Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կովկասցիները զինվում են Մոսկվա գնալու համար

Դեկտեմբեր 15,2010 00:00

\"\"Ագրեսիվ տրամադրված երիտասարդները կարող են դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում տեղի ունեցածի նման նոր ջարդեր իրականացնել Մոսկվայում: Մայրաքաղաքի ոստիկանությունը ստուգում է չորեքշաբթի օրը կայանալիք փողոցային, այդ թվում՝ «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնի եւ Կուրսկ երկաթուղային եւ մետրոյի կայարաններում, ակցիաների անցկացման հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը: «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնում արդեն հայտարարել են, թե չեն վախենում ավերածություններից, բայց բոլոր դեպքերում պատրաստ են դիմագրավել խուլիգանների գործողություններին:

Տեղեկություններ են շրջանառվում Կովկասից Մոսկվա եկող երիտասարդների խմբերի մասին, որոնք մտադիր են վրեժ լուծել Մանեժնայա հրապարակում ազգայնականների կողմից կովկասցիների դեմ կիրառված բռնարարքների համար: Կովկասցիների կողմից նաեւ իրենց հայրենակիցներին ուղղված՝ զինվելու կոչեր են հնչեցվել: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ուժային կառույցները առայժմ ստուգում են այդ տեղեկությունների հավաստիությունը: ՌԴ ՆԳՆ ստորաբաժանումները բերվել են պատրաստության բարձր աստիճանի: Սոցիալական շատ կայքեր, նաեւ ֆուտբոլային ֆանատներ ու համայնքային միություններ կոչ են անում՝ չտրվել ծայրահեղականների սադրանքներին եւ միջէթնիկ թշնամություն չսերմանել:

Ընդսմին, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, անցած շաբաթ օրը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում տուժել են հայազգի երկու 15-ամյա պատանիներ՝ Գագիկն ու Ռուբենը, որոնք համադասարանցիներ են եւ երկու ռուս պատանիների, ադրբեջանցի եւ վրացի ընկերների հետ միասին դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում գտնվող սրճարաններից մեկում նշելիս են եղել Գագիկի ծննդյան օրը: Երբ նրանք դուրս են եկել սրճարանից, նրանց վրա անմիջապես հարձակվել է շուրջ 100-հոգանոց մի ամբոխ: Գագիկի ռուս ընկերները փորձել են օգնել իրենց դասընկերներին, եւ ամբոխը հարձակվել է նաեւ սլավոնական արտաքին ունեցող այդ տղաների վրա: Պատանիներին փրկել են ոստիկանները. տղաները ստիպված են եղել ամբոխից թաքնվել շտապօգնության մեքենայի տակ. այդ կադրերը կան YouTube-ում, դրանք ցուցադրել են նաեւ ՌԴ հեռուստաընկերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել