Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"Վրաստանում հիացած են, Ադրբեջանում՝ հիասթափված,  իսկ Հայաստանում փորձում են հասկանալ

Օրերս Աղվերանում կայացած միջազգային համաժողովին, որ կրում էր «Բոլոնիայի գործընթացը, ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» խորագիրը, մասնակցում էր նաեւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության բաժնի պետ Նոդար Չիտայան, որը ներկայացրեց իր երկրի կրթահամակարգը եւ վրաստանյան իրավիճակը Բոլոնիայի «մասով»: Ընդհանրապես նրա ողջ զեկուցումը հիացախառն էր: Պաշտոնյան տարբեր օրինակներով շեշտում էր, որ իրենց բարձրագույն կրթության համակարգի նպատակը մրցունակ, անկախ եւ տնտեսության հետ կապված լինելն է: Հայաստանի նման, Վրաստանում էլ քննությունների պատասխանատուն գնահատման եւ թեստավորման կենտրոնն է, լուրջ աշխատանքներ է տանում նաեւ տեղի որակի ապահովման կենտրոնը: Ըստ վրացի չինովնիկի, խորհրդային շրջանում կոռուպցիայի դրսեւորումներն ավելի շատ էին համակարգում, որը տառապում էր ոչ արդյունավետ եւ անհաջող կառավարումից: Հնացած մեթոդներն ու ծրագրերը, որակի պետական վերահսկողության բացակայությունը բացասաբար էին անդրադառնում կրթահամակարգի վրա: Չիտայայի փաստմամբ, 2004-2010թթ. իրականացված բարեփոխումների արդյունքում այլ պատկեր ունեն, ու հիմնական բարեփոխումները անմիջականորեն կապվում են բոլոնյան գործընթացի հետ: Դրան Վրաստանը, Հայաստանի նման, միացել է 2005թ., բայց բարեփոխումների հսկայական փաթեթը սկսել էր իրականացվել դեռեւս 2004-ից: Որակի ապահովման նոր մեխանիզմներ են ստեղծվել:
Պարզվում է, ըստ նոր օրենքի, Վրաստանում բարձրագուն կրթությունը պայմանավորված է բուհերի թափանցիկությամբ եւ անկախությամբ: Ն. Չիտայան ուղղակի հիացած է բոլոնյան «նվերներով», բոլոր ուսյալ ու կրթյալ վրացիների սպասելիքներն էլ՝ արդարացված: Իրենց երկրում նույնիսկ 2009-ից մագիստրատուրայի քննություններն են կենտրոնացված համակարգով անցկացվում, լուծվել են շատ խնդիրներ՝ սկսած կրեդիտային համակարգի հաջող ներդրումից, վերջացրած՝ դիպլոմների ճանաչելիությամբ, ուսանողների շարժունությամբ, ցկյանս կրթության հնարավորությամբ, աշխատաշուկայի հետ կապով: Նույնիսկ 2010թ. Ազգային գիտական հիմնադրամ են ստեղծել: Վրաստանում կառավարությունը միջոցներ է ձեռնարկել կոռուպցիայի դեմն առնելու համար, բուհերը նոր սկզբունքով են ֆինանսավորվում, ֆինանսական եւ ակադեմիական մարմիններն էլ տարանջատված են, իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթական վարկեր են տրամադրվում:
2005թ.-ից սկսած, հավատարմագրման արդյունքում, վրացական բուհերի թիվը նվազել է 217-ից 39: Ընդ որում, Վրաստանում երկու տեսակ հավատարմագրում է իրականացվում՝ ենթակառուցվածքային եւ ծրագրային: Ովքեր ենթակառուցվածքային հավատարմագրում են անցնում, նրանց դիպլոմը ճանաչվում է պետության կողմից: Ծրագրային հավատարմագրում անցածներին էլ պետությունը նույնիսկ լրացուցիչ ֆինանսավորում է:
Ի տարբերություն վրաց գործըկերոջ, մռայլ երանգներով է ներկայացնում ազգային կրթահամակարգը Ադրբեջանի կրթության ոլորտի «հնաբնակ» փորձագետ Ռուֆատ Ալիեւը: «Ադրբեջանի ազգային կրթության գերազանցիկ» շքանշանակիրը, որը նաեւ ինովացիոն եւ այլընտրանքային մի շարք նախագծերի ղեկավար է, վերջերս «Ռեգնումին» տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել իր երկրի՝ բոլոնյան գործընթացին միանալը՝ «назвался груздем, полезай в кузов»: Նրա համոզմամբ, ոչ միայն Ադրբեջանի, այլեւ նախկին խորհրդային մյուս հանրապետությունների համար, բոլոնյան գործընթացին միանալը հերթական ցատկ է տեղից տեղ՝ «Հասնել եւ անցնել Եվրոպային» շեշտադրմամբ, որը նմանօրինակ խորհրդային այլ կարգախոսի հետ է ասոցացվում: Ըստ ադրբեջանցի փորձագետի, իրական արդյունքի հասնելու խոչընդոտները հաղթահարելու մղումը սերմանում է ֆեոդալաստրկատիրական մենտալիտետ: «Իրականում ոչ թե մենք ենք ադապտացվում բոլոնյան չափանիշներին, այլ դրանք տեղայնացնում»,- ասում է նա: Ադրբեջանցի փորձագետի խոսքից պարզվում է, որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ իր երկրում մեծ դժգոհություններ կան դպրոցական դասագրքերի հետ կապված, անգամ Ադրբեջանի կրթության նախարարն է հեռուստաելույթում խոստովանել, թե դրանք խրթին են եւ դժվարընկալելի: «Մենք ինտելեկտուալ ողբերգության հետ գործ ունենք»,- հայտարարում է Ռուֆատ Ալիեւը: Կրկին դառնալով ադրբեջանական կրթահամակարգին, նա նշում է, որ այն ոչ Սովետի ժամանակ, ոչ էլ հիմա՝ բանի պետք չէ: Ավելի պատկերավոր արտահատվելու համար նա վկայակոչում է Կռիլովի հայտնի առակը՝ «Կվարտետը». «А вы, друзья, как ни садитесь, все в музыканты не годитесь!»: Ադրբեջանցու մատուցմամբ, կրթահամակարգում խաղը թիմային եղանակով եւ կանոններով է տարվում, ինչպես ֆուտբոլի ժամանակ. «Գործին չեն օգնում ոչ տրանսֆեր-մենեջերները, ոչ էլ տրանսֆեր-խաղամոլները»: Ռ. Ալիեւին հատկապես նյարդայնացնում է հանրակրթության ոլորտը. «Ի տարբերություն թուրքական լիցեյների, որտեղ ամեն երեխան արժեք է, ադրբեջանական դպրոցներում դպրոցականն ընդամենը սովորական աշակերտ է: Նա, ինչպես խորհրդային տարիներին, մի միջոց է ուսուցչի ինքնաիրացման եւ կրթական հաստատությունների ղեկավարության հիվանդագին ամբիցիաների դրսեւորման»:
Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, հիշեցնենք, որ, համեմատության մեջ դիտարկելով հայաստանյան պատկերը, «Առավոտին» ասել էր, թե փորձագիտական շրջանակների մակարդակով շփումները թույլ են տալիս հասկանալ՝ ո՞ր երկրում ինչպես են լավագույնս լուծել այս կամ այն խնդիրը: Նաեւ հավելել էր, որ կոնկրետ Վրաստանից հետ չենք՝ բարձրագույն կրթության բարեփոխումների առումով, սակայն դա հանգստանալու իրավունք չի տալիս, որովհետեւ կրթության միջազգայնացումը մշտապես բերում է նոր խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել