Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ ՆԱՎ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"Ավստրալիայից հյուսիս-արեւմուտք գտնվող Ծննդյան կղզու մոտ նավի խորտակման արդյունքում առնվազն 27 մարդ է խեղդվել, 42 հոգու հաջողվել է փրկել: Զոհերի մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են: Այդ մասին հաղորդում է BBC- ին՝ վկայակոչելով ավստրալական իշխանություններին:
Նավի տախտակամածին մոտավոր հաշվարկներով գտնվել է ավելի քան 80 մարդ՝ ենթադրաբար Իրանից եւ Իրաքից, որոնք փորձել են անօրինական ճանապարհով Ավստրալիայի տարածք մտնել: Նավի խորտակման վայրում արված նկարահանումներից դատելով՝ այն կտոր-կտոր է եղել:
Ականատեսների ասելով, իրենք քիչ բան են կարողացել անել աղետի ենթարկվածներին փրկելու համար, որովհետեւ ծովն ալեկոծված է եղել:
Նավը, ըստ ամենայնի, փորձել է մարդկանց իջեցնել Ծննդյան կղզում, որտեղ տեղակայված է Ավստրալիայում քաղաքական ապաստան փնտրողների ժամանակավոր կեցության խոշոր կենտրոնը:
Ավստրալիայի վարչապետի պաշտոնակատար Ուեյն Սոուն (երկրի վարչապետ Ջուլիա Գիլլարդը գտնվում է արձակուրդում) հաստատել է, որ նավի խորտակման արդյունքում զոհեր կան, բայց դժվարացել է ասել, թե նրանք քանիսն են:
Երբ նավը հարվածել է ժայռին, ցնցումից նավախցիկներում ամեն ինչ թափվել եւ շրջվել է, եւ մարդիկ նետվել են դեպի երեւացող ցամաքը, ինչը նման դեպքում անել չէր կարելի: Ավստրալիայի թագավորական բժշկական ավիածառայությունում հայտնել են, որ հիվանդանոցներ է տեղափոխվել 30 մարդ, որոնցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավստրալիայի իշխանությունները բոլոր հնարավոր ձեւերով փորձում են խոչընդոտել փախստականներին՝ ծովով հասնել Ավստրալիայի հիմնական տարածք. ռազմական նավերը հեռավորության վրա կանգնեցնում են ներգաղթյալներ տեղափոխող նավերը, իսկ փախստականներին տեղավորում են առանձին կղզիներում, ինչպիսին է Ծննդյան կղզին: Սակայն այս տարի փախստականների հոսքը աճել է, եւ այդ կղզում տեղակայված ճամբարը ներկա պահին գերբնակեցված է. այնտեղ ներկայումս ժամանակավոր ապաստան է գտել արդեն շուրջ 3 հազար փախստական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել