Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրանակերտը՝ ուսանողների աչքերով

Դեկտեմբեր 15,2010 00:00

«Ազատ Արցախը ողջունեց մեզ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի ուսանողներին». այս նախաբանով երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց «Մենք Տիգրանակերտում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր «Տիգրանակերտին աջակցողներ» ուսանողական ակումբը: Ուսանողների նախաձեռնությունը ողջունելով՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշեց. «Հինգ տարի առաջ այս օրը Ադրբեջանի հրամանատարության ներքո իրականացվեց Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, ինչը մեզ համար յուրահատուկ դաս պիտի լինի: Իսկ Տիգրանակերտը մի գործընթաց է, որը հակադրվում է, այսպես կոչված, ջուղայականությանը: Տիգրանակերտը ամեն ինչ անում է, որպեսզի մեզ միավորի ու ոգեւորի: Այս նախաձեռնությունը մի ուսանողական հայացք է դեպի Տիգրանակերտ, որը ավելի ռոմանտիկ է, քան մերը»:

Ուսանողները ցուցադրեցին «Մենք՝ Տիգրանակերտում» ֆիլմը, որտեղ հավերժացրել էին Տիգրանակերտի այս տարվա պեղումների ողջ ժամանակագրությունը՝ այն համեմելով ժամանցային հատվածներով: Ֆիլմի դիտումից հետո հյուրերն ու մասնակիցները լուսանկարների միջոցով հաղորդակից դարձան Արցախի Տիգրանակերտում արշավախմբի անցկացրած առօրյային՝ վաղ միջնադարյան եկեղեցու, միջնաբերդի պեղումներից մինչեւ ելակի ու կաղինի բերքահավաք:

ԵՊՀ մշակութաբանության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Ռայա Սարգսյանը Տիգրանակերտում անցկացրել է 40 օր: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց. «Գիտեինք, որ ցուցահանդեսը չի կարող լինել գիտական, քանի որ մասնագետները մեզնից առաջ նման բազում ցուցահանդեսներ էին կազմակերպել, ուստի փորձեցինք ներկայացնել Տիգրանակերտում մեր առօրյան: Այնտեղ անցկացրած օրերի շնորհիվ սկսեցի սիրել հնագիտությունը: Իսկ արցախցիների հետ շփումն ինձ համար մի առանձին հետաքրքրություն էր»:

Ֆիլմի հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Անի Կոստանդյանն էլ պատմեց. «Տեսախցիկն այնքան հին ու ծանր էր, որ դժվարությամբ էի նկարում: Սկզբում պարոն Պետրոսյանը չէր հավանում իմ նկարահանած կադրերը ու ինքս ինձ մտածում էի՝ մի՞թե մի լուրջ բան չեմ կարող անել, մանավանդ որ մինչեւ այդ Տիգրանակերտի մասին ոչ մի հաջողված ֆիլմ չկար»: Խոսելով Տիգրանակերտում առօրյայի մասին, Անին հավելեց. «Եթե չմասնակցեի պեղումներին, գուցե մտածեի, թե այն, ինչ պատմում են Տիգրանակերտի մասին՝ չափազանցված է: Մինչ այնտեղ գնալը փոքր-ինչ վախենում էի՝ ինչպե՞ս եմ ապրելու այդքան գիտնականների, անհատականությունների հետ: Իրականում ամեն ինչ ավելի հեշտ էր ու հաճելի, հենց Տիգրանակերտում էլ որոշեցի զբաղվել հուշարձան-հասարակություն փոխհարաբերություններով»: Ցուցահանդեսը առաջիկայում կհյուրընկալվի ԵՊՀ պատմության թանգարանում, Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել