Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնության հաշվին գործարար միջավայրն են բարելավում»

Դեկտեմբեր 16,2010 00:00

Բնապահպանի համոզմամբ, օրենքի փոփոխությունները լավ բան չեն խոստանում

Ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարությունը որոշել է պարզեցնել քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության իրականացումը: Ըստ այդմ, քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության համար ժամկետ է սահմանվելու առավելագույնը 15 օր՝ ներկայումս օրենքով սահմանված 120-օրյա ժամկետի փոխարեն: Միաժամանակ նախատեսվում է նաեւ, որ սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատասխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:
Օրենսդրական այս փաթեթն արդեն ԱԺ քառօրյայի օրակարգում է, ու եթե կառավարության ներկայացրած տարբերակը ԱԺ-ում հաստատվի, բնապահպանների համոզմամբ, կառավարության «բարի ցանկությամբ» հանրապետությունում հակաէկոլոգիական շենքերի ու շինությունների դեմն առնել էլ չի լինի: «Նույնիսկ նախորդ օրենքի սահմաններում չէինք կարողանում առաջն առնել, հիմա բացարձակ անվերահսկելի է դառնում: Պարզից էլ պարզ է, որ իրենց առաջարկած ժամկետում նախարարությունը չի հասցնելու ուսումնասիրություն իրականացնել, գործարարն ու տեղական ինքնակառավարման մարմինը չեն կարողանա հասարակական լսումներն ապահովել, հասարակական կազմակերպություններն էլ չեն հասցնի ուսումնասիրել, ու իրենց կարծիքը ժամանակին ներկայացնել սկզբունքորեն անհնար է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր «Հանուն կայուն զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրան շատ է զարմացրել այն, որ օրենսդրական փաթեթը ԱԺ տարբեր հանձնաժողովներով այնքան արագ է անցել, որ նույնիսկ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում չեն հասցրել դրան ծանոթանալ. «Հանձնաժողովում հավաքվեցինք, քննարկեցինք, որքան փորձեցինք պահպանել ներկա օրենքով սահմանված 120 օրը՝ չկարողացանք, բայց գոնե մեզ հաջողվեց առաջարկվող 15 օրը հասցնել 40-ի, չնայած 40 օրն էլ բավական չէ, բայց գոնե 15 օրից լավ է»: Տիկին Դանիելյանի խոսքով, դեռ տարիներ առաջ հ/կ-ների ու ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ոլորտը կարգավորող շատ ավելի լիարժեք օրենք են մշակել, բայց առ այսօր չեն կարողանում այն մտցնել ԱԺ: Նա բացատրեց, թե գործող օրենքի որոշ դրույթներ, որոնք փոխելու համար անընդհատ պայքարում էին, որքան շատ են շահագործում հենց գործարարները. «Գործող օրենքը սահմանում է՝ եթե կառուցապատման տարածքը չի գերազանցում 1000ք/մ, ապա այն էկոլոգիական փորձաքննությունից ազատվում է: Հենց այս կետի դեմ էինք բողոքում, որ դա պետք է վերանայվի, հիմա կառավարությունը վերանայում է, բայց հակառակ ուղղությամբ՝ 1000 ք/մ-ն դարձնում է 1500 ք/մ: Կառավարության որոշումից գործարարները մեծ ուրախությամբ օգտվում են՝ բաժանվելով 1000 ք/մ-անոց փոքր-փոքր կտորների ու ազատվում փորձաքննությունից, արդյունքում ամբողջ Օղակաձեւ այգին դարձավ օղակաձեւ ռեստորան: Գործող օրենքի բացերը վերացնելու փոխարեն նոր ճեղքեր են առաջացնում: Գործարար միջավայրն են բարելավում՝ չմտածելով, որ դա անում են բնության հաշվին»:
ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց. «Օրենսդրական այս փոփոխություններով հնարավորինս կփոքրանան բյուրոկրատական քաշքշուկները, ու սա ողջունելի քաղաքականություն է: Այս ընթացքում քննարկեցինք ու առաջարկեցինք ավելի ողջամիտ ժամկետ՝ 15 օրվա փոխարեն 40 օր: Ձեզ վստահեցնում եմ՝ այս ժամկետում բոլոր կողմերը կհասցնեն իրենց ուսումնասիրությունն անել ու ժամանակին ներկայացնել, հանրային լսումներն էլ՝ այդ թվում, որովհետեւ առանձնապես ուսումնասիրությունների կարիք չկա»:
Անդրադառնալով բնապահպանների պնդումներին, թե գործընթացն իրականացնում են կանաչ տարածքների հաշվին, պարոն Հարությունյանը բացատրեց. «Բայց հիմա գոյություն ունեն գլխավոր հատակագծեր, որտեղ քաղաքաշինական բոլոր գործառույթներն ու մոտեցումները կան, եթե կանաչ տարածքների հաշվին քաղաքաշինություն է արվում, դա ադեն խախտում է»: Ինչ վերաբերում է կառավարության այն որոշմանը, թե փորձաքննությունից ազատված կառուցապատման չափը 1000ք/մ-ից դարձնել 1500ք/մ, պարոն Հարությունյանը պարզաբանեց. «Բնապահպանության նախարարն ընդամենն ասել է, որ կառավարությունը նախատեսել է նման բան, դա օրենքին բացարձակապես չի առնչվում, երբ որ կառավարությունն այդ կարգը կընդունի, ու 1000ք/մ-ն կդառնա 1500ք/մ, այն ժամանակ կարելի է այդ որոշմանն արձագանքել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել