Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-Ն ՄԻ ՔԻՉ ՀԵՐՔԵՑ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք-2» («Առավոտ» 9.12.2010) հրապարակմանը: Հիշեցնենք, որ հրապարակմամբ անդրադարձ էր կատարվում «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանի բարձրացրած այն մտահոգություններին, որ հայաստանյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ժամկետն օգտագործում են անձնական հարցերը լուծելու համար: «Առավոտն» այս խնդիրն արծարծել է դեռեւս հինգ տարի առաջ, սակայն որեւէ պաշտոնական արձագանք այդպես էլ չեղավ: Պարոն Խզմալյանը նաեւ մի շարք հարցեր էր ուղղել նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ի թիվս դրանց, կար պնդում, թե Հայաստանի ԱԳ նախարարի կինը մշտապես բնակվում է Մոսկվայում, իսկ աղջիկը՝ Փարիզում, ՀՀ դեսպանության կողմից վարձակալած բնակարանում: «Արդյոք ճշմարտացի՞ են այդ պնդումները»՝ «Առավոտի» հարցին ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց. «Չգիտեմ՝ ով է նման բամբասանքներ տարածում, սակայն դա այն աստիճան հիմարություն է, որ կարծում եմ՝ կարիք չկա մեկնաբանելու: Նախարարի կինը բնակվում է Երեւանում, եւ նրա հասարակական գործունեությանը միգուցե ծանոթ չէ միայն այդ անհեթեթ լուրեր տարածողը, իսկ նախարարի դստեր բնակարանի մասին պնդումները բացարձակ եւ պարզունակ սուտ են»: «Առավոտն» ակնկալում է, որ ՀՀ արտաքին գերատեսչության պատասխանատուները կարձագանքեն նաեւ «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք-2» հրապարակմամբ բարձրացված խնդիր-մտահոգություններին, իսկ նախարար Նալբանդյանը կպատասխանի իրեն ուղղված մնացյալ հարցերին եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել