Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցության գաղտնիության սկզբո՞ւնք

Դեկտեմբեր 16,2010 00:00

Օրենսդիրները մոլորության մեջ են

Ընտրական օրենսգրքի նոր նախագծի քննարկումներում մի շարք քաղաքական գործիչների ու իրավաբանների կողմից հաճախ կրկնվում ու իբր մեկնաբանվում է, այսպես կոչված, ընտրական իրավունքի մի հետաքրքիր սկզբունք, այն է՝ ընտրություններին ընտրողի մասնակցության գաղտնիության սկզբունքը (խնդրում եմ չխառնել քվեարկության գաղտնիության սկզբունքի հետ):
Որեւէ մեկը կարո՞ղ է, արդյոք, հասկանալ ու տալ տրամաբանական բացատրություն, թե ինչպես պետք է ապահովել ընտրողի՝ ընտրություններին մասնակցելու գաղտնիությունը, երբ օրենսդրությամբ սահմանված է, որ ընտրողը պետք է գնա տեղամաս, ներկայացնի անձը հավաստող փաստաթուղթ, գրանցվի՝ ստորագրելով ընտրողների գրանցամատյանում, ստանա քվեաթերթիկ ու ծրար: Ընտրություններին ընտրողի մասնակցության գաղտնիության սկզբունք սահմանող եւ պաշտպանող պարոնայք քաղաքակական գործիչներ, իրավաբաններ, այդ թվում նաեւ միջազգային կառույցի փորձագետներ, խնդրում եմ բացատրել, թե ինչպես կարող է այդ սկզբունքը գործել, եթե ընտրողը հարեւանների աչքի առաջ պետք է գնա տեղամաս, գրանցվի հանձնաժողովի անդամի մոտ, ընտրական հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, տեղամասերում գտնվող այլ անձանց ու ընտրողների ներկայությամբ մասնակցի ընտրությանն այնպես, որ ոչ ոք նրան չտեսնի:
Հնարավո՞ր է, արդյոք, ընտրողների անտեսանելի մասնակցությամբ ընտրություններ անցկացնել տեղամասերում (թե դա էլ է հնարավոր Հայաստանում):
Օրենսդրությամբ սահմանված է, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում: Եթե այս դրույթին է վերագրվում ընտրություններին ընտրողի մասնակցության գաղտնիության սկզբունքը, ապա դա ոչ այլ ինչ է, քան թյուրիմացություն: Գոնե ճիշտ ձեւակերպում տրվի այս դրույթին վերագրվող սկզբունքին, այն է՝ քվեարկությունից հետո ընտրողների մասնակցության փաստի գաղտնիացման սկզբունք կամ այլոց փոխարեն քվեարկելու փաստերը հանրությունից թաքցնելու սկզբունք, կամ շահագրգիռ անձանց ընտրակեղծիքների բացահայտման համար կարեւոր փաստաթուղթը՝ ընտրողների ստորագրացուցակները ձեռքի տակ ունենալու հնարավորությունից զրկելու սկզբունք եւ այլն: Իսկ եթե հետեւենք հիմնավորումներին, ապա այն կարող է ձեւակերպվել այսպես՝ եթե քվեարկության օրը ընտրողի շեֆը չի իմացել, թե իր ենթական քվեարկությանը մասնակցել է, թե ոչ, ապա քվեարկությունից հետո քվեարկությանը չմասնակցած ընտրողին շեֆից պաշտպանելու սկզբունք:
Նշեմ, որ ընտրություններին ընտրողի մասնակցության գաղտնիության սկզբունքը հնարավոր է կիրառել, եթե ընտրություններն իրականացվում են ինտերնետի կամ sms քվեարկությունների միջոցով, այդ դեպքում, բացի օպերատորից, ոչ ոք չի իմանա ընտրողի՝ ընտրություններին մասնակցության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել