Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ԿԱՆԽԵՑ «ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ»

Դեկտեմբեր 16,2010 00:00

Վերջերս «Առավոտն» անդրադարձավ Եղեգնաձորի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնի համար Վայոց ձորի մարզպետարանում անցկացված մրցույթին եւ դրանից հետո հնարավոր զարգացումներին: Մրցույթում հաղթած Աշոտ Թեւոսյանը, որը պատասխանել էր մրցութային հանձնաժողովի բոլոր հարցերին եւ ստացել էր առավելագույն 7 բալը, մարզպետ Սերգեյ Բագրատյանի կողմից չնշանակվեց գլխավոր բժշկի պաշտոնում, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք, նախագահականից եւ կառավարությունից «հանձնարարել էին» այդ պաշտոնում նշանակել մրցույթում ոչ մի հարցի չպատասխանած, «քննությունից կտրված» Անահիտ Կարապետյանին (նախկին գլխավոր բժշկին):
Մարզպետը, որին մինչ վերջերս դրական էին վերաբերվում տեղի բնակիչները, ընկրկեց եւ դիմեց հետեւյալ քայլին. նոյեմբերի 30-ի մրցույթում միջին բալեր հավաքած երրորդ հավակնորդին՝ Սմբատ Գալստյանին, անցյալ ուրբաթ նշանակեց գլխավոր բժշկի պաշտոնում, նախապես ձեռքի տակ ունենալով  Գալստյանի «ինքնաբացարկը»՝ հրաժարականի դիմումը, ինչպես որ կանխատեսել էինք: Գլխավոր բժշկի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Անահիտ Կարապետյանը: Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, խոստացել էր չնշանակվելու դեպքում «պայթեցնել գլխավոր բժշկի աթոռը՝ այն զբաղեցնողի հետ միասին, եթե դա ինքը չէ»:
Նախագահականը եւ կառավարությունը, ըստ էության, կանխեցին «ահաբեկչությունը», նախօրոք իմանալով իրենց հովանավորյալ տիկնոջ ահաբեկչական հակումների մասին: Այս առումով եղեգնաձորցիները «շնորհակալ» են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել