Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան ջուրը» ցրում է

Դեկտեմբեր 16,2010 00:00

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շերամի փողոցում մոտ երկու ամիս առաջ մի մեծ ջրատար խողովակ էր պայթել, եւ քանի որ այդ փողոցում իրար կողքի շարված մի քանի օբյեկտներ ու առանձնատներ են, ողջ գիշեր խողովակի ջուրը լցվել էր այդ օբյեկտներն ու հսկայական վնաս պատճառել տարածքի տերերին ու բնակիչներին: Այս խնդրի հետ կապված, երբ «Երեւան ջուր» ընկերությանը հարցում արեցինք, թե չե՞ն պատրաստվում փոխհատուցել այդ մարդկանց կամ ի՞նչ սկզբունքով է լինելու փոխհատուցումը, ընկերությունից պարզաբանեցին, թե վաղ առավոտից իրենց աշխատակիցներն այդ տարածքում վթարի վերականգնման աշխատանքներ են կատարում, եւ այդ պահին միանշանակ չեն կարող ասել՝ փոխհատուցում լինելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետեւ կազմվել է մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրություններ կատարի ու եզրակացություն տա, թե այդ փողոցում ընդհանրապես կառուցապատում անելու իրավունք ունեի՞ն, թե՞ ոչ:
Նշենք, որ կոնկրետ Շերամի 2/4 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի համար սեփականատեր Հրայր Թարզյանն իր բիզնեսի եւ տարածքի օրինականացման հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունի, ուստի, եթե նրան տվել են կառուցապատման թույլտվություն, ըստ էության, փոխհատուցման խնդիր էլ պետք է առաջանար: Սակայն մինչ օրս «Երեւան ջուր» ընկերությունը չի պատասխանում, թե իրենց կազմած հանձնաժողովը ուսումնասիրության արդյունքում ի՞նչ եզրակացության է եկել: Հնարավոր է, որ նույնիսկ որեւէ ուսումնասիրություն չի էլ եղել, որովհետեւ ընկերությունը երկու ամիս է՝ ամեն օր այսօր-վաղը անելով՝ չի ուզում պարզաբանումներ տալ՝ խախտելով նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» եւ «ԶԼՄ-ների մասին» օրենքները:
Այդ փողոցի բոլոր օբյեկտների հիմքն արդեն փլուզվել է, եւ դրանք պարզապես վերանորոգելով՝ հարցը չի լուծվի: Դրանք քանդման ենթակա են, որի պատճառով օրվա հացի փող վաստակող մարդիկ անգործության մատնված՝ սպասում են «Երեւան ջրի» պատասխանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել