Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասպանին ազատ արձակելու գինը

Դեկտեմբեր 16,2010 00:00

Սյունիքի մարզպետի եղբոր որդին ազատության մեջ հայտնվելուց կարճ ժամանակ անց հերթական դժբախտ պատահարի պատճառ դարձավ:

ՀՀ ոստիկանության ամփոփագրի համաձայն՝ «Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, Գորիս քաղաքի Սյունիքի եւ Գ. Աշոտ փողոցների հատման խաչմերուկում երկու մեքենաներ բախվել են իրար։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Սերոբի Խաչատրյանը (ծնված 03.05.1981թ.) իր վարած սպիտակ գույնի «Մերսեդես-Բենց CLK-200» մակնիշի սպիտակ գույնի 22-ԼԼ-354 համարանիշի ավտոմեքենայով Սյունիքի եւ Գ. Աշոտի փողոցների հատման խաչմերուկում բախվել է Հարություն Հովհաննեսի Ղարիբյանի (ծնված 01.02.1985թ.-ին) վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի բալագույն-մետալիգ 861-ՕՕ-62 համարանիշի ավտոմեքենային, որի հետեւանքով ուղեւոր Տարոն Աշոտի Գալստյանը (ծնված 02.02.1986թ.)՝ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց»:

Մամուլում հրապարակում եղել է այս պատահարի վերաբերյալ եւ մասնավորապես նշվել, որ տուժողները (մեքենայում եղել են նաեւ 2 աղջիկներ, որոնք ստացել են մարմնական թեթեւ վնասվածքներ) Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի՝ IPSC-ի աշխատակիցներ են, որոնք սոցիոլոգիական հարցումներ են արել Սյունիքում: Նշվել է նաեւ, որ վթարված երիտասարդի փայծաղը հիվանդանոցում հեռացրել են:

Իսկ թե ով է Մայիս Խաչատրյանը՝ հիշեցնենք մեր ընթերցողներին: «Առավոտում» այդ անունը ժամանակին բազմիցս է հրապարակվել, քանի որ հենց նա էր, որ Սյունիքի մարզպետի մյուս եղբոր որդու՝ Էյներ Խաչատրյանի հետ, ուսով դիպչելու համար ծեծելով ու դանակահարելով 2004 թվականի փետրվարի 29-ին սպանել էր 34 տարեկան Հովհաննես Բադալյանին՝ նրա երկու անչափահաս երեխաներին թողնելով որբ:

«Ես նպատակ չեմ ունեցել մարդ սպանելու, երեւի լրիվ պատահական ստացվել է»,- դատարանում պնդել էր Մայիս Խաչատրյանը: Էյներ Խաչատրյանին կարողացել էին ազատել այս սպանության համար պատասխանատվությունից՝ նա դատապարտվել էր միայն խուլիգանության համար՝ 1,5 տարվա ազատազրկման, եւ շատ արագ հայտնվել ազատության մեջ:

Իսկ ահա Մայիս Խաչատրյանը ծանրացնող հանգամանքով խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու համար 2004 թ. սեպտեմբերին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Ըստ այդմ՝ նա բանտում պետք է գտնվեր մինչեւ 2016 թվականը: Սակայն պատժաժամկետի մի մասը նա անցկացրեց բանտային հիվանդանոցում, իսկ վերջերս պատժի 2/3-ը կրելու հիմնավորմամբ վաղաժամկետ ազատ արձակվեց: Դե, հայտնի է, Հայաստանում ավելի հեշտ են ազատ արձակում մարդասպաններին, կրկնահանցագործներին, իսկ քաղաքական պատճառներով ազատազրկվածներին ազատ արձակելու համար միշտ միջազգային կառույցների ճնշումն է պետք լինում:

Եվ ահա ազատության մեջ հայտնվելուց ընդամենը մեկ ամիս անց, ըստ մամուլի հրապարակման՝ մեքենան հարբած վարելու պատճառով Մայիս Խաչատրյանն այս անգամ էլ պատճառ դարձավ, որ 24 տարեկան երիտասարդը հայտնվի հիվանդանոցում:

Մեր ունեցած տեղեկություններով՝ կատարվածի կապակցությամբ Հովհաննես Բադալյանի ծնողները պատրաստվում են բաց նամակով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031