Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմը՝ հիստերիայի պատճառ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Մոսկվայում սկսվել են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները: Գործողության կենտրոնում հանգամանքների բերումով միեւնույն հորի մեջ հայտնված հայի եւ ադրբեջանցու փոխհարաբերություններն են: Հերոսների կերպարների միջոցով վեր են հանվելու թշնամական ժողովուրդների խճճված հարաբերությունները: Ֆիլմը նկարահանվում է 21-30 տարեկան մոսկվաբնակ հայ երիտասարդների ֆինանսական միջոցներով: Ըստ մտահղացման, ֆիլմը ներկայացնելու է այն պատմական իրողությունները, որոնք, ղարաբաղյան խնդրից զատ, խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
Կինոնկարի հեղինակներն, ի սկզբանե, հերոսներից որեւէ մեկին արդարացնելու  կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները գնահատելու նպատակ չեն դրել: Ֆիլմի գաղափարը երկու ժողովուրդների միջեւ առկա իրական հարաբերությունները ցուցադրելն ու նուրբ ենթատեքստով պահանջվող փոփոխությունների մասին ակնարկելն է:
Ըստ ֆիլմի ստեղծագործական կազմի մամուլի հաղորդագրության, որոշ ԶԼՄ-ներ որոշել են այս տեղեկատվությունը հարմարեցնել հարաբերությունները առավել սրելու իրենց ամենօրյա գործելաոճին՝ կինոնկարին վերագրելով մտացածին քաղաքական նախապատմություններ. «Մասնավորապես, 1news.az հայտնի գործակալությունը իրական թունոտ արշավ է սկսել «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ, որում հայն ու ադրբեջանցին, հուզող խնդիրների շուրջ բանավիճելով, ուղղակի պաշտպանում են սեփական տեսակետը»: Կինոնկարի հեղինակների համոզմամբ, երկու հերոսների միջեւ ծավալվող երկխոսությունը մեր օրերում չափազանց պահանջված է, այնինչ՝ հայ-ադրբեջանական թշնամական փոխհարաբերությունները նկատելի են նույնիսկ երկու երկրների նախագահների շփումներում:
Հեղինակների համոզմամբ՝ ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից: «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում՝ 2011թ. գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, պրոդյուսերը՝ Աշոտ Պողոսյանը: Կինոնկարի կարգախոսն է՝ «Ցանկացած պատերազմի նպատակը խաղաղությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել