիանին հանդես է եկել Թբիլիսիում, Ռուսաստանում, Գերմանիայում եւ Հոլանդիայում: Տենորը հայաստանյան հրավերը ստացել է Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանից: Երեւանյան «Աիդայի» բեմադրիչ Մարիո Կորրադիի ռեժիսուրայով Իտալիայում նա բեմ է բարձրացել Խոզեի դերերգով՝ Բիզեի «Կարմենում»: Դիտարկմանը, որ ճանաչված օպերային երգիչները նախապես տեղեկացված են լինում, թե բեմում ովքե՞ր են լինելու իրենց գործընկերները եւ հարկ եղած դեպքում հրաժարվում են, Գ. Օնիանին հայտնեց հետեւյալը. «Ես իսկական վրացի եմ՝ պարզ, համեստ ու հասարակ մի մարդ: Երբեք չեմ կորցնի ազգիս բնորոշ պահվածքը՝ մարդկայնությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել