Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ Է ՆՎԱՃՈՒՄ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Երեկ ռուսական մի շարք լրատվամիջոցներ լայնորեն անդրադարձել են հայ-ռուսական գործարար համագործակցության մի նոր նախագծի:

Խոսքը վերաբերում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու եւ օղու կոմբինատի եւ ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ գտնվող «Կրեմլյովսկայա» առեւտրի տան միջեւ կնքված պայմանագրին, որի համաձայն՝ այսուհետ Հայաստանում կարտադրվի հայկական նոր կոնյակ՝ “Kremlin Award” անվանումով: Նոր ապրանքանիշի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Կրեմլի պալատում, որին մասնակցել է նաեւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Շնորհանդեսի ժամանակ ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Վ. Կոժինը, ներկայացնելով նոր ապրանքանիշը, շեշտել է, որ «Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները տարեցտարի էլ ավելի են ամրապնդվում, եւ որ այդ համագործակցության արդյունքները ոչ միայն կարելի է տեսնել, այլ նաեւ համտեսել»,- հաղորդում է «Российская газета» ն, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ նոր ապրանքանիշի մեջ նախաձեռնության հեղինակները միավորել են Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդանիշները, որն, անկասկած, ապահովելու է հետագա արդյունավետ համագործակցության նոր հեռանկարներ: Այս նոր կոնյակի տեսականին է այսուհետ օգտագործվելու ՌԴ նախագահի պաշտոնական բոլոր ընդունելությունների եւ արարողակարգային այլ միջոցառումների ժամանակ: Բացի դրանից, այն հասանելի է լինելու նաեւ շարքային սպառողների համար: ՌԴ տարածքում սկզբնական փուլում նախատեսվում է 180-200 հազար շիշ կոնյակի սպառում, իսկ արդեն հետագայում տարեկան մինչեւ 500 հազար շիշ նոր հայկական կոնյակի իրացում ռուսական շուկայում: Սա, իհարկե, նշանակալի հաջողություն կարելի է համարել հայկական կոնյակագործության համար, որի ակունքներում, ի դեպ, ընկած են շուստովյան ավանդույթները: Դեռ 1912թ.-ին հանրահայտ Նիկոլայ Շուստովը ապահովում էր ռուսական կայսերական արքունիքը հայկական այս անմահական խմիչքով:
Ուրախալի է, որ այդ ավանդույթները շարունակվում են, եւ այսօր էլ «Արարատ» կոնյակի, գինու եւ օղու կոմբինատի արտադրանքը բարձր է գնահատվում միջազգային ասպարեզում: Մեզ՝ հայերիս համար վաղուց արդեն կոնյակը ավելին է, քան զուտ խմիչքը. այն վեր է ածվել յուրահատուկ ազգային հարստության եւ հպարտության ատրիբուտի, որը պետք է հոգատարությամբ պահել ու պահպանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել