Լրահոս
Օրվա լրահոսը

90-ամյա «Հայաստան»

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"Հայաստանի երեք հանրապետությունների բոլոր լավ ու վատ օրերի վկան

«Հայաստան» թերթին՝ իմ պատանության, հասունության ու նաեւ ծերության սիրելի ուղեկցին». 2005-ի ամռանը խմբագրության գրադարանին նվիրած «Չեմ կարող լռել» գրքի վրա մակագրել է Սիլվա Կապուտիկյանը: 1920 թ. դեկտեմբերի 5-ին հիմնադրված «Սովետական Հայաստան» թերթը (այնուհետեւ՝ «Խորհրդային Հայաստան», «Հայաստան») Հայաստանի ամենաերկարակյաց պարբերականն է: Այս տարի լրացավ թերթի 90-ամյակը: Այն այլեւս միայն տպագիր օրգան չէ, այլ մշակութային արժեք: Մինչ օրս թերթն իր ընթերցողի հետ 2900 հանդիպում է ունեցել՝ ուրախ, տխուր, հույսով ու սպասումով: Թերթում մշտապես հենարան են գտել Շիրազը, Մարտիրոս Սարյանը, Գեւորգ Էմինը, Վիկտոր Համբարձումյանը եւ շատ ու շատ այլ մտավորականներ: «Հիմնադրվելով Հայաստանի երկրորդ Հանրապետության արշալույսին, այս թերթին վիճակված էր դառնալ Հայաստանի երկրորդ եւ երրորդ հանրապետությունների բոլոր լավ ու վատ օրերի, լավ ու վատ գործերի վկան ու տարեգիրը»,- թերթի հոբելյանի առիթով կազմակերպված հանդիսավոր երեկոյի ժամանակ իր խոսքում նկատեց թերթի խմբագիր Տիգրան Նիկողոսյանը: Իսկ երեկոյին շատերն էին ներկա՝ պետական-քաղաքական գործիչներ, թերթի բարեկամներ: Այսօր, հետադարձ հայացք գցելով թերթի անցած ճանապարհին, խմբագիրը մի բանում վստահ է. «Անկախ ժամանակի պահանջներից, թեկուզ կաշկանդված լինելով ամենազոր գրաքննության առկայությամբ, տարբեր տարիներին այս թերթի լավագույն լրագրողներն ու նրանց աշխատանքները կազմակերպող ու ղեկավարող խմբագիրների գերակշիռ մասը եղել են հայ մտավորականներ՝ իրենց գործունեության հիմքում ունենալով անբասիր ծառայությունը հայրենիքին ու հայ ժողովրդին»: «Հայաստանն» իր էջերում անմահացրել է «Կաուչուկշինի» առաջին վառարանի կառուցումը, որով հիմք դրվեց «Նաիրիտ» գործարանի կառուցմանը, հրճվանքով է խոսել առաջին հայկական հնչուն ֆիլմի՝ «Պեպոյի» ստեղծման մասին, առաջին անգամ Հայաստանում բեմադրված Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի մասին, այն Սպենդիարյանի «Ալմաստից» հետո նոր եւ կարեւոր փուլ համարելով մեր օպերայի զարգացման գործում: Ներկայիս տեխնիկական զարգացվածության բարձունքից դժվար է պատկերացնել, թե 1939-ին ինչպիսի ջանքեր են պահանջվել տպագրելու թերթի մի բացառիկ գունավոր համար՝ նվիրված «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակին: Թերթը վավերացրել է ՀՍՍՀ ԳԱԱ-ի ծնունդը, Մեծ հայրենականի տարեգրությունը, Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումները, Հայոց ցեղասպանության տարելիցները, 1988-ի ազգային զարթոնքը, ավերիչ երկրաշարժը, արցախյան թեժացող պայքարը, պատերազմը: «Այդ շրջանում հարվածներ է ստանում նաեւ թերթը, թեկուզ ոչ միշտ արդարացի եւ օբյեկտիվ»,- ասում է Տիգրան Նիկողոսյանը՝ փաստելով, որ միակուսակցական համակարգում պարզապես անհնար էր զերծ մնալ գաղափարախոսական խնդիրներից: «Այնուամենայնիվ, այդ տարիներին թերթն իրեն կարողացավ արժանապատիվ պահել»,- վստահ է թերթի խմբագիրը:
1990-ականների սկզբին «Հայաստանը» հռչակվեց անկախ եւ նոր ճանապարհ սկսեց, որը շարունակում է արդեն 20 տարի ու կերտում է իր կենսագրությունը: «Թերթը նրանց կողքին ու նրանց հետ է, ովքեր ամենօրյա աշխատանքով ձգտում են մեծ աշխարհի այս անկյունում եկող սերունդներին թողնել կայացած ու սիրելի երկիր, որ պարզապես կոչվում է Հայաստան հայրենիք»,- վստահ է Տիգրան Նիկողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել