Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՋՐԾԱՂԻԿԸ ՆՎԵՐՆԵՐԻՑ ՉԻ ԶՐԿԻ

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"Չնայած ջրծաղիկի դեպքերի աճին, ամանորյա նվերներից չզրկվելու համար դպրոցներն ու մանկապարտեզները չեն ուզում փակել:

Այս օրերին հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ջրծաղիկի համաճարակ է: Քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը 21 օր է, եւ այդ ընթացքում հիվանդությունը կարող է արտաքուստ չերեւալ, ուստի վարակված երեխաները, շփվելով առողջների հետ, դառնում են հիվանդության տարածման պատճառ: Չնայած վիճակը լուրջ է, մանկապարտեզներում 30 հոգանոց խմբից 10-12 երեխա է հաճախում, դպրոցներում երեխաների մեծ մասը բացակայում է, բայց հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը չի շտապում դիմել կրթության եւ գիտության նախարարություն, որպեսզի, ելնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակից, գոնե որոշ ժամանակով դպրոցներն ու մանկապարտեզները փակվեն: Այդ կրթական հաստատություններում էլ կտրականապես դեմ են, որ ինչ-որ ջրծաղիկի պատճառով տարեվերջի հանդեսներն ու միջոցառումները տապալվեն, հրավիրված Ձմեռ պապն ու Ձյունանուշը չգան եւ, որ ամենակարեւորն է՝ Նոր տարվա առիթով սպասված նվերները չկարողանան ստանալ: Հայտնի է, որ դեկտեմբերի 1-ից սկսած՝ ծնողները փող են հավաքում դաստիարակ-դայակին, ուսուցիչներին ու դպրոցի տնօրինությանը նվեր գնելու համար, իսկ ուսումնական հաստատությունները փակել՝ նշանակում է հրաժեշտ տալ նաեւ այդ նվերներին:
Մեզ հետ զրույցում հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը տեղեկացրեց, որ արդեն 3 տարի է՝ Հայաստանում այս ամիսներին ջրծաղիկի ուժեղ բռնկում է լինում. «Հենց ցուրտ է լինում եղանակը՝ երեխաները հիվանդանում են ու մեկը մյուսին վարակում: Գիտենք, որ դպրոցներում, մանկապարտեզներում շատ դեպքեր կան, բայց, քանի որ մարդիկ սովոր են ջրծաղիկը տանը բուժել, քչերն են դիմում բժշկի՝ չենք կարող հստակ ասել, թե հիվանդացությունն ինչ մակարդակի վրա է: Հիվանդանոց դիմում են միայն ջրծաղիկի բարդացված ձեւեր ունեցողները, բայց մարդկանց 95%-ը այն թեթեւ է տանում, ցանի վրա «ջպսպվՍՈ» են անում, մի քիչ ջերմություն են ունենում, ու վերջ»:
Նշենք, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութ այսօր Հայաստանում չկա: Անգամ վճարովի հիմունքներով մարդիկ ցանկության դեպքում չեն կարող իրենց երեխաներին այդ հիվանդության դեմ պատվաստել, որովհետեւ մասնավոր սեկտորում էլ պատվաստանյութը գոյություն չունի: Պատճառն այն է, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութը չափազանց թանկ է, եւ այն ձեռք բերելը մեր պետության համար գրեթե անհնարին է՝ արժեքի իմաստով: Այսօր մեր երկիրը ամենաթանկ պատվաստանյութը, որ ներկրում է՝ պենտավալենտ պատվաստանյութն է, որն իր մեջ ներառում է դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, հեպատիտ Բ-ի եւ հեմոֆիլուսային Բ տիպի վարակի դեմ համակցված հնգավալենտ պատվաստանյութ: Պատկերացնելու համար, թե որքան թանկ է ջրծաղիկի դեմ պատվաստանյութը, նշենք, որ անգամ այդ հնգավալենտ պատվաստանյութը մենք ձեռք ենք բերում մոտ 4 դոլարով, իսկ ջրծաղիկի վակցինան արժե 100-150 դոլար՝ նայած, թե որ ընկերության արտադրանքն է: Միջազգային առողջապահական դոնոր կազմակերպությունները արդեն հրաժարվում են օգնել որեւէ երկրի պատվաստանյութ ձեռք բերելու հարցում՝ թողնելով այդ ծախսը տվյալ երկրի բյուջեի վրա: Սա նշանակում է, որ եթե ուզենանք այդ պատվաստանյութը գնել, պետք է մեր երկրի առողջապահության համար նախատեսված ողջ բյուջեն դրա վրա ծախսենք, ինչի անհրաժեշտությունը, ըստ մասնագետների, բացարձակապես չկա: Մենք հնարավորություն չենք ունենա անգամ պատվաստել մինչեւ 6 տարեկան երեխաներին, որովհետեւ հաշվարկներ են կատարվել ու պարզվել է, որ խոսքը միլիոնների մասին է, ինչի հնարավորությունը մեր պետությունը չունի:
Եթե նույնիսկ բյուջեն կրկնակի լիներ, դարձյալ հարց կառաջանար՝ արժե՞, արդյոք, ձեռք բերել այդ թանկարժեք պատվաստանյութն ու պատվաստել երեխաներին մի հիվանդության դեմ, որն իրենից, ըստ էության, որեւէ վտանգ չի ներկայացնում: Տհաճ ցան է, քոր, ջերմություն, բայց այն մարդու առողջության վրա լուրջ հետեւանքներ չի թողնում:
Այսօր ավելի բարդ հիվանդություններ կան, որոնց դեմ պատվաստանյութը ձեռք բերելու դեպքում հնարավոր կլինի գոնե մահացության տոկոսը նվազեցնել, իսկ ջրծաղիկի դեպքում մահացություն չի կարող լինել, անգամ երկրորդային թարախակալման դեպքում, եթե երեխան, ասենք, կեղտոտ ձեռքերով քորում է ցանն ու ինֆեկցիա է անցնում, դարձյալ մահվան ելք չի առաջանում: Ուստի մեր երկրի առողջապահության պատասխանատուները գերադասում են ջրծաղիկի դեմ պայքարել ավելի էժան միջոցներով՝ խորհուրդ են տալիս հաճախակի օդափոխել դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդ երեխաներին պահել տանն ու հիվանդությունը կանխարգելել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել