Պետությունը բնապահպանական վճարներից Կապանին մասհանումներ չի հատկացրել
Երեկ Կապանում համայնքի 2011 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման ժամանակ քաղաքապետ Արտուր Աթայանն ասաց, որ եկող տարվա համար նախատեսում են հավաքել եւ ծախսել 887,238 միլիոն դրամ: 2010-ի համեմատությամբ, 2011-ի բյուջեն եկամտային մասով ավելի է 5,3 տոկոսով: Աշխատավարձերի համար նախատեսված գումարները ավելացել են վեց տոկոսով՝ պայմանավորված հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ: Ավելացել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող դրամական օգնությունների չափը՝ 9,5 տոկոսով: Նվազել են կապիտալ ծախսերը. 2010-ին՝ 240,710 միլիոն, եկող տարի՝ 91,580 միլիոն: Ըստ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի, եկող տարվա բյուջեն համեստ բյուջե է: «Համոզված եմ, որ դոնոր կազմակերպությունների միջոցով կարողանալու ենք ավելի շատ գործեր անել եւ 2011-ի տարեվերջին նախատեսվածից ավելի շատ կատարված աշխատանքներ կարձանագրենք»,- հայտարարեց քաղաքապետը:
Կապիտալ ծախսերի համար նախատեսված գումարից 10 միլիոնով ծառայողական մեքենա կգնեն, 4 միլիոնով՝ համակարգչային տեխնիկա եւ գույք, 10 միլիոն կծախսվի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման, 7,140 միլիոն՝ փողոցային լուսավորության համակարգի ընդլայնման համար: Գումարներ են նախատեսվել նաեւ նոր խաղահրապարակների եւ հանգստի գոտիների կառուցման, կանաչապատ տարածքների ընդլայնման նպատակով տնկիների ձեռքբերման համար:
«Կապանի տարաշածրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը առաջարկեց տարածաշրջանի հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ համաձայնություն կնքել, որպեսզի նրանք տեղական բյուջե հարկ վճարեն, քանի որ անխուսափելի են նրանց կողմից տարածաշրջանին հասցվող բնապահպանական վնասները, իսկ պետբյուջեից գրոշներ են հատկացվում:
Կապանի քաղաքապետարանի ֆինանսիստը պարզաբանեց կարգը՝ բնապահպանական վճարները գնում են պետբյուջե եւ ասաց, որ այս տավա պետբյուջեով բնապահպանական վճարներից Կապանին մասհանումներ նախատեսված չեն՝ համայնքի ներկայացրած մոտ 54 միլիոն դրամի ծրագիրը այդպես էլ հավանության չի արժանացել, այնինչ՝ Կապանի տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների հասցրած բնապահպանական վնասներն ակնհայտ են ու անխուսափելի: