Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ

Դեկտեմբեր 16,2010 00:00

ԱՄՆ չմեկնեցին. տուժում են բոլորը

9 տարի առաջ, փետրվարի 13-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց նշանակվել էր ԱՄՆ մեկնող ուղեւորների «ժողովը»: Ասվել էր, որ խմբի ուղեւորությունը կազմակերպվում է ԱԳՆ-ի կողմից՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ: «Ժողովը» հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 21-ին: 2001թ. փետրվարի 21-ին Հայաստանի 40 քաղաքացի չմեկնեց ԱՄՆ: Նրանց 240 000 դոլարը հափշտակած ոմն Ռազմիկ Ռշտունի, որը կազմակերպիչն էր, ինքը թռավ՝ մինչ օրս հայտնի չէ, թե ուր:
Ռշտունու նկատմամբ հայտարարվեց հետախուզում, հարուցվեց քրեական գործ: Եվ քանի որ Ռշտունին մինչ օրս հայտնաբերված չէ, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կասեցվեց:
Ռ. Ռշտունին Գյուլբենկյան փողոցի վրա գտնվող «Տիտան» ՍՊԸ գրասենյակում այս գործով տուժող Թաթուլ Հակոբյանից ստացել էր 7000 ԱՄՆ դոլար, նրա քրոջը ԱՄՆ ուղարկելու նպատակով:
Գրասենյակի աշխատակիցը Ռշտունու եղբոր ընկերն էր՝ Հակոբ Հովհաննիսյանը: Եվ քանի որ Թաթուլ Հակոբյանը եւ Ռշտունին ճանաչում էին Հակոբին, գումարը ստանալու ժամանակ, ոչինչ չկասկածելով, Հակոբի անունով 7000 դոլարի պայմանագիր է կազմվում գրասենյակում:
2001թ. ամռանը Թաթուլ Հակոբյանը դիմում է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան՝ Հակոբ Հովհաննիսյանից պահանջելով իր $7000 գումարը եւ «պայմանագրի տոկոսները»:
Դատարանը բավարարում է Հակոբյանի հայցը, տեղյակ չլինելով, որ ընթանում է քրեական գործի նախաքննություն եւ կան այդ գործի շրջանակներում իրավական գնահատականների արժանացած ապացույցներ:
Ըստ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված Հակոբ Հովհաննիսյանի բողոքի. «Թաթուլ Հակոբյանը մինչեւ 2009 թ. հանդես է եկել դատարաններում, որի արդյունքում 2001թ. փետրվարի 8-ի 7000 ԱՄՆ դոլար պայմանագրի դիմաց սեփականության իրավունքով ինձ պատկանող Երեւանի Հ. Էմինի տունն ու հարակից հողատարածքը, կայացված ապօրինի վճիռների հիման վրա, բռնագանձվել եւ օտարվել են ինձնից ու իմ ընտանիքից»:
Հ. Հովհաննիսյանը դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի «սուտ բացատրություն» տալու համար քրեական գործ հարուցվի Թ.Հակոբյանի նկատմամբ: Այս տարվա նոյեմբերի 24-ին քրեական գործ չի հարուցվում Հակոբյանի նկատմամբ, այն մերժվում է հանցակազմի բացակայության հիմքով:
Պարզվում է նաեւ, որ Քրօրի 388 հոդվածը՝ «սուտ բացատրությունը» ապաքրեականացվել է: Հ. Հովհաննիսյանը պահանջում է՝ ապաքրեականացված հոդվածի փոխարեն գործ հարուցել նույն հոդվածի «ակնհայտ սուտ ցուցմունք տալու» հատկանիշներով:
Նա իր բողոքում շեշտում է, որ չարաբաստիկ «ուղեւորության» գործով ինքն ընդամենը վկա է, որովհետեւ գումարը Թաթուլը տվել է Ռշտունուն:
«Ի վերջո, պատասխանեք ընդամենը մեկ հարցի. ո՞ր իրավունքով վկայի կարգավիճակում գտնվող անձին՝ ինձ, սեփականության իրավունքով պատկանող ամբողջ անշարժ գույքը, ինձ հետ ոչ մի առնչություն չունեցող, ուրիշի կողմից խարդախությամբ հափշտակված 7000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց դատարանի «բարեգործական» վճիռներով կարող է օտարվել եւ նվիրատրվել Թաթուլ Հակոբյանին: Այս հարցի պատասխանն արդեն 10 տարի ոչ մի կերպ չեմ կարողանում ստանալ»,- ասում է Հ. Հովհաննիսյանը: Թ. Հակոբյանը 30.04.09թ. դիմումով պնդել է, որ քրեական գործը ոչ մի կապ չունի իր եւ Հ. Հովհաննիսյանի միջեւ կազմված պայմանագրի հետ: Այսինքն, սուտ ցուցմունք է տվել: Այս գործն ուշագրավ է նրանով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Հ. Հովհաննիսյանը եղել է վկայի կարգավիճակում: Ուշ ժամ լինելու պատճառով քննիչի հետ հարցաքննությունը ընդհատվել է: Այսինքն, հարցաքննությունը չի ավարտվել, անավարտ է մնացել մինչ օրս: Հարցաքննությունը դեռ չավարտված, վկան առերես հարցաքննվել է Թաթուլ Հակոբյանի հետ:
Մինչդեռ, առերես հարցաքննություն կատարվում է այն ժամանակ, երբ հակասություններ կան կողմերի ցուցմունքներում: Իսկ ինչպես է գնահատվել «էական հակասությունը», երբ հարցաքննությունը կիսատ թողնելու մասին քննիչը ընդհանրապես մոռացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել