Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՆՎՈՐԻՑ» «ՏԱՆՏԵՐ» ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"Պետրոս Մակեյանը չի հասկանում՝ ինչո՞ւ է «Ժառանգությունը» ՀՅԴ-ին «ծանր քարի պես քարշ տալիս»

Ի հեճուկս բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ մինչեւ տարեվերջ ՀՀ իշխանություններն ազատ կարձակվեն, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը գտնում է, որ մինչեւ տարեվերջ հազիվ մեկ-երկուսին էլ ազատ արձակեն, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ բոլորի ազատ արձակումն այդ ժամանակահատվածում: Քաղբանտարկյալների ազատ արձակման այս գործընթացն «Առավոտի» զրուցակիցը պայմանավորում է ոչ միայն Եվրոպական կառույցների եւ միջազգային հանրության գործադրած ճնշումներով: Նրա կարծիքով՝ տարածաշրջանում շահերի բախման հետեւանքով վարչախումբը քաղբանտարկյալներին ազատ արձակելու այս քայլով կարծես թե փորձում է «հատուցել իր գործած մեղքերի համար, որոշակիորեն մարել իր պարտքերը»: Բացի այդ՝ «Քաղբանտարկյալներին պահել իշխանական բուրգի համար այլեւս նույն խնդիրը չէ, ինչ որ մեկ տարի առաջ էր: Մեկ տարի առաջ եւ դրանից առաջ, քաղբանտարկյալներին բաց թողնելով՝ նրանք մտավախություն ունեին, որ բուրգը կփլուզվեր: Սկզբունքային խնդիր էր: Հիմա դա կարծես անցած էտապ է: Ավելին, քաղբանտարկյալների գոյությունը վարչախմբի համար բեռ է դարձել: Ինչքան շուտ ազատեն, այնքան իրենց բեռը կփոքրանա, այնպես որ, առաջիկայում գործընթացը կշարունակվի եւ ավարտին կհասցվի»,- վստահ է նախկին քաղբանտարկյալը: Պետրոս Մակեյանը, սակայն, խնդիր է տեսնում Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու հարցում, քանի որ գտնում է, որ նրանց հետ կապված վարչախումբն «առանձնահատուկ մոտեցում» ունի: Ինչեւէ, համոզված է, որ նրանք էլ ազատ կարձակվեն, բայց գուցե մի փոքր ավելի ուշ:
«Առավոտի» դիտարկմանը՝ արդյոք իշխանական բուրգն այժմ ավելի՞ ամուր եւ կուռ է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն այլեւս վտանգ չի ներկայացնում նրա համար, պարոն Մակեյանը հակադարձեց, որ բուրգն ամեն օր է թուլանում, քանի որ նրա հիմնասյունը թալանն է, բայց այն մտավախությունը, որ քաղբանտարկյալներին բաց թողնելով ընդդիմադիր շարժումն ավելի կուժեղանա եւ թափ կառնի՝ այսօր արդեն, իրենց կարծիքով, ազդեցություն ունենալ չի կարող. «Բուրգն ինչի՞ հաշվին պետք է ուժեղանա, երբ ե՛ւ հատկապես ներսում, ե՛ւ դրսում իրենք անցել են սանձարձակության բոլոր սահմանները: Իշխանական բուրգը բուտաֆորիայի նման է եւ ցանկացած պահի կարող է փլուզվել»: Ի դեպ, վերջին կադրային փոփոխությունները մեր զրուցակիցը հենց այդ համատեքստում է դիտարկում. «Պարզունակ կլինի մտածել, որ ինչ-որ տղայի ծեծելու համար կարող էին քաղաքապետ փոխել: Դա ինչ-որ ներքին խմորումների, բանդայի ներքին շարժերի հետեւանք է, ու այդ գործընթացը, կարծում եմ, դեռ շարունակություն կունենա: Դժվար թե իրենք կարողանան վերահսկել եւ կանխել այդ գործընթացը»: Արդյոք այս զարգացումներն արտահերթ ընտրությունների նախադրյալնե՞ր են, ինչի մասին անընդհատ խոսում են ընդդիմադիրները: ՀԱԿ անդամ կուսակցության նախագահը կարծում է, որ այս գործընթացները կարող են նպաստել արտահերթ ընտրությունների, բայց այդ հանգրվանին պետք է բերեն ընդդիմադիր քաղաքական ուժերը, մասնավորաբար ՀԱԿ-ը՝ իր 18 կուսակցություններով եւ առաջին նախագահի գլխավորությամբ: «Եթե ընդդիմադիր քաղաքական այս ուժը որոշի, որ գործընթացները պետք է արագացնի, կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները հեռու չեն լինի: Բայց հույս ունենալ, որ ավազակախմբի այս ներքին զորաշարժի հետեւանքով կարող ենք արտահերթ ընտրությունների հասնել,… կարծում եմ՝ նույնիսկ բացառված է»,- ասում է Պետրոս Մակեյանը: Հարցին՝ ՀԱԿ-ում խնդիրը բարձրացրե՞լ եք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ տեսակետին Կոնգրեսում լավատեղյակ են, տարբեր հանդիպումներում ես առիթ ունեցել եմ այն ներկայացնելու: Բայց ինձ համար ընդունելի է նաեւ հիմնավորումը, որ պահը պետք է ճիշտ ընտրել: Հույս ունեմ, որ ընտրության պահը մոտենում է»: Ի դեպ, ընդդիմադիր ասելով Պետրոս Մակեյանը շեշտեց միայն ՀԱԿ-ին: «Առավոտի» հարցին՝ իսկ «Ժառանգությո՞ւնը», նա հակադարձեց. «Ժառանգությունն» իր էությամբ, կարծում եմ, եւս ընդդիմություն է, բայց այս փուլում կարծես չեն ցանկանում իրենց ներդրումը, մասնակցությունն ունենալ: Չգիտեմ՝ պատճառը որն է, բայց եթե «Ժառանգությունը» նաեւ ՀՅԴ-ին է կապում՝ գործընթացն արդեն դառնում է կեղծ: Չնայած առանց այդ էլ Դաշնակցության դեմքը պարզ էր, բայց կուսակցական վերջին միջոցառումներին Սերժ Սարգսյանի մասնակցությունը շատ բանի մասին է խոսում: Ու եթե «Ժառանգությունը» ՀՅԴ-ին իր հետ քարշ է տալիս՝ ծանր քարի նման, ուրեմն ինքն էլ չի ուզում մասնակից լինել ժողովրդի համար անհրաժեշտ գործընթացներին»:
Ամանորի նախաշեմին մեր զրուցակիցը ցավով փաստում է, որ անընդհատ կարծես «նույն ցիկլի» մեջ ենք ընկնում, բայց մաղթում է համբերություն, հույս, հավատ, որ կարողանանք հաղթահարել անցյալը. «Գալիք տարին մեր ժողովրդի համար թող լինի իրական ձեռքբերումների տարի, որ մարդիկ այս երկրում ապրեն արժանապատվության զգացումով, ոչ թե տնվորի կարգավիճակով: Նույնիսկ իշխանամերձ օլիգարխներն իրենց սանձարձակ բարքերով եւ ամեն ինչով հանդերձ էլի տնվոր են: Այսինքն՝ այս երկրում տիրոջ կարգավիճակ ձեռք բերենք, եւ 2011-ը թող այդ հոգեբանության վերականգնման տարի լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել