Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կհրաժարին իրենց պաշտոնեն, բայց ոչ ծեծելու մակարդակի»

Դեկտեմբեր 15,2010 00:00

Համեմատություն՝ արտերկրի եւ Հայաստանի պաշտոնյաների հրաժարականների միջեւ

«Ամերիկայում հայ երիտասարդության վրա ճնշում կա, ամենուր նրանց ազգային հարցերեն կհեռացնեն, կուզեն, որ մտնեն Ամերիկայի կյանքին մեջ, մոռնան իրենց լեզուն, մշակույթը»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց ԱՄՆ Արեւմտյան Ամերիկայի հայ երիտասարդական միության ատենապետ Սերուժ Աբրահամյանը: Նա ու դաշնակցական շատ սփյուռքահայեր Հայաստան են եկել՝ մասնակցելու դեկտեմբերի 10-12-ը ՀՅԴ երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովին: «Մշակութային հարցերով շատ պիտի զբաղվենք, ձեռնարկներ կազմակերպենք, որ հայ երիտասարդները պարզապես իրարու հետ ծանոթանան: Դժվարությունները շատ են, արեւմտյան երկրներուն մեջ ձուլումն ավելի շատ է, եւ ամեն հնարավոր միջոց՝ Youtube ու Facebook կօգտագործենք, որ մեր գործունեությունը ծավալենք»,- ասաց Ս. Աբրահամյանն ու հավելեց, որ սփյուռքում հայ երիտասարդների շրջանում օրեցօր ավելանում են խառն ամուսնությունները:

ԱՄՆ արեւմտյան շրջանի պատանեկան միության վարիչ մարմնի անդամ Մարիթա Մեծաչյանը նշեց, որ ինքը նշանվել է հայի հետ, ում հանդիպել է հայկական հավաքներից մեկի ժամանակ: Նրա կարծիքով՝ ազգային միջոցառումները խթան են հանդիսանում, որ հայերն իրար հետ ծանոթանան, շփվեն. «Երբեմն հայ երիտասարդները բնավ հայ ընկերներ, ընկերուհիներ չունին, կծանոթանան ուրիշ հայերու հետ մեր ակցիաների ժամանակ»:

Կանադայի կենտրոնական վարչության երիտասարդական միության ատենապետ Հարութ Մանուկյանի խոսքով՝ Կանադայում խառն ամուսնությունները մեծ թիվ չեն կազմում. «Ես հայու հետ պիտի ամուսնանամ, բայց նրանք, որ օտարու հետ են ամուսնանում, իրենց զավակները իբր հայ են մեծացնում, տանում հայկական վարժարաններ»:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Միքայել Խոսրովյանը, անդրադառնալով խորհրդաժողովի արդյունքներին, նշեց. «Խորհրդաժողովից պարզ դարձավ, որ խնդիրները մեզ մոտ նույնն են: Թե՛ Կանադայի, թե՛ Լիբանանի ուսանողական միությունների ներկայացուցիչները բարձրացրին երիտասարդների շրջանում տիրող անտարբերության հարցը»:

Մ. Մեծաչյանը նշեց, որ իրենց հիմնական աշխատանքը տարվում է հայապահպանման ուղղությամբ, կազմակերպում են արշավներ, ճամբարներ. «Գործ կընենք նաեւ օտար դպրոցներու մեջ, բայց ընդհանրապես պատանիներու համար հայկական բաները երկրորդական են»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանի կարծիքով, այսօր սփյուռքի նախարարությունը «դրսում» չի դիտվում որպես հեռահար, ռազմավարական նպատակներ հետապնդող կառույց: Հարցին՝ երիտասարդ սփյուռքահայերը տեղյա՞կ են հայաստանյան անցուդարձին եւ, մասնավորապես, իրենց այցելության օրերին Երեւանի նախկին քաղաքապետի հետ կապված միջադեպին, Հարութ Մանուկյանն արձագանքեց. «Թող Հայաստանին ժողովուրդը չկարծե, որ սփյուռքին մեջ քաղաքական կառավարության հետ սկանդալներ չեն ըլլալ: Կանադայի մեջն էլ կպատահի, որ շատ նախարարներ կհրաժարին իրենց պաշտոնեն, բայց ոչ ծեծելու մակարդակի»: Ս. Աբրահամյանի խոսքով՝ իրենց հետաքրքրում է հատկապես Հայաստանի սոցիալական վիճակը:

Մ. Խոսրովյանը խոսեց քաղաքականացված ուսխորհուրդներից. «Չի կարելի Հայաստանում գործող բուհերի ամբողջ բազան բաժանել երկու հատվածի՝ «Բարգավաճ» եւ «Հանրապետական», դա նորմալ երեւույթ չէ: Օրենք կա՝ բուհերում քաղաքական գործունեությունն արգելված է, բայց ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները զինանշանով մտնում են բուհ, դա ինքնին քարոզչություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել