Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բլոգը դարձնել կրթական տարածք

Դեկտեմբեր 16,2010 00:00

Կամ՝ նոր ուղեցույցի շնորհանդես

ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժնի «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» միջազգային կրթական կազմակերպության «Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի» շրջանակներում 2010 թ. մեկնարկել է նոր նախագիծ՝ «Երիտասարդ դասախոսների զարգացման ծրագրի շրջանավարտների դրամաշնորհ»: Նախագծի շրջանակներում այս տարվա ամռանը ՀՀ բուհերի 6 երիտասարդ դասախոսներ վերապատրաստվել են ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում: Այդ դասախոսների ջանքերով լույս է տեսել «Դասընթացի մշակում եւ կառավարում» ուսումնամեթոդական ուղեցույցը: Երեկ տեղի ունեցավ վերջինի շնորհանդեսը եւ այդ թեմայով քննարկում:
Ծրագրի անդամ, ԵՊՄՀ-ի հատուկ մանկավարժության ամբիոնի դասախոս Լիլիթ Կարապետյանը վերապատրաստվել է Թաուսոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: Նրա խոսքով, ուղեցույցը նախատեսված է Հայաստանի բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդողների համար:
Լ. Կարապետյանի հավաստմամբ, ուղեցույցը կնպաստի կրթության արդյունավետ եւ ուսանողի համար օգտակար լինելուն. «Ուղեցույցի արդիականությունը պայմանավորված է մի կողմից գլոբալ փոփոխություններով եւ կրթական համակարգում դրանցից բխող նոր պահանջներով, մյուս կողմից՝ Բոլոնիայի գործընթացին անդամակցելու արդյունքում մեր երկրի կրթական համակարգում իրագործվող բարեփոխումներով: Ուղեցույցում ներկայացված են կրթական արդյունքների  գնահատման արդյունավետ միջոցները, դասավանդման ուսանողակենտրոն մեթոդները, տեսական հիմնավորումները, մեր երկրի կրթական համակարգին համապատասխան գործնական առաջարկություններ, ինչպես նաեւ այլ երկրների փորձը:
Օրինակ՝ ինչպես կարող է ուսանողը լինել բլոգերի դերում եւ բլոգը դարձնել քննարկման տիրույթ, որտեղ կարող են լուծվել տարբեր խնդիրներ, իրականացվել դասավանդում եւ դասապատրաստում: Դրսում այսպես են դասընթացներն իրականացվում, մինչեւ անգամ առանց հանդիպելու դասավանդողին: Այստեղ դեռ չի ընդունվում այդ ձեւը, որն ավելի արդյունավետ է եւ օգտակար ուսանողի համար»:
Համեմատելով «դրսի» կրթական համակարգն ու դասավանդման մեթոդները հայաստանյանի հետ, Լիլիթը փաստեց. «Մենք ոչնչով չենք զիջում կրթության որակի առումով: Ես անգամ իմ փորձը հաջողությամբ կիրառեցի այնտեղ»: 
Նրա փոխանցմամբ, բացի ուղեցույցից, նախագծի շարունակականությունը ապահովելու նպատակով, ստեղծվել է նաեւ համահայկական սոցիալական կայքէջ՝ www.teaching.am, որը միասնական հարթակ կհանդիսանա բոլոր շահառուների՝ դասախոսների, հետազոտողների, պետական եւ մասնավոր ոլորտների, հ/կ-ների ներկայացուցիչների համար:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լուսինե Քարամյանը, որը վերապատրաստվել է Նյու Ջերսիի Ռատգերս պետական համալսարանում, գտնում է, որ դասավանդումը միայն գիտելիքի փոխանցում չէ: Այն նաեւ դրական փոփոխություններ է խթանում եւ իրագործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել