Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը արգելափակել են իրենց աշխատակիցների մուտքը լրատվամիջոցների այն կայքեր, որոնք WikiLeaks-ի նյութեր են հրապարակում: Այլեւս արգելված լրատվամիջոցների թվում են նաեւ New York Times-ն ու The Guardian-ը: Reuters-ի փոխանցմամբ, Կոլորադոյում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը արգելափակել է ռազմաօդային ուժերի՝ ընդհանուր ցանցին միացված համակարգիչներ ունեցող աշխատակիցների մուտքը դեպի WikiLeaks ռեսուրսի կողմից ձեռքբերված գաղտնի նյութերը արտատպող առնվազն 25 վեբ-կայքեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի ներկայացուցիչ Թոնի Թոնուսը: Նա ասել է, թե ԱՄՆ ՌՕՈՒ-ն «պարբերաբար արգելափակում է իր ցանցից օգտվողների մուտքը դեպի այն վեբ-կայքեր, որոնք հրապարակում են անընդունելի նյութեր կամ որոնք վնասակար ծրագրային ապահովվածություն ունեն, եւ դա վերաբերում է ցանկացած կայքի, որը հրապարակում է WikiLeaks-ի կողմից թողարկված գաղտնի նյութերը»:
«Շատ ցավալի է, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ն որոշել է իր անձնակազմին արգելել ստանալ տեղեկատվություն, որը կարող են կարդալ գրեթե բոլորը եւ ողջ աշխարհում»,- ասված է New York Times-ի ներկայացուցիչ Ռոբերտ Քրիստի հայտարարության մեջ: ԱՄՆ կառավարությունը փորձում է իր ողջ ուժերը ներդնել՝ նվազագույնի հասցնելու համար այն տեղեկատվության արտահոսքը, որը WikiLeaks- ին հնարավորություն է տվել իր օգտագործողներին եւ այլ ռեսուրսներին տրամադրել շուրջ 250 հազար գաղտնի փաստաթուղթ:
Ամերիկյան ռազմաօդային ուժերին տեղեկատվության արտահոսքից պաշտպանվելու նման հրահանգ կարող էր տրված լինել Պենտագոնի կողմից, որն իր աշխատակիցներին արգելել է ծանոթանալ WikiLeaks- ի հրապարակումներին նույնիսկ online ռեժիմով: Այդուհանդերձ, Պենտագոնը չի արգելափակել մուտքն այլ ընկերությունների եւ պարբերականների կայքեր:
WikiLeaks-ին առնչվող մեկ այլ տեղեկատվության համաձայն, որի մասին հաղորդել է BBC- ին, վերաբերում է կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջի ճակատագրին: Վերջինիս փաստաբանը հաղորդել է, որ Ասսանջի կողմնակիցներն արդեն հավաքվել են այն գումարի կեսը, որն անհրաժեշտ է նրան գրավի դիմաց ազատ արձակելու համար:
Հիշեցնենք, որ Ասսանջը կալանավորվել է Լոնդոնում՝ Շվեդիայի դատախազության հարցման արդյունքում եւ մեղադրվում է սեռական բնույթի հանցագործության՝ առանց պահպանակի շվեդ երկու կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Չորեքշաբթի օրը Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել Ասսանջին գրավի՝ 200 հազար ֆունտ ստերլինգի, դիմաց ազատ արձակելու մասին, սակայն շվեդական դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը, ինչի պատճառով էլ Ասսանջն առայժմ, հավանաբար, մի քանի օր եւս կալանքի տակ կմնա: Ընդսմին, կայքի հիմնադրի փաստաբանն ասել է, թե Ասսանջի համակիրները շուտով կհավաքեն նրա ազատ արձակման համար անհրաժեշտ գրավի մնացած գումարը եւս: