Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ը ԿԱՐՈՂ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԴԱՀԻՃԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.  «2002թ. «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումով իշխանությունը վերջ տվեց հեռուստաեթերով ազատ խոսքի եւ տեղեկատվության տարածմանը: Մնացած բոլոր հեռուստաընկերությունները վերցնելով նախագահական ապարատի վերահսկողության տակ՝ վարչախումբը ողջ ժողովրդին ենթարկեց տեղեկատվական բլոկադայի: Միակ ազատ հեռուստաընկերության եթերը չվերականգնվեց անգամ Եվրոպական դատարանի որոշումից հետո. թվայնացման խնդիրը պատրվակ բռնելով՝ վարչախումբը երեք տարի ձգձգեց հարցի լուծումը: Իսկ հետո ընդունվեց մի օրենք, որով, հակառակ նախապես տված խոստումներին՝ թե թվայնացումից հետո հեռուստատեսային հաճախականությունների թիվը կավելանա մինչեւ 60-70, ընդհակառակը՝ դրանց թիվը 24-ից կրճատվեց 18-ի»: Արձանագրելով, որ այժմ էլ հայտարարված մրցույթում «Ա1+»-ն այն սակավաթիվ հեռուստաընկերություններից է, որը միեւնույն հաճախականության համար հայտ ներկայացրած մրցակից ունի, Կոնգրեսը նկատել է, թե դա վկայում է այն մասին որ մրցույթը կազմակերպված է «նախապես կայացված հանցավոր մի համաձայնության հիման վրա, եւ արդեն իսկ կանխորոշված են դրա արդյունքները»:
Հիշեցնելով, որ միակ ժողովրդական հեռուստաընկերության շահերը պաշտպանելու համար ամիսներ առաջ ստեղծվել է մի խորհուրդ, որը, ի թիվս այլ միջոցառումների, նաեւ յուրահատուկ մի քվեարկություն-հանգանակություն է կազմակերպել հօգուտ «Ա1+»-ի, ՀԱԿ-ը կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել այդ քվեարկությանը: «Կարելի է չկասկածել, որ ՀՌԱՀ-ը այս անգամ էլ կատարելու է իշխանության կամքը, սակայն այդ կառույցի յուրաքանչյուր անդամ պետք է շատ լավ հասկանա, որ անձնապես իր վրա է վերցնում խոսքի ազատության դահիճի դերը, ինչի համար անպայման պատասխան է տալու ողջ ժողովրդի առջեւ»,- ասված է Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել