Ապրումներն ու զգացողությունները՝ գիրք-ալբոմում
Գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում եւ Մոսկվայում: Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ այլուր: Արվեստագետի շատ նկարներ պահպանվում են մշակութային ֆոնդերում եւ անհատական հավաքածուներում: Դեկտեմբերի 16-ին «Ակադեմիա» պատկերասրահում կկայանա Խ. Հարությունյանի գրաֆիկական աշխատանքների եւ «Գիրք» ալբոմի շնորհանդեսը: Գրքում, որի բնաբան է ընտրված «…Թափառականը երբեք չի մոլորվում» տողը, նրբին բանաստեղծություններ են, ինքնատիպ պատառիկներ նոթատետրից: Գրող, հրապարակախոս Ռոմիկ Սարդարյանը Խ. Հարությունյանին անվանում է ինքնազննման ճամփորդ: Ասում է. «Խաչիկ Հարությունյանի նկարչությունն ու պոեզիան միաձույլ են՝ ինչպես հանքն ու հանքաքարը, ինչպես վեմն ու կառույցը: Արգասաբե՞ր է, արդյոք, հանքը, հոգեւո՞ր է արդյոք կառույցը……Դրանց մեկնությունները պիտի փնտրել իր նկարչական գաղտնագրերում եւ պոետական տողատակերում»: Բանաստեղծ- նկարչի որոնումների առանցքում այն մաքրությունն է ու անմեղությունը, որ այսօր շատ է պակասում աշխարհին: «Տեսնես որտե՞ղ է / հրեշտակի բույնը…/Ուզում եմ հյուր գնալ/ ու մի կուշտ հարբել/ սեր խոստովանել/ ու անուշ քնել/ թեւերի շուքում/ Տեսնես որտե՞ղ է/բույնը հրեշտակի»,- գրում է նա: Հարությունյանը հրաշալի բանաձեւել է արարելու հոգեվիճակը. «Գիշերը ժամանակի ստվերն է……Երբ ես ինձ զգում եմ ժամանակից դուրս, ստեղծագործական վիճակը բացահայտվում է: Նկարի ծնունդն ինձ հեռացնում է իրականությունից, որը բառերից դուրս է ու…ժամանակից»: Եվ անորոշությունն է «բառավորված» գիրք-ալբոմում. «Անհնար է ազատվել անորոշությունից: Կապերը, որոնցով ապրում եմ, այնքա՜ն պայմանական են, որ գոյության ընթացքում առավել հիմնովին եմ հաստատվում իմ միայնության մեջ, որը շրջապատված է անձեւ ու աննյութ ցանկապատով եւ որից այնկողմ ոչինչ չի երեւում»: Իսկ ի՞նչ են պոեզիան ու նկարչությունն ի վերջո, հանուն որոնց արվեստագետները հրաժարվում են երկրային շատ բարիքներից: Խաչիկ Հարությունյանի ձեւակերպմամբ. «Պոեզիան այն տունն է, ուր փորձում են ապրել մարդիկ… Իսկ նկարչությունն այն հիմքը, որի վրա կառուցվում է այդ տունը»: