Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2011թ. հունվարի 24-28- ը Ստրասբուրգում կայանալիք ձմեռային նստաշրջանի աշխատանքային առաջին օրը քննարկվելու է Ադրբեջանում նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: APA-ի փոխանցմամբ, այդ հարցի քննարկումը տեղի է ունենալու հունվարի 24-ին: Այդ օրը Վեհաժողովի բյուրոն եւ մշտական հանձնաժողովը կքննարկեն Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններում առաջընթացի վերաբերյալ հարցը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ Տադեուշ Իվինսկին, որը հետեւել է ադրբեջանական ընտրությունների ընթացքին, զեկույց է ներկայացնելու նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Նիստում լսվելու է նաեւ Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում քննարկվելու են նաեւ լրագրողական տեղեկատվության աղբյուրների պաշտպանության, ԵԽ բարեփոխումների, «Արեւելյան գործընկերություն» ծրագրի եւ դրա՝ Արեւելյան Եվրոպայում տնտեսական զարգացման վրա ազդեցության, Կոսովոյին, Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, Բեռնի կոնվենցիայի կատարմանը եւ այլնին առնչվող հարցեր: