Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՎԹԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է»

Դեկտեմբեր 16,2010 00:00

«Փարվել նավթային բռնապետին». այսպես է վերնագրել գերմանական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը՝ «Spiegel»-ը Ադրբեջանի իշխող վերնախավին նվիրված իր ծավալուն հոդվածը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, գերմանացի լրագրող Գրեգոր Պետեր Շմիցը, մեկնաբանելով Բաքվում աշխատող ամերիկացի դիվանագետների՝ WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված հաշվետվությունները, գրում է. «Նավթի համար ամերիկացի դիվանագետները պատրաստ են դիմել գրեթե ցանկացած քայլի: Ադրբեջանում, օրինակ, նրանք գովերգում են տեղի բռնապետին եւ նրա փողատենչ կլանին: WikiLeaks-ի կողմից հրապարակված՝ Ադրբեջանին վերաբերող փաստաթղթերն ընթերցում ես որպես ամերիկացի դիվանագետների սարկազմով լի տպավորությունների հավաքածու: Դրանց հեղինակների կարծիքով՝ իրենք հայտնվել են աշխարհի ծայրում գտնվող բանանային մի հանրապետությունում»: Չնայած դրան, ըստ Spiegel-ի, Կասպյան տարածաշրջանում գտնվող այս պետությունը Միացյալ Նահանգների ռազմավարական էներգետիկ գործընկերներից է, որը, սակայն, գտնվում է ռուսական ազդեցության գոտում: Իր հոդվածում լրագրողը նաեւ մեջբերել է Ադրբեջանի լիբերալ կուսակցության առաջնորդ Լալա Շովքեթի խոսքերը, թե՝ «նավթն Ադրբեջանի ողբերգությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել