«Առավոտը» տեղեկություններ ուներ, թե Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը պատրաստվում է իր արձանը տեղադրել համալսարանի առաջ, որը ինքն է հիմնադրել: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում պարոն Մակիչյանը հերքեց լուրը. «Ես Մարքսն ու Լենի՞նը չեմ, որ արձանս տեղադրեմ իմ հիմնադրած բուհի առաջ, հետո՞ ինչ, որ գործ եմ արել… Եթե մեկը այդպիսի բան անի, ես կծիծաղեմ, բացի այդ, ես այդ տիպը չեմ»: Ավելի ուշ, Հյուսիսայինի ռեկտորն ասաց, որ ժամանակին ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իրեն առաջարկել է հայ-հունական բարեկամությունը խորհրդանշող արձան դնել ու ինքը դեմ չի եղել: «Եթե ճարտարապետները հարմար կգտնեն, թող լինի, մանավանդ՝ մենք մասնաճյուղ ունենք Ալավերդիում, որտեղ հույներ են ապրում: Բայց մինչեւ հիմա Շարմազանովը որեւէ բան չի արել այդ ուղղությամբ»,- հավելեց նա: