Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎԵՐԱՆԱՅՎԻ՞ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ

Դեկտեմբեր 16,2010 00:00

ԱԺ արտահերթ նստաշրջանի երեկվա նիստի սկզբում դարձյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ նշեց, որ նախօրեին արված իր հայտարարության մեջ հնչած մտահոգությունները հաստատվում են. «Մենք հասցրել էինք առաջարկություններ ուղարկել «Գնումների մասին» օրինագծի վերաբերյալ։ Բոլորը մերժված են: Կարելի էր այդպես էլ ակնկալել, քանի որ մի քանի ժամվա մեջ կառավարությունը չէր կարող դա լուրջ քննարկել: Սակայն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահից, որովհետեւ նա երեկ հրավիրեց բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին, հասկանալու համար՝ այս ներկայացված հսկայական փաթեթների մեջ որտե՞ղ կան խնդիրներ»: Վահան Հովհաննեսյանը նաեւ հայտնեց. «Կառավարությունը, իմ տեղեկություններով, համաձայնել է որոշ դեպքերում երկրորդ ընթերցումները հետ քաշել արտահերթ նստաշրջանի օրակարգից: Դա, իհարկե, փոխում է իրավիճակը, բայց դեռ պետք է տեսնել, քանի որ կառավարության եւ ԱԺ-ի միջեւ բանակցությունները դեռ շարունակվում են»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց. «Ես դեմ եմ որեւէ օրենքի նախագիծ կոծկելու: Համաձայն եմ, որ եթե մտահոգություններ ունեն իմ գործընկերները՝ ես կազմակերպչական բոլոր գործառույթները կիրականացնեմ: Եթե կան մտահոգություններ՝ պարտավոր է կառավարության անդամը կամ ներկայացուցիչը տալ բացատրություն յուրաքանչյուր պատգամավորին»:
Նշենք, որ հետագա նիստերն անցնում էին գրեթե դատարկ դահլիճում, եւ քննարկումներին մասնակցում էին գերազանցապես «Ժառանգության» պատգամավորները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց. «Օրենքներն ընդունվում են «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտումներով, դրանից տուժում է օրենքների որակը, քանի որ չկան պատշաճ քննարկումներ»:
Նշենք, որ անցած 3 օրում ԱԺ-ն հասցրել է քննարկել արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 35 հարցերից 17-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել