Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ՝ ԱՌԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Ոչ հարկային դաշտն է բարենպաստ, ոչ ճանապարհներն են բարվոք

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան պողոտան հատելիս հետիոտնը պետք է շատ ուշադիր լինի, պետք է զգուշանա ոչ միայն երթեւեկից, այլեւ փողոցի երկայնքով կայանված տաքսի մեքենաներից. դժվար է կռահել, թե դրանցից որ մեկն այդ պահին կշարժվի: Ստեփանավան քաղաքում արդեն 22 տարի՝ 1988-ի երկրաշարժից հետո, քաղաքային տրանսպորտ չի գործում, փոխարենը՝ 16250 բնակիչ ունեցող քաղաքում 12 տաքսի ծառայություն եւ 30 անհատ տաքսիներ են աշխատում: Ստեփանավանի քաղաքապետարանը հավաստիացնում է, որ գրեթե յուրաքանչյուր ամիս մրցույթ է կազմակերպվում, սակայն հարկային անբարենպաստ դաշտի արդյունքում մեքենատերերը հրաժարվում են ուղեւորափոխադրումներ իրականացնել. «Յուրաքանչյուր գծում առնվազն 3 մեքենա է պետք, մեկը՝ հանգստի, մյուս 2-ը՝ երթի համար, էլ չեմ ասում, որ քաղաքային տրանսպորտի համար մեխանիկ ու բուժքույր էլ է անհրաժեշտ, որոնց պետք է վճարել գոնե նվազագույն աշխատավարձի չափով»,- ասում է Ստեփանավանի փոխքաղաքապետ Ռոստոմ Քոչարյանը: Ըստ նրա, երբ Ստեփանավանում ներքաղաքային ուղեւորափոխադրումների հայտ ներկայացրած մեքենատերերը տեղեկանում են, որ մեկ նստելատեղի համար տարեկան 2500 դրամ է մուծվելու, հրաժարվում են իրենց մտադրությունից: Ստեփանավանը շատ փոքր է, կենտրոնական թաղամասերում կարելի է ոտքով շրջել, եւ միայն ծայրամասային թաղամասի բնակիչներին է անհրաժեշտ տրանսպորտից օգտվելը, առանց մեծ հաշվարկների էլ պարզ է, որ դա մեքենա շահագործողին ձեռնտու չէ:
Ռոստոմ Քոչարյանը կարծում է, որ առաջին հերթին հարկավոր է Ստեփանավանում եւ նման փոքր քաղաքներում տրանսպորտ շահագործելու համար սահմանված հարկերի եւ տուրքերի փոփոխություններ անելու մասին մտածել:
Ստեփանավանի փոխքաղաքապետը փորձել է համագործակցել Վանաձորում ուղեւորափոխադրումներ իրականացնող գծատերերի հետ, խոստացել, որ առաջին ամսվա վարձերը քաղաքապետարանը կմուծի, միայն թե քաղաքը տրանսպորտ ունենա, բայց ոչ ոք չի համաձայնել:
Ստեփանավանի «Դելտա» տաքսի ծառայության երթակարգավարը (դիսպետչեր) վստահ է, որ միայն Ամանորին է շահավետ աշխատելը: Իսկ տարվա մյուս հատվածներում՝ ոչ այնքան, ու այդ իսկ պատճառով շատ մեքենաներ ունենալն էլ ձեռնտու չէ:
Անհատ տաքսիներն էլ առանձնապես գոհ չեն, ասում են, որ աշխատանքը միայն մասամբ մեղմում է հացի խնդիրը: Ստեփանավանցիների հույսը Արմանիսում բացվելիք ոսկու հանքավայրն է, որը, ըստ տեղաբնակների, 800 մարդու աշխատատեղով կապահովի:
Անհատ տաքսու վարորդ Համլետ Մելքոնյանը փորձառու վարորդ է եւ լավ գիտի՝ նշանակություն չունեն տոնական կամ սգի օրերը, կարեւորը բախտն է. «Տաքսին լոտոյի պես բան է, բախտդ բերեց՝ կշահես»: Նրա մեքենայի հարեւանությամբ կայանված մյուս մեքենաների վարորդները դժգոհ էին ոչ այնքան Ստեփանավանի բնակիչների՝ տաքսուց չօգտվելուց, որքան Հայաստանի կառավարությունից: «Օրը մի բան հնարում են, որ փող սարքեն, հիմա էլ ԱՊՊԱ-ն են մեջ գցել, աշխատում ենք, որ դրա ծախսերը փակենք, բայց դե, դա հո մեզ չի վերաբերվի, էլի տերավորի համար է ապահովագրությունը»,- ասում է անհատ տաքսու մի վարորդ եւ հիշում, որ տարիներ առաջ ահավոր կարկուտ է եղել, ջարդել ամեն ինչ, ու թեեւ ցորենի դաշտերը ապահովագրված են, փոխհատուցումը շատ փոքր է եղել, իր խոսքով՝ գրոշներ:
Մինչ Ստեփանավանի քաղաքապետարանը հավաստիացնում է, որ, բացի գնային քաղաքականությունից, որեւէ այլ խոչընդոտ չկա, իր սեփական միկրոավտոբուսով բնակչությանը գերեզմաններ տարած-հետ բերած քաղաքացին դժգոհում է ոչ բարվոք ճանապարհներից. «Միայն կենտրոնական էս 2 փողոցն է կարգին, էսքանը դուրս եկանք՝ դարուփոս է, դե տղա էս՝ հնենց քշի, որ մեքենադ չվնասվի»:
Լոռու մարզի անձնական օգտագործման մեքենաները ծառայում են ոչ միայն ընտանիքի անդամներին, այլեւ բարեկամներին: Քաղաքի փոքրաթիվ երիտասարդությունն էլ ոտքով է շրջում: «Ես էլ եմ քաղաքի ծայրամասում ապրում, ամեն օր ոտքով եմ գնում- գալիս, քայլելը նույնիսկ առողջարար է»,- ասում է Ստեփանավանի փոխքաղաքապետ Ռոստոմ Քոչարյանը:
Ստեփանավան քաղաքի բնակիչ Մ. Դավթյանը, որ հաճախ է մարզկենտրոն գնում, զարմանում եւ զայրանում է. «Մեր տանից Ստեփանավանի կայարան 3 կմ-ից մի քիչ է ավելի, Ստեփանավանից Վանաձոր 30 կմ է, մեր տանից գալուց էլ եմ 500 դրամ տալիս, Վանաձոր գնալիս էլ, բա, դա խիղճ ա՞»: Իսկ 82-ամյա Նատալյա Ռիչչը, որ ազգությամբ ուկրաինացի է եւ 18 տարեկանից Ստեփանավանում է բնակվել, երբեւէ չի հիշում, որ քաղաքի տարածքում տրանսպորտից օգտված լինի: Նա զարմանում է. «Փոքր քաղաքում ավելորդ ծախսեր ինչի՞ անեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել