Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսրայելը պատրաստ է շարունակել բանակցությունները

Դեկտեմբեր 15,2010 00:00

Իսրայելը պատրաստ է քննարկել պաղեստինցիների հետ բանակցությունները վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր հարցերը՝ մերձավորարեւելյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն՝ Մերձավոր Արեւելքի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Սպիտակ տան ներկայացուցիչը տարածաշրջան է այցելել իսրայելցիների եւ պաղեստինցիների հետ առանձին-առանձին խորհրդակցություններ վարելու համար՝ խաղաղ գործընթացը հերթական անգամ փակուղուց դուրս բերելու նպատակով: Միտչելը տարածաշրջան կատարած այցից առաջ հայտարարել էր, թե երկու կողմերն էլ ուղիղ բանակցությունների ժամանակ պայմանավորվել են համատեղ հասնել շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, որը որոշակիացնելու է բոլոր հիմնական հարցերի առնչությամբ փոխզիջումների հիմք հանդիսացող կետերը եւ դառնալու է վերջնական խաղաղ համաձայնագրի ուղղությամբ կատարված եւս մեկ քայլ:

Միաժամանակ, Միտչելը խոստովանել է, թե դրան հասնելը հեշտ չի լինելու, քանի որ կողմերի միջեւ կան էական եւ մշտական հակասություններ:

Դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով, ԱՄՆ-ն Իսրայելից ակնկալում է՝ հստակեցնել դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության առանցքային խնդիրների շուրջ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ապագա սահմաններին, Երուսաղեմի կարգավիճակին, պաղեստինցի փախստականների վերադարձին, անվտանգության հարցերին, հրեական բնակավայրերի ճակատագրին եւ ջրային ռեսուրսների բաշխմանը:

Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցությունները վերսկսվել էին ԱՄՆ-ի հովանու ներքո՝ այս տարվա սեպտեմբերին եւ շուտով ընդհատվել էին Իսրայելի կողմից Հորդանանի արեւելյան ափին հրեական բնակավայրերի շինարարության վերսկսման պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել