Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՅԴՈՒԼԻՆԸ ՎԵՐԱՑՐԵՑ ՍԱՆԱՀԻՆԻ ԴԵՊՈՆ»

Դեկտեմբեր 16,2010 00:00

Սանահինի լոկոմոտիվային սահմանամերձ դեպոն չի վերացվի, բայց այն կբաժանվի երկու մասի: Առաջիկայում դրա բազայի վրա կստեղծվեն Գյումրու լոկոմոտիվային դեպոյի կազմում՝ Սանահինի շրջադարձային դեպոն եւ արտադրական ծավալների մակերեսների վրա՝ Սանահինի գծի մեքենայացված ուղեմաս ձեռնարկությունը: Սա «Հարավկովկասյան երկաթուղի»՝ ՀԿԵ ընկերության վերջնական որոշումն է, որը երեկ Շեւքեթ Շայդուլինը, դեպոյի աշխատակիցների պատմելով, պարտադրեց նաեւ իրենց: Պարոն Շայդուլինն ու աշխատակիցները շատ հարցերում անհամաձայն են եղել, ինչը ստիպել է աշխատակիցներին հանդիպման կեսից դուրս գալ:
«Արդյունքում՝ պարոն Շայդուլինը հասավ նրան, որ Սանահինի լոկոմոտիվային դեպոն վերանա, նա իր կամքը մեզ պարտադրեց՝ չթողնելով այլընտրանք: Շայդուլինը հարցն իր ուզածով ու արագ լուծելու նպատակով տրանսպորտի ու կապի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի անդամներին արգելեց մասնակցել երեկվա մեր համատեղ քննարկմանը՝ պարզաբանելով, որ մի ուրիշ՝ ավելի հարմար օր կհավաքվենք, բայց հարցը արդեն լուծվեց, ու հանձնաժողովի դերն այդպես էլ չհասկացանք…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց դեպոյի աշխատակիցը: Հանդիպման ժամանակ աշխատակիցները տեղեկացան նաեւ, որ Սանահինի շրջադարձային դեպոյի նորանշանակ պետը Յուրա Մատինյանն է, իսկ նախօրեին էլ պարզ էր դարձել Սանահինի գծի մեքենայացված ուղեմաս ձեռնարկության պետի անունը՝ Արեւիկ Գրիգորյան: «Մեզ խոստացան, որ դեպոյի ոչ մի աշխատակից աշխատանքը չի կորցնի, մեզ հետ կնքելու են պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ինչպե՞ս հավատանք, երբ վերջին 6 օրվա դրությամբ 5 աշխատակցի անուն նոր հաստիքացուցակներում չի ընդգրկվել, գուցե սա՞ էլ տնօրինության հերթական խաբեությունը լինի»,- պատմում էր աշխատակիցը: Նրա խոսքով, ՀԿԵ տնօրինությունն իրենց սարեր է խոստացել, ասել են, որ շատ կարճ ժամանակահատվածում վերանորոգելու են վթարային շենքերը, կստեղծեն արտադրամասեր. «Կիսաանորոշ ու կիսանորմալ վիճակ, չգիտենք էլ՝ հավատա՞նք այդ խոսքերին, թե՞ դրանք գեղեցիկ հեքիաթներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել