Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը հետ չմնաց մարզպետից

Դեկտեմբեր 16,2010 00:00

Շիրակի մարզպետն ազատվեց առողջապահության վարչության պետից, Գյումրիի քաղաքապետն էլ՝ աշխատակազմի ղեկավարից:

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրահանգով, սակայն սեփական դիմումի համաձայն՝ դեկտեմբերի 1-ից պաշտոնազրկվեց Շիրակի մարզպետարանի քաղծառայողներից մեկը՝ առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Ղազարյանը: Ինչպես փոխանցում են մեր լավատեղյակ աղբյուրները, պարոն Ղազարյանը, ազատման դիմում գրելիս, պատճառաբանել է, թե իբր նոր աշխատանքի է անցնում, մինչդեռ մեր օրաթերթին այդ նույն ժամանակ տված հարցազրույցում պարոն Ղազարյանն ասում էր, թե իր ծրագրերի մեջ կա ԱՄՆ մշտական բնակության մեկնելը: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանի մեր աղբյուրները, մարզպետ Գիզիրյանը երկար ժամանակ առողջապահության վարչության պետ էր փնտրում ու երկար փնտրտուքից հետո կարողացավ այդ պաշտոնում հրավիրել այնպիսի մեկին, որը Արթիկի տարածաշրջանից է՝ Հառիճ գյուղից եւ իր գործում պրոֆեսիոնալ է: Այսօրվանից պատասխանատու այդ պաշտոնը կզբաղեցնի Արթիկի նախկին շրջկոմի քարտուղարի որդին՝ մասնագիտությամբ վիրաբույժ, գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը: Ի դեպ, վերջինս Արթիկի բուժտեխնիկումի տնօրենն է, միաժամանակ աշխատում է նաեւ Երեւանում, ըստ որոշ տեղեկությունների, պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ: Մի խոսքով՝ փորձառու է, եւ, մարզպետարանցիների տպավորությամբ, քաղաքավարության նորմերին տիրապետող մարդ է: Իսկ թե ինչպես իր փորձառությունը կօգտագործի մարզի առողջապահության քայքայված համակարգը վերականգնելու համար, թերեւս կերեւա մի քանի ամսից: Համենայնդեպս, պաշտոնյան գալիս է մի մարզ, որտեղ ներկա պահին պոլիկլինիկաներում դիաբետով տառապող հիվանդներին դեղորայքից զրկել են:
Նկատենք, որ «Առավոտը» այս ոլորտից մի քանի բողոքներ է ստացել: Մասնավորապես՝ տեղեկություններ կան, որ բուժզննման են ուղարկում դպրոցի ուսուցիչներին, սակայն, պարզվում է, որ դա թուղթ սեւացնելու մի ձեւ է իրականում: Պոլիկլինիկայի բժիշկներից շատերը հրաժարվում են անվճար զննել ուսուցիչներին ու ձեւականորեն գրում են, թե տվյալ անձը ստուգված է: Մարզպետարանից «Առավոտին» պաշտոնապես հայտնեցին, որ Հովհաննես Հովհաննիսյանն առայժմ կաշխատի պայմանագրով, մինչեւ որ այդ տեղի համար քաղծառայության մրցույթ հայտարարվի: Իսկ թե ինչու մարզպետարանցիները չեն օգտվել քաղծառայության խորհրդում տվյալ պաշտոնի համար մրցույթի մասնակցած ռեզերվային կադրերից, մարզպետարանից պարզաբանում են՝ «չկար այդպիսի կադր»:
Կադրային այս փոփոխությունը Շիրակի մարզում միակը չէ, մարզպետ Գիզիրյանից օրինակ վերցրեց նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը երկու օր առաջ պաշտոնազրկեց իր աշխատակազմի երկարամյա ղեկավարին՝ Արտյոմ Մազմանյանին: Նրանց ջրերը մի առվով չէին հոսում. քաղաքապետն այնքան էլ բարյացակամ չէր իր ենթակայի հանդեպ, այս մասին շարքային գյումրեցիներն անգամ գիտեին: Գյումրիի քաղաքապետարանից մեր օրաթերթին պարզաբանեցին, որ պարոն Մազմանյանը առողջական խնդիրներ է ունեցել եւ այդ պատճառով, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Աշխատանքի է տեղավորվել Շիրակի նախկին փոխմարզպետը, քաղաքապետի կուսակից ընկերը՝ ՀՀԿ-ական Բորիս Ալեքսանովը, որը փոխմարզպետ եղած ժամանակ Գյումրիի քաղաքապետի քննադատության թիրախում էր, մանավանդ որ՝ քաղաքապետի ձեռքից վերցրել ու Բորիս Ալեքսանովին էին հանձնել «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանների բաշխման գործընթացը: Սակայն նրանց հարաբերությունները այնքան են լավացել, որ դեռեւս Լիդա Նանյանի օրոք, Գյումրիի քաղաքապետը ամեն ջանք գործադրում էր պարոն Ալեքսանովին իր հին պաշտոնին վերադարձնելու համար, սակայն այդպես էլ չստացվեց, Նանյանը ներքին կարգով չհամաձայնեց, եկավ պարոն Գիզիրյանը, որը, բնականաբար, Սեյրան Պետրոսյանին գերադասեց Բորիս Ալեքսանովից: Ի դեպ, պարոն Պետրոսյանը եւս վերջերս դարձել է ՀՀԿ-ական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել