Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱԶԱՐԱՅԻՆ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Հայերի արկածները Եգիպտոսում

Մաս 1, Եգիպտոս: Ս/թ նոյեմբերին ամուսնուս եւ աղջկաս հետ 10-օրյա ուղեգրով մեկնել էինք Հուրգադա հանգստանալու: Ամեն ինչ ընթանում էր հրաշալի՝ զբոսանքներ, շրջագայություններ, խանութների արաբ վաճառողների «էստի համեցեքներ» եւ այլն, մի խոսքով, ովքեր եղել են Եգիպտոսում՝ գիտեն դա, մինչեւ հանգստյան 7-րդ օրը, երբ զբոսանավի վրա սայթաքեցի, ընկա ու կոտրեցի ոտքս: Նավի անձնակազմը միանգամից իրար խառնվեց, ինձ ցույց տվեցին առաջին բուժօգնություն, ահազանգեցին շտապօգնություն: Չանցած 30 րոպե՝ նավին մոտեցավ բժշկական մոտորանավակը եւ ինձ ու ընտանիքիս անդամներին հասցրեց ափ, ուր արդեն մեզ էր սպասում շտապօգնության մեքենան: Եվս 10 րոպե անց մենք Հուրգադա քաղաքի բարձրակարգ «Նայլ հոսպիտալ» հիվանդանոցում էինք: Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցներ, օպերատիվ կերպով կատարվեցին նախապատրաստական աշխատանքներ եւ մի քանի ժամ անց ոտքս վիրահատեցին: Զարմանալ կարելի էր, որ այդ բոլորն իրականացրեց մինչ այդ մեզ հանդիպած եւ իրենց կենցաղային ցածր մակարդակով աչքի ընկած շատ տեղացիներից որակապես եւ նույնիսկ արտաքնապես տարբերվող, կրթված եւ մաշկի առավել բաց գույնով ու ժպիտը մշտապես դեմքներին բարեհամբույր բուժանձնակազմը՝ բուժքրոջից մինչեւ գլխավոր տնօրեն: 3 օր մնալով հիվանդանոցում, մենք շրջապատված էինք հոգատարությամբ եւ մեծագույն ուշադրությամբ: Ճիշտ է, թեեւ բուժման հետ կապված ծախսերն իրականացնում էր «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը, սակայն նույնիսկ ապահովագրության հետ կապ չունեցող մեր ցանկացած խնդրանք կատարվում էր անմիջապես, առանց կմկմալու կամ որեւէ շահեկան ակնարկի: Նոյեմբերի 16-ին՝ մեկնելու օրը, շտապօգնության մեքենայով ինձ ու ընտանիքիս անդամներին հասցրեցին օդանավակայան, ուր տեղի բուժծառայության եւ անվտանգության աշխատակիցների օգնությամբ արագորեն իրականացնելով թռիչքի հետ կապված բոլոր գործողությունները, հատուկ վերելակով մեքենայի շնորհիվ էլ տեղավորելով օդանավում՝ մեզ մաղթեցին բարի ճանապարհ:
Մաս 2, Երեւան: Մինչ ուղեւորների նստելը, մենք նախապես տեղավորվեցինք օդանավում, ես, նստելով իմ տեղում, գիպսի մեջ գտնվող ոտքս էլ տեղավորեցի կողքի բազկաթոռին: Միանգամից մեզ մոտեցան «Արմավիայի» օդանավի մեր հայ ուղեկցորդուհիները եւ սառը հայացքով սկսեցին հետաքրքրվել, թե եթե իմ ոտքը 2 կամ 3 աթոռ զբաղեցնի, այդ դեպքում ընտանիքիս անդամները որտեղ պետք է նստեն: Ամուսինս պատասխանեց, որ օդանավում միշտ էլ ազատ տեղեր են լինում, հակառակ դեպքում՝ կարելի է խնդրել ուղեւորներից մեկին կամ երկուսին՝ տեղափոխություն կատարել եւ առաջարկեց օպտիմալ տարբերակ: Աջակցելու փոխարեն ուղեկցորդուհիները սկսեցին արհեստական խնդիրներ ստեղծել մեզ համար՝ բա որ ուղեւորը չհամաձայնի, մեկ էլ՝ եթե գիտեիք որ ոտքը լրացուցիչ տեղ է զբաղեցնելու՝ 1 տոմս ավելի վերցնեիք: Միանգամից մեր դեմքին խփեց «հայկական շունչը», քանզի այդ զրույցից ոչ թե աջակցության, կարեկցանքի, այլ շուկայական հարաբերությունների հոտ էր փչում: Հետաքրքիր է, երբեւէ արձանագրվել է նման դեպք, որ ուղեւորը 2 տոմս գնի «լենուբոլ» նստելու համար, առավել եւս, «եթե հանկարծ ուղեւոր մորաքույրն ուզենա պառկել»: Ինչեւէ, վերջը ամուսինս սկսեց զայրանալ, եւ տեղավորվելով առկա ազատ տեղերից մեկում՝ թռանք Հայաստան: Երեւանում բարեհաջող վայրէջքից հետո մեզ մոտեցավ օդանավակայանի ժպտադեմ ներկայացուցիչը եւ հաղորդեց, որ իրենց տրամադրության տակ կա վերելակով մեքենա՝ հիվանդին իջեցնելու համար, սակայն այն վճարովի է եւ արժե 60-70 եվրո: Կրկին «բազարային հարաբերություններ»: Եթե ծառայությունն օրինական է, ապա պետք է լինի կամ 60 կամ էլ 70 եւ ոչ թե եվրոյով, այլ ՀՀ դրամով: Հրաժարվելով նման ծառայությունից՝ խնդրեցինք կանչել շտապօգնության մեքենա, որի անձնակազմի շնորհիվ էլ մի կերպ իջնելով օդանավից՝ դրանով տեղափոխվեցի մինչեւ օդանավակայանի ավտոկայանատեղի, ուր մեզ արդեն մեր մեքենան էր սպասում: Վերջին ակորդն էլ հնչեցրեց շտապօգնության բժիշկը, ով ամուսնուս ասաց. «Բա գոնե մի 3 հազար դրամ չե՞ք տա», եւ գումարը ստանալով՝ հեռացավ:
Իհարկե, շարադրվածը նորություն չէ բոլորիս համար, առօրէական կյանքից մի դրվագ, լսողն էլ միանգամից կասի, «չէ՞ որ սա Հայաստանն է, երեւույթն էլ՝ շատ բնական», հաստատ «Հայաստան» բառն էլ նույնացնելով ոչ թե հայրենիքի կամ ինչ-որ մի վեհ գաղափարի, այլ ամենաթողության, անտարբերության եւ բազարի հետ: Մենք ազգովի շատ ենք սիրում աջ ու ձախ սփռել, որ երբ հին մշակույթ եւ հազարամյա թատրոն ունեինք, շատ ազգեր դեռ ծառերի վրա էին, մինչդեռ կյանքն ապացուցում է, որ այդ ազգերից շատերը, նույնիսկ Աֆրիկայում, վաղուց արդեն ծառերից ցած են իջել, մինչդեռ մենք՝ հակառակը:
Հ. Գ. Ձեր թերթի օգնությամբ՝ ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատան միջոցով ես իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել Հուրգադա քաղաքի «Նայլ հոսպիտալ» հիվանդանոցի ողջ բուժանձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, հոգատար վերաբերմունքի ու ցուցաբերած մարդկային բարձր արժանիքների, ինչպես նաեւ օդանավակայանի համապատասխան ծառայություններին՝ իրենց մասնագիտական գործը բարձր մակարդակով կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել